Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պատասխանը Չեմբեռլենին

Հուլիս 04,1998 20:19

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրայի վերջին հայտարարություններն առաջացրին մեր ԱԳՆ-ի դժգոհությունը: Այդ գերատեսչության խոսնակ Արսեն Գասպարյանը, կարծում ենք, իրավամբ մեղադրեց դեսպանին դիվանագիտական էթիկան խախտելու մեջ: Իսկապես, պրն Լեգրայի դատողությունները ՀՀ նախագահի դիրքորոշման եւ Հայաստանի մեկուսացման վերաբերյալ կարող են լուրջ հետեւանքներ ունենալ: Սակայն դիվանագիտական վերջին զարգացումները որոշ չափով նաեւ օգտակար էին, քանի որ հասկանալի դարձրին ղարաբաղյան հարցում մեր երկրի պաշտոնական տեսակետը, որն առ այսօր հստակորեն չէր ձեւակերպվում:

Պարզվում է, որ այդ դիրքորոշումն էական փոփոխություններ չի կրել. մենք առաջվա պես չենք պնդում Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանի հետ վերամիավորումը, մենք առաջվա պես գտնում ենք, որ «ստատուս քվոյի» սառեցումը ձեռնտու է Ադրբեջանին եւ առաջվա պես պատրաստ ենք ազատել Ղարաբաղից դուրս գտնվող գրավված շրջանները, բացի Լաչինից եւ Քելբաջարից: Սակայն մյուս կողմից նախընտրական խոստումների բեռն այնքան ծանր է, որ այդ ամենին զուգահեռ անհրաժեշտ են ինչ-որ կարծր քայլեր եւ հայտարարություններ: Մեր պատասխանը Չեմբեռլենին, մի խոսքով:

Երբ 97-ի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանն առաջարկեց լուծել հարցը հայտնի փոխզիջումների միջոցով, դա հիմնականում ընդունվեց համաշխարհային հանրության կողմից, սակայն Հայաստանի լայն հասարակայնությունը, ազգասեր մտավորականների գլխավորությամբ, այն խստորեն դատապարտեց եւ խարազանեց: Ենթադրում ենք, որ այսօր էլ համաշխարհային հանրությունն առանձնապես տագնապելու կարիք չունի, որովհետեւ, ըստ էության, մենք պատրաստ ենք գնալ նույն փոխզիջողական ճանապարհով: Մյուս կողմից, բարեբախտաբար, Հայաստանի լայն հասարակայնության հետ նույնպես խնդիրները լուծված են: Այժմ նա վստահ է, որ մեր դիրքորոշումը ամենեւին էլ պարտվողական չէ, այլ ընդհակառակը՝ կարծր է եւ անզիջում: Իհարկե, կարծր է, եթե այդքան աշխույժ լեզվակռվի մեջ ենք մտել Ֆրանսիայի դեսպանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031