Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ

Հոկտեմբեր 14,1998 00:00
Armenuhi Kazaryan

Կարեն Դեմիրճյանը խաբված ավանդատո՞ւ

Երեկ Կոմկուսի շենքում (որի՝ մարշալների լուսանկարներով զարդարված եւ կիսալույս ներսը ակումբ էր հիշեցնում) «Հայկանդուխտ» հասարակական-քաղաքական կուսակցությունը լրագրողներին հրավիրել էր ասուլիսի։ Թեպետ վերջիններս երկու-երեքն էին, սակայն դա չխանգարեց, որ կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը հուզված խոսեր «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ հանրապետության նախագահի հրամանագիրը՝ դատավորների որակավորում անցկացնելու համար հանձնաժողով ստեղծելու մասին» թեմայի շուրջ։

Սկզբում նա հաստատեց, որ ուղիղ կապ կա դատավորների եւ ավանդատուների հարցի միջեւ։ Նախ «խաբված ավանդատուներ» կարգավիճակը կապվեց 1994 թ. Բագրատ Ասատրյանին հանրապետության գլխավոր բանկիր նշանակելու փաստի հետ։ «Մեր որակումը հետեւյալն է. ի սկզբանե կատարվեց ռեկետ՝ պետական մակարդակով, կողոպտվեց շուրջ 400 հազարից ավելի ժողովուրդ՝ ընտանիքի անդամների հետ մեկտեղ, որը հետեւանք էր ստեղծված 57 կոմերցիոն բանկերի եւ գրավատների, որոնց ստեղծումն ի սկզբանե անօրինական էր, քանի որ չկար իրավական դաշտ, չկար օրենք՝ գրավի վերաբերյալ, չկար ապահովագրական ֆոնդ։ Արդյունքում դատապարտվեցին բանկիր կոչվածները։ Իսկ ովքե՞ր էին այն ղեկավարները, ովքեր գլխավորում էին այդ կոմերցիոն բանկերը եւ գրավատները. ռեժիսորներ, մի քանի անգամ դատվածներ… Եվ այդ բոլորը Հրանտ Բագրատյանի վարած տնտեսական բարեփոխումների, ռեֆորմների արդյունքն էր…»։

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի հրամանագիրը՝ հանրապետության խաբված ավանդատուների շահերը պաշտպանելու եւ մեղավորներին պատժելու մասին, Ա. Ղազարյանը համարեց «քնաբեր՝ գրված միայն իրենց համար»։ Հայտնի է, որ «Հայկանդուխտը» նախագահական վերջին ընտրություններին պաշտպանել է Սերգեյ Բադալյանի թեկնածությունը, «քանի որ «Հայկանդուխտ» կուսակցությունը հայրենասիրական ուժերի միության անդամ կազմակերպություն է»։ Երկրորդ փուլում կազմակերպությունը պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ «ավանդատուների խնդրանքով»։ Ավելի ճիշտ, ինչպես նշեց Ա. Ղազարյանը, խաբված ավանդատուների հարցի վերաբերյալ՝ Ռ. Քոչարյանի ծրագիրը բավարարել է նրանց պահանջները։ (Ուղեղիս մեջ պտտվում է Ռ. Քոչարյանի մի նախադասությունը այս հարցի առնչությամբ, որով դիմում էր ժողովրդին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Դուք չեք պատկերացնում հարցի գինը…»)։

«Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք մյուս թեկնածուն՝ Կարեն Դեմիրճյանն իր ծրագրով չի բավարարել այս հարցի պահանջները, Ա. Ղազարյանը պատասխանեց, որ մյուսի նկատմամբ վստահություն չկար. «Նա ինքն էլ խաբված ավանդատու է…»։ Եվ նորից հնչեց հռետորական հարցը՝ ո՞ւր էր նա այսքան տարի։ Բայց պատասխան տրվեց, այնուամենայնիվ. «Նա բիզնեսով էր զբաղված…»։

Դատավորների որակավորում անցկացնելու մասին. «Դատավորները վերեւների ցուցումով դատեցին այդ բանկիրներին. հանիրավի դատապարտեցին 12 տարի ազատազրկման, չխորացան, պատճառահետեւանքային վերլուծություն չարեցին… Գործադիր իշխանության կողմից թելադրվում է նրանց կամքը…»։ Տրվեց մի քանի հարց. «Ինչո՞ւ վճռաբեկ դատարանի 13 դատավորները քննություն չեն տալիս, ինչո՞ւ քննություն չեն տալիս պատգամավորները, ինչո՞ւ քննություն չի տալիս արհեստավարժ վարչապետը»։ (Ի դեպ, եթե նախագահը քայլեր չանի՝ վարչապետին հեռացնելու իր պաշտոնից, ապա «Հայկանդուխտը» կպահանջի նախագահի հրաժարականը)։ Իսկ ո՞վ է քննություն վերցնողը։ Եվ հետո՝ «դատավորը ժամանակ չունի քննություն տալու, նրան ժամանակ է պետք՝ պարապելու, կրկնելու…»։

Ի վերջո, կուսակցության պահանջն է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Հրանտ Բագրատյանին, Լեւոն Բարխուդարյանին, Տիգրան Սարգսյանին, Բագրատ Ասատրյանին, դատախազության եւ հարկային տեսչության բոլոր այն աշխատողներին, ովքեր նպաստել են ալան-թալանին։ Գալով Պարույր Հայրիկյանին՝ Ա. Ղազարյանն ընդգծեց, որ նրան մնացել է կնոջ դիմակ հագնել, բայց հայ կնոջ արժանապատվությունը նրան թույլ չի տա այդ անել, չնայած որ նույն հայ կինն արտասահմանում իր մարմինն է վաճառում՝ ընտանիքի համար։ «Իսկ սրանք վաճառել են իրենց հոգին»։

Ավարտենք Ա. Ղազարյանի այն փաստարկով, թե ժամանակին Հր. Բագրատյանը մեղադրում էր Վանո Սիրադեղյանին՝ ժողովրդին կողոպտելու համար, բայց նրան անպատիժ թողեց։ Ուրեմն ամենամեծ հանցագործն ինքն էր, որ կողոպտիչ էր հովանավորում։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031