Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ. ԽՈՀԵՐ ՔԽ-Ի ՄԱՍԻՆ

Հուլիս 07,1998 12:57
Hrant Xachatryan

«Արդարություն եւ միասնություն» համագործակցության հերթական նիստը, ինչպես եւ նախատեսված էր, տեղի ունեցավ երկուշաբթի։ Հուլիսի 6-ին ԱՄՀ-ի նիստերի գումարման մշտական վայրում՝ Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության գրասենյակում հրավիրված ժողովն ավելի բազմամարդ էր, քան նախորդը։ Պատճառն ամենեւին էլ այն չէ, որ ապաքինվել եւ, ի տարբերություն նախորդ նիստի, այս անգամ մասնակցում էր նաեւ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության գործադիր քարտուղար Սուսաննա Պողոսյանը։

Նիստի մասնակիցների քանակը շատ ավելի մեծ էր նաեւ այն պատճառով, որ այնտեղ էին նախագահի խորհրդականներ Վահան Հովհաննիսյանն ու Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Հարություն Կարապետյանը։ Իսկ դա պատահել է այսպես՝ ԱՄՀ-ի նախորդ նիստում տեսակետ է եղել, թե ԱՄՀ-ի անդամ նախագահի բոլոր խորհրդականները պետք է մասնակցեն նիստերին։ Նրանց հետ նաեւ՝ կուսակցական այն պատասխանատուները, ովքեր կարեւոր պաշտոններ են ստանձնել նոր կառավարության մեջ։ Իսկ կուսակցությունները, այս հավաքին եւս, ներկայացել էին ԱՄՀ-ում իրենց մշտական կազմով։

Ըստ էության, քննության առնված խնդիրները հիմնականում վերաբերել են ստեղծվելիք Քաղաքական խորհրդի կանոնադրությանը, կազմին, քարտուղարության աշխատանքի կազմակերպմանը, ինչպես նաեւ մատնանշվել են այն ֆունկցիոնալ ուղղությունները, որոնք նախընտրելի են դիտվում։

Լուրջ քննարկում է եղել Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնի խնդրի շուրջ։ Ըստ էության ձեւավորվել է ընդհանուր տեսակետ, թե Քաղաքական խորհրդում կուսակցությունները պետք է ոչ թե հերթականությամբ նախագահեն, այլ՝ այդ իրավունքը զիջեն ու վերապահեն հանրապետության նախագահին։ Այլ է Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի խնդիրը։ Այդ պաշտոնի ամենալուրջ հավակնորդը (ասենք, որ այլ հավակնորդ էլ չկա), ոչ այլ ոք է, քան Քաղաքական խորհուրդ կառույցի հիմնադրման գաղափարախոսը։ Ճի՛շտ եք կռահում, խոսքը ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի (լուսանկարում) մասին է, որը շուտով ոչ միայն ՍԻՄ-ի նախագահ չի լինի, այլեւ՝ ՍԻՄ-ի շարքային անդամ։ Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ենթադրել, թե ՍԻՄ-ում հակամարտություն է հասունանում՝ սխալվում են չարաչար։ Պարզապես, պայման է դրվել, որ Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղարի պաշտոնն ստանձնող անձը սառեցնի իր անդամությունն այն կուսակցությունում, որում ընդգրկված է։ Հրանտ Խաչատրյանը, ըստ մեր տեղեկությունների, համաձայն է։

Հաջորդ հարցը, որ ուշադրության է արժանացել արդարության եւ միասնության կողմնակիցների կողմից, վերաբերել է… Քաղաքական ռեբուսների սիրահարներն անգամ չեն կարողանա կռահել, որ խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է։ Եվ գիտե՞ք, թե ինչու է նա արժանացել «Արդարության եւ միասնության» ուշադրությանը։ Որովհետեւ՝ ինչպես նշվել է, վերջերս մամուլում շատ են հարձակումները Րաֆֆի Հովհաննիսյանի վրա։ Բացի այդ, որոշակի լարվածություն կա նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում։ Արդարության եւ միասնության կողմնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցելու խնդիր են առաջադրել, սակայն, կարծես, այդօրինակ մոտեցումն ընդհանուր հավանության չի արժանացել։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031