Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՋԱԶՄԵՆՆԵՐԻ 12 ՏԱՐԻ ՍՊԱՍԱԾ ԵՐԱԶԱՆՔԸ

Հոկտեմբեր 09,1998 00:00
Malxas

Հայաստանում ջազային երաժշտության փառատոն վերջին անգամ տեղի է ունեցել 1986 թվականին։ «Արդեն 12 տարի երազում էինք, որ Հայաստանում ջազ փառատոն կազմակերպվի։ 1986-ից հետո պատերազմ, երկրաշարժ, մթության տարիներ եղան եւ չկարողացանք որեւէ բան կազմակերպել»,- ասաց ջազմեն Լեւոն Մալխասյանը, որին միշտ հետապնդել է ջազ-ակումբ ունենալու եւ փառատոն կազմակերպելու երազանքը։ Փառատոն կազմակերպելու միտքը ծագել է «Պապլավոկի» Նուշիկյան հարկաբաժնում, ուր հերթական անգամ ներկա են եղել պետական բարձրաստիճան այրեր։

Ըստ Մալխասի, կառավարության ներկայացուցիչների որոշ մասը ցանկություն է հայտնել աջակցել հայ ջազային երաժշտությանը, եւ ինքը՝ Մալխասը, առաջարկել է ջազ փառատոն կազմակերպել։ Հարցիս, թե պետությունն ինչո՞վ է աջակցում ջազ փառատոնին, Մալխասն ասաց՝ «ոչնչով»։ «Պետության աջակցությունն արտահայտվում է դեմ չլինելո՞վ»՝ հարցիս, սակայն, Լեւոն Մալխասյանն այսպես պատասխանեց. «Նախ՝ դեմ չեն, երկրորդ՝ փառատոնի կազմկոմիտեի նախագահը Արմեն Դարբինյանն է, կազմկոմիտեի անդամ է նաեւ քաղաքապետը։ Նրանք իրենց համաձայնությունը տալով եւ միջնորդ դառնալով հովանավորների եւ մեր միջեւ, մեծ աջակցություն ցուցաբերեցին փառատոնին։ Եթե այդ գումարները չունենայինք, բնականաբար, փառատոնի մասին խոսք լինել չէր կարող»։

Փառատոնի հիմնական կազմակերպիչները «Ջազ-Art» կազմակերպությունը, որի նախագահը Լ. Մալխասյանն է, եւ «Նուշիկյան» ասոցիացիան են։ Փառատոնին աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ «Երեւան-98» ջազ փառատոնը նվիրվում է Հայաստանում ջազի ստեղծման 60-ամյակին։ Համերգների ամբողջ հասույթը փոխանցվելու է աղետի գոտի։ Հրավիրված ջազ խմբերի մեծ մասի այցելությունը Հայաստան, առաջին անգամ է լինելու։ Դրսից եկող երաժիշտները, որոնք բարձր հոնորարներով եւ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այնուամենայնիվ, համաձայնեցին մասնակցել՝ իրենց ժամանակի մեջ եղած փոքրիկ ճեղքերի հաշվին։ Հայաստանի խմբերից փառատոնին մասնակցելու են 11-ը, ինչը, ըստ Մալխասի, «Երեւանի պես փոքր քաղաքի համար բավական մեծ թիվ է»։

ԱՄՆ-ից գալու է հանրահայտ «New York Voices» խումբը։ Խմբի հայ երգչուհի Քիմ Նազարյանի շնորհիվ միայն հայ հանդիսատեսը կարող է Երեւանում ունկնդրել նրանց կատարումները։ Նյույորքյան «Across 7 Street» քառյակում հանդես է գալու Խալիլ Մադին, որի մասին ջազի սիրահարներն ու քննադատները գրում են՝ «ջազի կենդանի լեգենդ»։ Հետաքրքիր են լինելու նաեւ «Night Ark» քառյակի Արեւելքի ոգով լի ստեղծագործությունները։ Այդ խմբի առաջնորդ Արա Դինքջյանը համարվում է աշխարհում ուդի լավագույն կատարողներից մեկը։ Իսկ Արտո Թունչբոյաջյանը, որին արդեն ծանոթ է մեր թերթի ընթերցողը, ժամանակին նվագել եւ ձայնագրվել է «ջազի պապաներից»՝ Էլ Դի Մեոլայի եւ Ջո Զավինուլի հետ։ Դաշնակահար Արմեն Դոնելյանը հայ հանդիսատեսին հայտնի է Տաթեւիկ Հովհաննիսյանի համերգներից, բացի այդ, պատմում են, որ Ա. Դոնելյանը նվագել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսին է Սոնի Ռոլինսը։ Երկու խումբ հրավիրված է Նյու Օռլեանից՝ «Ջոնսոն» քառյակը եւ «Թոփսի Չափման» հնգյակը։ Փառատոնի կազմակերպիչները հրավիրել են նաեւ վերջին 10 տարում ԱՄՆ մշտական բնակության մեկնած սիրված երաժիշտներ Դավիթ Ազարյանին, Արտաշես Քարթալյանին եւ Գարի Քեոսոյանին։ Մոսկվայից մասնակցելու են Գեորգի Գարանյանը («Գարանյան» հնգյակը), Ալեքսանդր Զաքարյանը եւ Սերգեյ Մանուկյանը։

-Ռուսական հեռուստատեսությամբ վերջերս Սերգեյ Մանուկյանին ռուսական ջազի լեգենդ կոչեցին,- ասաց Մալխասը՝ ավելացնելով, որ Ս. Մանուկյանն իր առաջին ջազարշավը սկսել է Երեւանից։ Ջազ փառատոնի կազմակերպիչները ջազային երաժշտության երիտասարդ կատարողների (մինչեւ 25 տարեկան) մրցույթ են հայտարարել, որը կայանալու է Երեւանի պետական կոնսերվատորիայում։ Հաղթողը կպարգեւատրվի ոչ միայն լազերային ձայնասկավառակով, այլեւ փառատոնին մասնակցելու հնարավորությամբ։ Ջազ երաժշտության սիրահարներին հայտնի պրոդյուսեր եւ քննադատ Ջորջ Ավագյանն այստեղ ցուցադրելու համար ջազային ֆիլմեր է ներկայացնելու։ Փառատոնին ներկա են լինելու նաեւ Կոնստանտին Օրբելյանը եւ կինոռեժիսոր Ռոման Բալայանը։ Հայաստանի խմբերին եւ անհատ երաժիշտներին կանդրադառնանք փառատոնի ընթացքում։ Այս փառատոնի ամենամեծ նշանակությունը կլինի այն, որ կկատարվի հայ ջազմենների երազանքը, կլսեն իրար, կշփվեն միմյանց հետ, որը գուցեեւ նոր լիցք հանդիսանա երաժշտական այդ ժանրի զարգացման համար։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Վստահ ենք, որ փառատոնից հետո ՀՀ նախագահից ու որոշ նախարարներից բացի, էլի բարձրաստիճան այրեր կգտնվեն, որոնք կսիրահարվեն «ջազին» ու կխոստովանվեն… Իսկ ռոքերներն ու մյուս ժանրերի երաժիշտները թող սպասեն, թե Հայաստանի որերորդ նախագահը կսիրի իրենց երաժշտությունն ու փառատոն կկազմակերպվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031