Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ

Նոյեմբեր 06,1998 00:00
pashton

Բազմաթիվ երկրներում պետության առաջին պաշտոնը տարիքային սահմանափակում ունի։ Շատ երկրներում օրենսդրությամբ ամրագրված է նաեւ խորհրդարանականների տարիքային ցենզ։ Որոշակի տարիքից ցածր (կամ երիտասարդ) մարդն իրավունք չունի առաջադրվելու եւ ընտրվելու այդ պաշտոններում։ Մենք մեր մենթալիտետով գոնե այս հարցում բավականաչափ ասիացի ենք։ Հայերը միշտ էլ հարգել են տարիքավոր մարդուն։ Ավանդական հայկական գերդաստաններում մինչեւ այսօր էլ սկզբունքային բոլոր հարցերում վերջնական խոսքը ամենաավագինն է։ Մեր օրենսդրությամբ էլ տարիքային ցենզի պահանջ է ամրագրված հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնների համար։ Նման պահանջ-սահմանափակում չկա հանրապետության վարչապետի պաշտոնի համար։ Հնարավոր է, որ սա մեր զուտ արեւելյան մենթալիտետի արդյունք է։

Վարչապետի աշխատանքը համարելով թեթեւ գործ, չի պահանջվում, որ այդ գործով զբաղվի տարիքի հետ որոշակի կենսափորձ ունեցող մեկը։ Արդյունքում մեր երկրի կառավարությունն արդեն երկու անգամ գլխավորում են խիստ երիտասարդ վարչապետներ՝ Հրանտ Բագրատյանն ու Արմեն Դարբինյանը։ Վարչապետների գործունեության լուրջ վերլուծության չհավակնելով նշենք, որ նրանք խիստ տարբեր գործիչներ են։

Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնող 33-ամյա Հրանտ Բագրատյանը 1993 թ. արդեն ձեւավորված քաղաքական գործիչ էր, ուներ կառավարության անդամի երեքամյա փորձ։ Մոտ նույնքան ժամանակահատված Արմեն Դարբինյանը փորձ է կուտակել Կենտրոնական բանկի փոխնախագահի պաշտոնում։ Մի փոքր էլ՝ տնտեսական սուպերգերատեսչությունը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը ղեկավարելով։ Տարբերությունների ֆոնի վրա երկու վարչապետները բավական ընդհանուր գծեր ունեն։ Հնարավոր է, որ այդ ընտրությունները պայմանավորված են տարիքային գործոնով։ Երկուսն էլ շատ ինքնավստահ սկսեցին պաշտոնավարումը։ Ինչպես 1993 թ. Բագրատյանը, այնպես էլ 1998-ին Ա. Դարբինյանը որոշակի՝ խիստ ընդգծվող շահագրգիռ վերաբերմունք ունեն մամուլում իրենց գործունեության ներկայացմանը։ Սկզբում երկուսն էլ «բաց» էին մամուլի համար։ 1993-ին Բագրատյանը ազատ հարցազրույցներ էր տալիս։ Ամենահիշարժանն ու ամենածավալունը թերեւս «Ար» շաբաթաթերթին տրված հարցազրույցն էր։ Հետո մամուլի հետ շփվելիս նա հիմնականում գերադասում էր պետական լրատվամիջոցներն ու պաշտոնավոր (կամ պալատական) լրագրողներին։

Նման կերպ սկսեց Ա. Դարբինյանը։ Այս դեպքում ամենահիշարժանը հեռուստատեսային «21 րոպե» հաղորդաշարին տրված հարցազրույցն էր։ 1993 թ. Բագրատյանը «Դուք ունեք ավտորիտար ղեկավարի համբավ, որը չի սիրում շատ լսել եւ չի ընդունում իր սխալները։ Գուցե նման որակումները արդարացի չեն» հարցին պատասխանում էր. «Չգիտեմ, թե որ դեպքի համար է, որ Բագրատյանը չի ընդունում իր սխալները։ Իսկ ընդհանրապես մեզ իսկապես պակասում է շփման կուլտուրան։ Ի վերջո, մեզ չեն դաստիարակել վարչապետ կամ նախարար լինելու համար։ Հարաբերությունների այդ կուլտուրան աստիճանաբար եմ ձեռք բերում»։ 1998 թ. Ա. Դարբինյանն արդեն հստակ գիտի, թե ո՞ւմ եւ ինչպե՞ս են դաստիարակել «վարչապետ կամ նախարար լինելու համար»։

Հեռուստազրույցում նա պնդում է, որ այդ պաշտոնների կարող է հավակնել միայն խավիարաթաթախ մանկություն ունեցող մարդը։ Այս արտահայտությունն իհարկե «մարդու աչքը պետք է կուշտ լինի» ժողովրդական խոսքի ընդամենը անհաջող վերաձեւակերպումն էր։ Մամուլը բնականաբար «չներեց» երիտասարդ վարչապետին։ Հայաստանյան բազմաբնույթ ու բազմաշերտ մամուլում արդեն մի քանի ամիս է՝ ամենաընդհանուր բառը խավիարն է։ Այս վրիպումը դեռ երկար կմատնանշվի, որովհետեւ նույն հարցազրույցում «Դուք ձեզ հարուստ մարդ համարո՞ւմ եք» հարցին Ա. Դարբինյանի պատասխանը տրամաբանական հակասություն էր նախորդ պատասխանի հետ համեմատած։ Նա պարզապես նշեց, որ հարստությունը հարաբերական երեւույթ է։ Իսկապես ընդունելով, որ անգամ ամենահարուստ մարդը ձգտում է մեծացնել իր ունեցվածքը, պիտի ընդունենք, որ աչքը կուշտ մարդն ունեցածով բավարարվողն է։ Հետաքրքիր է նաեւ, որ Ա. Դարբինյանի իմիջմեյքերների խումբը չի նկատել այս հակասությունը եւ չի հանել հարցազրույցից։ Մինչդեռ հենց նրանց պահանջով հարցազրույցից մի հատված «մկրտվել է»։

