Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԿՐԿԻՆ ՀԻՇԵՑ «ԷՆ ԲԱՆԸ»

Հոկտեմբեր 27,1998 00:00
vahagn hovnanyan

«Հիմա որ ասեմ, լրագրողներն էլի գրելու են, բայց գործ անելու համար էն բանն է հարկավոր՝ տղամարդկություն»։

Շաբաթ օրը այցելելով Դավթաշենի կամուրջ եւ ամերիկահայ գործարար Վահագ Հովնանյանի կառուցելիք (պայմանական անունը) կանաչ քաղաք, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի շարք շաբաթօրյա բացախոսությունների հեղինակ դարձավ։

Նախագահի տունը

Վերջից սկսելով ասենք, որ Հովնանյանի կառուցելիք թաղամասի առաջին տան պայմանագիրն արդեն ստորագրված է։ Հայաստանի հողի վրա, Արարատի դեմ-հանդիման, բազմաթիվ մարդկանց եւ լրագրողների աչքի առաջ նախագահին նվեր տրվեց, ոչ ավել, ոչ պակաս, առաջին տունը։ Պայմանագիրը (որն, ի դեպ, թռուցիկ որակվեց՝ խորհրդանշական) ստորագրելիս, ՀՀ նախագահը մտորում էր, թե «որտեղ դնեմ իմ բանը»։ Ի վերջո, գտնվեց այդ տեղը եւ ՀՀ նախագահը իր ստորագրությունը դրեց պատմական փաստաթղթի տակ։ Պարոն Հովնանյանն անչափ երջանիկ էր։ Ի դեպ, հողոտված եւ փոշոտված պաշտոնատար անձանց թանկարժեք (եւ ոչ այնքան) կոստյումների եւ կոշիկների բազմության մեջ հայտնի միլիոնատերը տարբերվում էր իր «բոթասներով» եւ գլխարկով։

Փոքրիկ քաղաքի կառուցումը

ՀՀ նախագահը գնահատեց «լուրջ ներդրումների, հետաքրքիր ներդրումների տարբերակ…, սա ամենից մաքուր ներդրումների տարբերակն է»։ Վահագ Հովնանյանը գոհ էր իր հետ աշխատող մարդկանցից, նա ուզում էր բոլորի անունները մեկ առ մեկ թվարկել. «Կվախնամ, թե մեկումը անունը մոռնամ տալ»։ Իսկ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը «անանկ կտրուկ ձեւով հրահանգներ տվավ», որ գործը տեղից շարժվեց։ Բայց «ինձ տուն չտվեցիր»,- «դժգոհեց» քաղաքապետը։

– Այս ամենը քոնն է,- իրեն չկորցրեց պարոն Հովնանյանը։ Իսկ նախագահը իր հոգսերն ուներ։ Զննելով «քաղաքի» հատակագիծը, ուզում էր իմանալ «որտե՞ղ է լինելու իմ տունը»։

«Երբ գործերն սկսվեն, կգաք, կնայեք»,- նրան «հանգստացրեց» պարոն Հովնանյանը։ Եվ այսպես, արձանագրենք պատմական պահը՝ ՀՀ նախագահը սեփական տան տեր դարձավ, «որ ստորագրեմ, հիմա էլ պետք է ասեն, թե փողը որտեղի՞ց է տալու»։ Իսկապես՝ որտեղի՞ց։

«Կարուզոն դիմացը… պիտի ուտե»

Ո՞ր միլիոնատերը մեկին բան խնդրի, եւ չկատարվի։ Վահագ Հովնանյանն անպայման ուզում էր, որ նախագահը լսի 108 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արսեն Աբրահամյանին, որը «Դո, ռե, մի» մրցույթի հաղթող է ճանաչվել, իսկ պարոն Հովնանյանի կարծիքով՝ Կարուզոն դիմացը… պիտի ուտե (մենք գիտենք, թե միլիոնատիրոջ կարծիքով երգիչն ի՞նչ պետք է ուտի, բայց անհարմար է բառը գրել, մանավանդ, անցյալ շաբաթ օրվա առաջին կեսը մի տեսակ «բեզցենզուրնի» անցավ – Մ. Ե.)։ Ու գնացինք փոքրիկ երգչին լսելու։ Լսեցինք դռան հետեւից, քանի որ ուսուցչանոցում այդքան մեծ բազմություն նախ չէր տեղավորվի եւ հետո, «հո կերածի պատառները չէի՞նք հաշվելու»։ Իսկ իտալերեն «Սանտա-Լուչիան» հնչում էր մեկ այլ մանչուկի ֆիդայա-արցախախառը երգի հետ կողք-կողքի։ «Կարուզոյի» հայրն էլ մեզ պես դրսից էր հպարտանում իր զավակով։

