Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼ

Հոկտեմբեր 23,1998 00:00
Vladimir Nazaryan

Հոկտեմբերի 26-ին կսկսվի «Դատավորների բարձրագույն իրավաբանական որակավորման» հանձնաժողովի մասին օրենքի քննարկումը, որը Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիր Նազարյանը համարում է դատաիրավական բարեփոխումների, Սահմանադրությամբ նախատեսված եռամյա ծրագրի գործնական մասի հիմքը։

Դատաիրավական բարեփոխումներն ընդհանրապես, մեր զրուցակցի ներկայացմամբ, բաղկացած են 2 մասից։ Առաջին՝ նոր ժողովրդավարական պետությանը համարժեք դատարանների կազմավորման եւ դրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի ստեղծում, ինչը այս կամ այն չափով արվել է, եւ երկրորդը՝ դատավորների, դատախազների եւ փաստաբանների ուսուցում, ինչին պետք է հետեւի անհրաժեշտ որակավորումը. «Բայց ուսուցման խնդիրը մենք լրիվ ձախողել ենք՝ 100%-ով»։ Անհրաժեշտ օրենսդրական հիմքի ձեւավորման առումով, ինչպես պրն Նազարյանն է կարծում, «կարելի է մի սատկած երեք նշանակել», որովհետեւ արդեն իսկ ստեղծվել են քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության օրենսգրքերը, ինչպես նաեւ դատարանակազմության, դատախազության, դատավորների կարգավիճակի, փաստաբանական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման եւ այլ օրենքներ, սակայն դեռեւս չունենք քրեական օրենսգիրք, իսկ քրեական կատարողական օրենսգրքի ճակատագիրն էլ անհայտ է։

Ինչ վերաբերում է ուսուցման գործընթացի ձախողմանը, ապա, ինչպես Վլադիմիր Նազարյանն է կարծում, պարտադրվող որակավորումը «ոչ թե քննություն է, այլ գենոցիդ»։ Թեկուզ միայն քաղաքացիական օրենսգիրքը շրջանառության մեջ է դրվել բոլորովին վերջերս. այն բաղկացած է 1293 հոդվածից, ունի նոր բովանդակություն, եւ նոր ինստիտուտներ է ենթադրում։ Իսկ այդ ամենը չիմացող մարդուն, որը խոստովանում է, որ չգիտի, քննություն պարտադրելն իրոք, ցեղասպանություն է, բայց ոչ թե էթնիկական, այլ ինտելեկտուալ հատկանիշով։ Վլադիմիր Նազարյանի գնահատմամբ, հստակեցված չէ անգամ, թե ովքեր են քննություն ընդունելու գործող դատավորներից եւ դատավորների պիտանելիության ցուցակում ընդգրկված մարդկանցից։

Հանրապետության նախագահը ձեւավորել է հանձնաժողով՝ բաղկացած 8-9 հոգուց, որոնցից ընդամենը մեկն է մասնակիորեն իրազեկ, թե ամբողջության մեջ խոսքն ինչին է վերաբերում։ Նա ընդգրկված էր քաղաքացիական եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի մշակման հեղինակային կոլեկտիվում, իսկ մյուսները մասնագետներ չեն. «Ստացվում է, որ 8 օրենսդրություն չիմացող մարդ 1000-1500 օրենսդրություն չիմացող մարդուց քննություն պիտի վերցնի, որպեսզի փաստվի, թե ով ավելի քիչ գիտե օրենսդրությունը կամ ով ավելի չգիտե օրենսդրությունը։ Սա արդեն զավեշտ է։ Բայց սա զավեշտ չէ՝ ողբերգություն է, որովհետեւ ձեւավորում ենք 3 իշխանություններից մեկը՝ դատական համակարգը»։ Դրա հետեւանքը, Վլադիմիր Նազարյանի խոսքերով, լավ էլ կանխատեսելի է։ Ուստի Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունն առաջարկում է կազմակերպել մասնագիտական ուսուցում, որից հետո ամենադաժան քննություն անցկացնելով, տալ դատավորի, դատախազի եւ փաստաբանի առաքելություն իրականացնելու արտոնագիր։

Վլադիմիր Նազարյանն ամբողջապես մերժեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծի նախնական տարբերակը, որը «կառուցված էր այն կանխավարկածի վրա, եթե դատավորի պաշտոնի ակնկալիք ունենալն արդեն ինքնին ավարտված հանցագործություն է»։ Այդ պարագայում, Վլադիմիր Նազարյանը կարծում է, որ որակավորող հանձնաժողովում պետք է ընդգրկել բացառապես քրեական հետախուզության պաշտոնյաների, իսկ եթե հակառակը, ապա դա ենթադրում է, որ դատավորի կարգավիճակի մասին օրենքում լրացում կատարվի. «դատավորները պարտավոր են մինչեւ 2000 թվականի հունվարի 1-ը քննություն հանձնել ամբողջ օրենսդրության ծավալով եւ ստանալ արտոնագիր։ Այդ ժամկետում քննություն չհանձնած եւ արտոնագիր չստացած մարդիկ, Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով, հետ են կանչվում իրենց զբաղեցրած պաշտոնից»։

Իսկ թե սա ինչի այլընտրանքն է, դատեցեք ինքներդ. «Առաջարկվում էր 50 խնդիր օրենսդրության 5 ճյուղից (Սահմանադրական իրավունք, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, քրեական, քրեադատավարական ոլորտներ), որոնք պետք է պահվեն սրբերի չհրկիզվող պահարաններում։ Հավանաբար այդ սուրբն արդարադատության նախարարն է, մի հոգի էլ կա, որի անունն ինքը չի տալիս։ Ուրեմն՝ այդ 50 խնդիրը պիտի բերեն ու 1200 հոգու քննեն։ Եթե դրանք մեկի ձեռքն ընկնեն, պատկերացրեք այդ 50 խնդրի կոմերցիոն արժեքը»։

Ըստ էության, նշանակվելու է ընդհանուր թվով 140-150 դատավոր, իսկ այդ նշանակումներից գոյանալիք գումարի մասին Վլադիմիր Նազարյանը մոտավորապես այսպիսի պատկերացումներ ունի. «Տարբեր լուրեր կան, համենայնդեպս, ընդհանուր գումարը կգերազանցի Կոնյակի գործարանի գործարքը։ Դա իմ սուբյեկտիվ մտածողությունն է՝ որպես հին դատախազի։ Հույս ունենք այդ ամենին դիմագրավել։ Եթե չհաջողեցինք, էդ ժամանակ գները հայտնի կդառնան։ Ոնց կարող է ատամ քաշելու գինն իմանան, դատավոր դառնալունը՝ ոչ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031