Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն խաղողից կոնյակ չի ստացվում

Հոկտեմբեր 16,1998 00:00
xaxox

ԱԺ-ի դեմ՝ երեկվա ցույցի պատճառ հանդիսացավ Հրանտ Բագրատյանը։ Դեռեւս ամռան սկզբին նա գյուղացիներին խոստացել էր անսահմանափակ քանակությամբ խաղող ընդունել։ Մինչդեռ արդեն 5-րդ օրն է, որ խաղողի մթերման կետերում հրաժարվում են գյուղացիներից խաղող ընդունել։ «Ձեր խաղողից կոնյակ դուրս չի գա»,- պատճառաբանել են գյուղացիներին։ Գյուղացիները դիմել են մարզպետ Հերոյանին, բայց նա ասել է, որ գործարանը ֆրանսիացիներինն է, եւ նրանց դեմ պետք է բողոքել։ «Այսօր առավոտյան մարզպետ Հերոյանը մեզ ասաց, որ Երեւանի Շահումյանի խաղողի մթերման կետում ընդունելու են։ Եկանք Երեւան, դիրեկտորը մեզ ասաց. «Մարզպետը ղալաթ է արել, մենք խաղող չենք ընդունում»,- պատմեց խաղողագործներից մեկը։

Ճարահատյալ գյուղացիներն էլ իրենց խաղողով բեռնված բեռնատարներով շարվել են քաղաքի կենտրոնում։ Սկզբում որոշել են շրջապատել կառավարության շենքը, բայց, քանի որ կոնյակի գործարանի վաճառքի հարցը այնտեղ վաղուց լուծված է՝ շրջապատել էին ԱԺ-ի մուտքը։ Գյուղացիներն այնտեղ մնացին ընդամենը 2 ժամ, բայց այդ ընթացքում նրանց ներկայացուցիչները հասցրին հանդիպել գյուղնախարար Վլադիմիր Մովսիսյանի հետ։ Պրն Մովսիսյանը խոստացել է, որ վաղը կլինի Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի խաղողի մթերման կետում եւ կհետեւի, որ գյուղացիներից կանխիկ դրամով ընդունվի խաղող։ Գյուղացիներին, որոնք դեռ չէին հասցրել ծանոթանալ եւ մարսել իրենց ներկայացուցիչների խոսքը, խաղողից հագեցած ոստիկանները ստիպեցին նստել իրենց մեքենաները եւ քշել տուն։ «Հերոյանը խաբեց, Երեւան ուղարկեց։ Մովսիսյանն էլ խաբում, տուն է ուղարկում»,- ճանապարհին բողոքեց գյուղացիներից մեկը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031