«Ամեն ախորժակի պիտի բավարարենք»

Այսպես ներկայացրեց իր ձեռնարկը հարգարժան պարոն Հովնանյանը, իսկ նախագահը, որ ախորժակը ճաշակից տարբերում է, շտապեց շտկել. «Ախորժակն ուրիշ բան է, ճաշակը պետք է բավարարեք»։ Պարոն Հովնանյանը հայտնի է իր կառուցած թաղամասերով, քաղաքներով եւ այժմ իր շնորհքն ու կարողությունները մտադիր է ի սպաս դնել հայրենիքում։ Եթե առաջ նա գալիս էր Հայաստան «հանգստանալու, հիմա գալիս եմ եւ աշխատում եմ»։ Իսկ նախագահի կարծիքով «հայրենիքը պետք է հենց այդպես սիրել»։ «Ժողովուրդը շարքի պիտի մտնի առնիլ այս տները»,- վստահ էր պարոն Հովնանյանը, իսկ Ռ. Քոչարյանը, կարծում էր, թե «միայն Սփյուռքում հետաքրքրություն կլինի, բայց այստեղ էլ կա»։ Կառուցվելու է 850 բնակարան, քոթեջատիպ, 1-2 հարկանի, մասամբ՝ 3։ Շինարարությունը իրականացվելու է տեղական հումքով եւ մասնագետներով։ Մասնագետների ընտրությունը՝ մրցութային կարգով։

Ճեմարանը՝ համազգայի՞ն

Ան. Շիրակացի ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանին ներկայացնելով ՀՀ նախագահին, պարոն Հովնանյանն ասաց, թե «շնորհալի մանկավարժներեն է»։ Ճեմարանը հովանավորվում է բարերարի կողմից եւ հնարավոր է դառնա համազգային կրթօջախ. «Լավ մը կկազմակերպենք, անկե վերջը կխոսենք»,- պարզաբանեց պարոն Հովնանյանը։

Դավթաշենի կամուրջ

Սատանայի ականջը՝ խուլ, սակայն այս նախագահը կարծեք թե կամրջին պինդ է կպել եւ ուզում է իր օրոք կապել-կառուցել կամուրջը։ Ֆինանսները տրվում են ժամանակին, շինարարներն էլ իրենց հերթին ուզում են կառույցն ավարտել։ Նախագահը շաբաթ օրն առաջինն այս կառույց այցելեց, համբերատար լսեց քաղաքաշինության նախարարի գծագրախառն պարզաբանումները. ծախսերի կատարողականն ու բյուջեից պարտքուպահանջը։ Կամրջի շինարարության գլխավոր խնդիրը (ըստ նախարարի) Վաղարշյան փողոցի վրայի երկու տներն են, սակայն ձգտում են հարցը լուծել անաղմուկ, առանց դատուդատարանի։ «Ուզածներն ի՞նչ է»,- հետաքրքրվեց նախագահը։ Իսկ ուզածները փող էր, ինչպես միշտ։ Մինչեւ տարեվերջ կավարտվեն կամրջի մետաղական աշխատանքները։ Եվ մետաղական մասը եւ այլ շինանյութեր արտադրվում են տեղում։ Դավթաշենի կողմից կամուրջը կառուցվում է 4 թռիչքանի էստակադայով, որի երկարությունը 28 մ է։ Ըստ էության, այս կողմից կառուցվում է երեք կամուրջ, արդյունքում ստացվում է տրանսպորտային խոշոր հանգույց։ Կամրջի շահագործմամբ հսկայական հոսք կսկսվի եւ Հալաբյան փողոցի որոշակի հատվածը հաստատ չի բավարարի կամրջի պահանջները։ Այս իմաստով կարեւորվում է ճանապարհի այդ հատվածի մեծացումը։

Նախագահի հարցերից մի քանիսը

Մինչ քաղաքաշինության նախարարը իր պարզաբանումներն էր տալիս եւ հետն էլ հարկավորն էր ուզում (մոտավորապես այս կարգի՝ կամուրջին բյուջեից հատկացվել է 1,5 միլիարդ դրամ, սեփականաշնորհումից՝ 900 մլն։ Լավ կլինի, որ գումարները գան սեփականաշնորհումից, քանի որ սա ավելի վստահելի գումար է), նախագահը ներկաներին իր հարցերն էր ուղղում.