Ըստ մեր ունեցած տեղեկության, հենց այդ հատվածում նոր երիտասարդ վարչապետը գնահատել է նախկին երիտասարդ վարչապետին։ Նշել է, որ շատ բարձր է գնահատում Հ. Բագրատյանի գործունեությունը եւ ինչ-որ իմաստով նրան համարում է իր ուսուցիչը։ Իմիջմեյքերների խումբը ենթադրել է, որ նախկին վարչապետին տված հարգանքի տուրքը կգցի գործող վարչապետի հեղինակությունը։ Երկու վարչապետների պաշտոնավարումը կարելի է գնահատել որպես միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության օրինակ։ Նրանց վարած տնտեսական քաղաքականությունը, եթե չասենք, որ համաձայնեցված է Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի հետ, ապա գոնե պարտավոր ենք ընդունել, որ խիստ համահունչ է նրանց պահանջներին։ Մինչդեռ փոխվել է իրադրությունը։

90-ականների առաջին կեսին այդ կազմակերպությունները անխախտ հեղինակություն էին ամբողջ աշխարհում։ Հիմա նրանց պաշտպանում են սակավաթիվ ֆանատիկներ, իսկ ով չի ալարում՝ քննադատում է։ Երիտասարդ վարչապետներին բնորոշ է նաեւ, մեղմ ասած, ոչ իրատեսական ոգեւորությունը։ 92-93թթ. դաժան ձմեռվանից հետո Հրանտ Բագրատյանը տարակուսած էր, ընդունելով մեղքի իր բաժինը խոստովանում էր. «Ես ինձ թույլ չէի տա պատկերացնել, որ հնարավոր է ցրտից ծառերը կտրել, չգիտեմ անփորձությունից է դա, թե մտահորիզոնի պակասից, բայց չէի պատկերացնի, որ հնարավոր է Ծիծեռնակաբերդի ծառերը կտրել»։ Այսօր արդեն գիտենք, թե հաջորդ տարիներին ինչ թափով շարունակվեցին ծառահատումները։ Սակայն 93-ի գարնանը վարչապետ Բագրատյանը հավանաբար ինքն իրեն հավատալով ասում էր. «Հիմա գնում ենք դեպի 94-ի ձմեռը եւ ամբողջ էներգետիկ ցանցը փոխում ենք այն հաշվարկով, որ եթե հանկարծ ամբողջ տարին փակ լինի, հանրապետությունն իր 10 մլն կվտ-ի ՀԷԿ-ով կապրի»։

Վարչապետ Ա. Դարբինյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում (տո՛, առաջ էլ, հետո էլ) նրա մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունները եւս նույն աստիճան ոգեշունչ են։ «Ընդհանուր առմամբ Արմեն Դարբինյանն ԱՄՆ կատարած իր յոթօրյա այցի ընթացքում ունեցել է 24 երկկողմ գործնական հանդիպումներ. 7 անգամ հանդես է եկել հրապարակային ելույթներով, հարցազրույց է տվել զանգվածային լրատվամիջոցների 5 հանրահայտ միջոցների»։ Այս հանդիպումների գերագնահատման օրինակ կարելի է համարել հոկտեմբերի 9-ին տարածած հաղորդագրությունը. «Միայն նշված երեք կազմակերպությունների կողմից պոտենցիալ ներդրումների գումարային արժեքը կարող է կազմել շուրջ 2 մլրդ դոլար»։ Դժվար է ասել, թե ինչ պատճառով մամուլի ծառայությունը չի գնահատել բոլոր հանդիպումների հնարավոր (այսինքն՝ պոտենցիալ) ներդրումների գումարային արժեքը։ Հնարավոր է, որ դա տրամաբանական հարգանք է տնտեսությանն ու թվաբանությանը։ 1997 թվականից սկսած, սարսափով նայում ենք, թե ինչպիսի արագությամբ է աճում երկրի արտաքին պարտքը։ Այդ իսկապես սարսափելի պարտքը մոտ 800 մլն դոլար է կազմում։ Այսինքն 2 մլրդ-ից առնվազն երկու (ու մի քիչ) անգամ պակաս։

Կարելի է ենթադրել՝ եթե վերոհիշյալ բոլոր 24 հանդիպումների «պոտենցիալ ներդրումների արժեքը» հրապարակվեր, այդ թիվը հավանաբար կգերազանցեր Ֆրանսիայի տարեկան բյուջեն։ Իսկ, ա՛յ, դրան հավատալը հենց իրենց համար էլ, հավատալն ավելի դժվար է քան 2 մլրդ դոլարին։ Ամեն ինչից զատ, փաստն այն է, որ երիտասարդ վարչապետների տառապանքներից անմասն չեն մնում ժողովուրդն ու տնտեսությունը։ Ու համարյա հարց չէ, թե ով է ավելի շատ տառապում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30