Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՏՔԸ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ

Նոյեմբեր 26,1998 00:00
champord

Հայժամանակ-եվրաներկա

Ընտանիքում ապրելը հեշտ է։ Մանավանդ ապահովված ընտանիքում։ Չոռ ու ցավ կասեն, բայց սոված չես մնա։ Մեր անցյալ ընտանիքը՝ Սովետ Միությունը, այդպես էլ ներկա չդարձավ։ Սիրասուն ընտանիքի փլուզման հոտն առնելուն պես մաքուր եվրոպական ոճով ցույցեր կազմակերպեցինք։ Քանի որ պարծենում էինք քիմիական մեր արդյունաբերությամբ… Մեռավ ընտանիքը, VIVAT ընտանիքը։ «Պայծառ» գալիք ակնկալող նախկին ընտանիքը չդարձավ ներկա, ինչ երաշխիք, որ եվրաներկան նաեւ մեր ապագան է։

ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՆԵՐԿԱ։ Ու սկսվեց արտահոսքը, որը շարունակվում է մինչ օրս։ Առավել անհամբերները մեկնում են եվրաներկա՝ չապավինելով կամ չհավատալով մեր հերթական ապագային։ Ենթագիտակցորեն իրենց վրա վերցնելով առաջին փորձարկվողի ծանր առաքելությունը տեղում՝ նոր ընտանիքում։

ՄՈՒՏՔԸ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ։ Եվրոպական երկրներից ամենահարմարը Գերմանիան է։ Մի քանի տարի առաջ կանաչ ճանապարհ էր, որը գնալով սկսեց դեղնել։ Գերմանական պետությունը իր տարածքում առաջին իսկ դիմողին միանգամից տալիս է քաղաքական ապաստան խնդրողի կարգավիճակ, տանիք՝ քարաշեն տներում կամ ժամանակակից համակենտրոնացման ճամբարներում, ամսական նպաստ՝ երանելի դոյչմարկով կամ սննդաիրային կտրոններով։ Շատ ցանկացողները նույնիսկ աշխատանք են ճարում «Սեւով, թե սպիտակով»՝ սկսած հատակ մաքրելուց, մինչեւ գրասենյակային մանր- մունր ծառայություններ։ Եվրոպական մյուս երկրները այս առումով պակաս հրապուրող են։ Ֆրանսիայում ապահովում են միանվագ նպաստով, բայց տանիք չեն տրամադրում։ Բելգիան տանիքի հարցը լուծում է փախստականների նպաստի հաշվին։

Անառիկ ամրոց Անգլիա նույնիսկ հայը իր պորտով չի թափանցի։ Ասում են Հոլանդիայում էլ վատ չէ, սակայն վերադառնանք ամենահարմար Գերմանիային։ Կա Գերմանիայում հայտնվելու երկու սողանցք՝ թանկ ու էժան։ Սկսենք թանկից։ Չէ՞ որ թանկից էժանը չկա։ Ներկայումս ամենաբարեհաճը ֆրանսիական կողմն է, առանց ավելորդ գլխացավանքի կարելի է ստանալ շենգենյան հրավեր՝ վիզա խփող- բացող ֆիրմաների միջնորդությամբ, որը որոշ դեպքերում վերածվում է վիճակահանության։ Մնում է ինքնաթիռի տոմս գնել, հասնել Փարիզ, այնտեղից էլ գնացքով կամ ավտոբուսով բարեհաջող ժամանել տեղ։ Արգելափակոցներ այլեւս չկան, քանի որ շենգենյան կանաչ լույս է։ Ու փողը մութ տեղը լույս է տալիս (կանաչ)։ Տատս էլ այդպես տեղ կհասնի։ Հայ եմ ասել, որ առանց ավելորդ շիկի տեղ հասնի։ Զարտուղի, անշենգեն ճանապարհի եզակի սողանցքը Լեհաստանն է։ Այսօր լեհական Շեցինը Լեհաստանից էլ հին է, քանի որ ամենասահմանամերձ քաղաքն է, նախկինում եղել է գերմանական։

«ԶՈՆԱ» (ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԳԵՐՄԱՆԻԱ)։ Մեր հոյակապ ճամփորդի եւ պան «ստալկերի» համաձայնությունը կայանում է տեղում եւ առանց ջղաձգությունների։ Մեկին պետք է թափանցել ավետյաց երկիր, մյուսին՝ վաստակել։