– Գործը ամեն օր այսպե՞ս է գնում։

– Ավելի մեծ թափով ենք աշխատում, ուղղակի այսօր շաբաթ է…

Նախագահին այնքան էլ դուր չեկավ, որ մեկ տարվա համար անհրաժեշտ ցեմենտը եւ այլն արդեն ձեռք է բերված եւ, փաստորեն, գումար չի մնացել։ Փիրումյանն իրենն էր ասում, ի վերջո, նախագահը այդ ամենը գրավոր պահանջեց, որ «նայենք»։

Կամրջի մասին Ռոբերտ Քոչարյանը մի տեսակ հպարտ-հպարտ էր խոսում. «Երաշխիքն այն է, որ կամուրջը կունենանք 99-ի դեկտեմբերին, ոնց որ պայմանավորվել էինք»։

«Բայց խի՞ լավ չապրենք»

Դավթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանն ասաց ի պատասխան նախագահի այն դիտարկման, թե՝ «Լավ էլ ապրում եք, որ եկեղեցի եք կառուցում»։ Իսկ ավելի հստակ թաղապետը հրահանգ ստացավ կարճ ժամանակում ներկայացնել «էս շենքի» (սպիտակ մի շենք, որը կոմունիստների ժամանակներից կիսատ է մնացել եւ աչք է ծակում) մասին գրավոր բացատրություն, ի՞նչ պետք է լինի, ինչպե՞ս եւ ե՞րբ. «մի քիչ զապասով կգրեք ժամկետը, որ հետո խայտառակ չլինենք։ Մինչեւ այսօր ոչ մի օբյեկտ չի եղել, որ ես գնամ ու չլինի»։

… Եվ նույնիսկ մի կին՝ մանկավարժ

35 տարվա մանկավարժ մի կին, որը «հատուկ զզվում է «Առավոտից» եւ մասնավորապես՝ խմբագրից», նախ քաղաքապետին դիմեց, թե՝ «բողոքում եմ մեր էս փողոցների վիճակից»։ Հետո էլ ինձ դարձավ, թե «էդ ինչ անպատկառ խմբագիր ունեք, մարդ պետք է թագավորասեր լինի։ Ձեր Արամ Աբրահամյանը ոչ Լեւոնին էր սիրում, ոչ էլ Քոչարյանին։ Բոլորին էլ ծաղրում է»։

Ըստ իս, տիկին մանկավարժն ինքը ծաղրեց ժողովրդի մի ստվար մասի, երբ նախագահի աչքերը ուզեց կապել, ասելով. «պարոն նախագահ, եթե ասում են, թե ժողովուրդը վատ է ապրում, չհավատաք։ Ժողովուրդը լավ էլ ապրում է եւ գոհ է իր մի կտոր հացից։ Բողոքողները հարուստներն են, որ ուզում են էլի ունենալ»։ Մանկավարժի խղճուկ աշխատավարձով տիկինը (եթե իրոք մանկավարժ էր), կամ ամիսներով ծոմ է պահում, կամ էլ միջադեպը լավ նախապատրաստված վատ խաղ էր։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ.Գ. Կամրջի շահագործման վճարովի լինելու մասին հարցով դիմեցի քաղաքաշինության նախարարին, մինչ վերջինս կհասցներ պատասխանել, ՀՀ նախագահը, որը մի քանի քայլ առաջ էր անցել, հավանաբար հարցը կարեւորելով, շրջվեց եւ ինքը պատասխանեց. «Շահագործումը անվճար է լինելու, եթե մասնավորը կառուցեր, մի տասը տարի վճարովի կօգտագործեր, հետո կհանձներ պետությանը, սա նորմալ, տարածված սխեմա է դրսում։ Միգուցե եւս վատ տարբերակ չէ, բայց այդ անձը եւ այդ ֆիրման չկան։ Կամուրջը պետական միջոցներով է կառուցվում եւ լինելու է անվճար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031