ՌԵՊՈՐՏԱԺ։ ՇԵՑԻՆԻ ՇՈՒԿԱ։ Տիպիկ եվրոպական շուկայի եռուզեռ։ Տիպիկ շուկայական ժխոր։ Լեհ-գերմանական սահմանն անցնել ցանկացողները անհանգիստ ու լարված հայացքներով սպասում են ստալկերին, որին նախորդ օրը «կապել» էին տաքսու վարորդների միջնորդությամբ։ Ստալկերները հատուկ նշանակության ստվերային արհեստավարժներն են, որոնք որոշակի վարձավճարի դիմաց հանձն են առնում ուղեկցել մինչեւ առաջին գերմանական բնակավայրը։ Անվստահության հոտ է փչում։ Ուր է այդ դեմքը։ Հանկարծ ճամփի կեսից չթռչի։ Սովորական հայկական կանխատեսում։ Հենց այդ պահին կարծես գետնի տակից ծլում է ստալկերը։ Գործնական է, երիտասարդ եւ սառնարյուն։ Վճարը վերցնում է կանխիկ, մարդագլուխ 100-150 դոլար (գործում է զեղչերի համակարգ)։ Ամենապատասխանատու պահն է։ Հրահանգում է ստալկերը. «Ազատվել առավել ծանր իրերից։ Ճանապարհին հետ չընկնել»։ Այլապես ոչ մի պատասխանատվություն չի կրում, եղել են դեպքեր, երբ ոմանք հետ մնալով մոլորվել են անտառում եւ ձեռնունայն վերադարձել՝ կորցնելով եւ վճարված գումարը, եւ ժամ առաջ Գերմանիայում հայտնվելու բերկրանքը։ Նշանակելով մեկնման ժամը, ստալկերը հեռանում է։ Որպեսզի նորից վերադառնա։ Այս անգամ արդեն կեսգիշերին։

Սահմանը կտրելու են մթության քողի տակ, գետանցելով ամենածանծաղ հատվածը։ Սահմանը խիստ հսկողության տակ չէ, բայց ժամանակ առ ժամանակ վերահսկվում է լուսարձակների միջոցով։ Ժամն է։ Թվում է՝ մոտակայքում գետ չկա։ Լռություն է։ Գետի հանդիպակաց ափը ոչնչով չի տարբերվում այս մեկից։ Բայց այնտեղ «զոնան» է։ Ստալկերը կենտրոնացած է։ Անհրաժեշտ է զգալ լուսարձակների ամենաերկար ինտերվալը։ Այսպես թե այնպես, սահման է խախտվում։ Դառն է ստալկերի հացը։ Սկսվում է գետանցը։ Ոչ ոք այլեւս հետ չի նայում։ Տղամարդկանցից մեկը գրկել է մանկահասակ երեխայի։ Նրան հետեւում են ճամպրուկներով ծանրաբեռնված կինը եւ վեցամյա տղան։ Հետագայում մայրը կասի. «Ցավը տանեմ, էս վեշն էլ ինքն ա հասցրել»։ Մյուս տղամարդը ձեռքերի վրա տանում է կնոջը, որ գոնե կինը թրջված ոտքերով չմտնի ավետյաց երկիր։ Վերջապես անտառն է, լսվում է ոտքերի թփթփոց եւ հեւոց։ Ստալկերը չի դանդաղեցնում ընթացքը։ Բեռնավորված խումբը վազ է տալիս։ Անհրաժեշտ է 2-3 ժամում տեղ հասնել։ Ստալկերը պետք է հասցնի մթնով վերադառնալ։ Հեռվում երեւում են բնակավայրի լույսերը։ Վերջ։ Իսկ առջեւում այնքան հոգս կա։ Հարկավոր է ներկայանալ առաջին պատահած պոլիցիային։ Ճամարտակելու կարիք չկա։ Պետք է միայն արտասանել նշանաբանը. «Իհ մյոհթե ազուլ»։ Եվ գործի կընկնի գերմանական ավտոմատ համակարգը…

Սովոր ենք ամեն գնով, տեղի-անտեղի զոհաբերություններով հասնել մեր մուրազին։ Բայց ոչ միշտ է նպատակը արդարացնում միջոցները։ Աչալուրջ են պետական մասշտաբի դիտորդները։ Եթե չեն զլանում մեզ մոտ գալ ֆիքսելու մեր միջոցների ու նպատակների չափանիշները, բնականաբար, տեղում ոչինչ չի սպրդի նրանց ուշադրությունից։ Հատկապես նրանց նկատմամբ, ովքեր հայտ են ներկայացնում եվրաներկա մտնելու համար։ Իսկ առջեւում փորձաշրջանն Է՝ ճամբարներ ու հանրակացարաններ…

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ,

Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30