Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈ՞ՒՆՔ

Նոյեմբեր 26,1998 00:00
dat

Հաշված օրեր են մնացել դատավորների որակավորման կամ, ինչպես ընդունված է ասել՝ «ատեստացիոն» քննություններին (պարզվում է, որ բոլոր դատավորները եւ դատավարության հավակնորդները դեռեւս ուսանողական տարիներից առնվազն հինգ առարկայից վերաքննություն են ունեցել): Ինչպես հապճեպորեն ընդունվեցին դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ մտնող օրենքներն ու օրենսգրքերը (երեւի թե Խոսրով Հարությունյան գումարած Արթուր Բաղդասարյան պատասխանատուները (արարիչները) բավարարված խոր… շունչ են քաշել), այնպես էլ հապճեպորեն ստեղծագործած, մանկական կատակներին նմանվող, թեսթավորման հարցերով պետք է ստուգվեն իրենց՝ օրենսդիրների կամ, ավելի ճիշտ, քննության հարցերը կազմողների կողմից դեռեւս չյուրացված, անկատար օրենքների եւ օրենսգրքերի վերաբերյալ հավակնորդների գիտելիքները։

Ինչպես «Սիլ» կոնցեռնի հայտնի գովազդում Հարութը կասեր՝ մակարդակ։ Թողնենք այդ մակարդակը դատական նոր համակարգի ու դատավորների հետ առնչվելու դժբախտություն ունեցողների հետագա բախտին։ Հետաքրքիր տրամաբանությամբ են ղեկավարվում «բարեփոխումները» գովերգող արհեստավարժները, երբ հայտարարում են, թե օրենքները կատարյալ չեն լինում, թե կյանքում գործողության մեջ դնելուց հետո դրանք հետագայում կվերացվեն։ Կարծես հասարակությունը փորձադաշտ է, եւ խոսքը գնում է ոչ թե մարդու համար ճակատագրական նշանակություն ունեցող դատական պաշտպանության մասին, այլ, ասենք, հարկային օրենսդրության, որը կարելի է հետագայում մեղմացնել, ներեցե՛ք, էլ ավելի խորացնել։ Երբ այդպես մտածողները, կորցնելով իշխանության լծակները, զրկվելով «անձեռնմխելիության» չգրված օրենքներից, իրենք կառնչվեն նման անկատար օրենքներին, այդ ժամանակ Էդվարդ Եգորյանի եւ Վիգեն Խաչատրյանի ու էլի նմանների նման, ստիպված կլինեն ընտրական օրենսգրքեր գրել կամ օրենքների անկատարության մասին աղմուկ բարձրացնել։ Ինչեւէ։ Վերադառնանք մեր վերնագրային թեմային։

Այսպես, ուրեմն, սուտ ցուցմունք, ավելի ճիշտ՝ ակնհայտ սուտ ցուցմունք, քանի որ մեր հին ու նոր օրենսդրությամբ այդպես է բնութագրվում քրեորեն պատժելի սուտ ցուցմունքի էությունը։ Այսինքն՝ սո՞ւտը, դեռ ոչինչ, կարելի է, իսկ ակնհայտ սուտ ցուցմունքը… այ դա արդեն ուրիշ բան է, դրա համար՝ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար, մեր այսօրվա քրեական օրենսգրքի 196 հոդվածը ազատազրկում է նախատեսում մինչեւ յոթ տարի ժամանակով։ Թե ո՞րն է սուտը, առավել եւս՝ ակնհայտ սուտը, ո՞րն է ճիշտը, դրանք որոշելու, միմյանցից տարբերելու եւ, հետեւաբար, ակնհայտ սուտ ցուցմունք տված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու պարտականությունը, չբարեփոխված, ներկա գործող քրեական դատավարության օրենսգրքի 247 հոդվածով, դրված է դատարանի վրա։ Ըստ այդ հոդվածի, դատարանը դատավճիռ կայացնելու հետ միաժամանակ կարող է քրեական գործ հարուցել ակնհայտ սուտ ցուցմունք տվող վկայի, տուժողի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ եզրակացություն տվող փորձագետի եւ ակնհայտ կեղծ թարգմանություն կատարող թարգմանի նկատմամբ։

Թվում է թե, ինչպես ՀՀՇ-ականները կասեին՝ «հարց չկա», այդպես էլ պետք է լիներ, քանի որ ոչ մի ապացույց նախապես կանխորոշված, այն է՝ սուտ, կեղծ կամ ճիշտ լինել չի կարող, այն գնահատվում է դատարանի կողմից եւ վերջինս է որոշում դրանց սուտ կամ ճիշտ լինելը, հետեւաբար միայն դատարանին է պատկանում ակնհայտ սուտ ցուցմունք տված եւ վերը նշված անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելը, նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու իրավունքը։ Սակայն բարեփոխված քրեական դատավարական նոր օրենսգրքով չի կարգավորվում, թե ո՞վ կամ ո՞ր մարմինը, դատավարության ո՞ր փուլում եւ ի՞նչ կարգով կարող է քրեական գործ հարուցել, այսինքն՝ որոշել, որ տրվել է ակնհայտ սուտ ցուցմունք, կամ կեղծ եզրակացության եւ քրեական պատասխանատվության ենթարկել այդ անձանց։

Ստացվում է այնպես, որ նախաքննությամբ (իսկ բարեփոխված անվանմամբ՝ մինչդատական քննությամբ), ինչպես նաեւ դատարանում վկային, տուժողին, փորձագետին կամ թարգմանին ստորագրությամբ (քանի որ երդմանը չենք հավատում եւ Քլինթոնի փորձը այն ցույց տվեց, որ ճիշտ ենք անում) նախազգուշացնում են ակնհայտ սուտ ցուցմունք տալու, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության համար քրեական պատասխանատվության մասին, բայց չեն կարող այն իրագործել, քանի որ նոր քրեական դատավարության օրենսգրքով դրա իրագործման կարգը չի սահմանվել։ Մոռացել են։ Ուրեմն վերադաս ու ստորադաս, պաշտոնատար ու անպաշտոն պարոնայք ու հատկապես՝ տիկնայք, եթե մինչեւ այսօր քրեական պատասխանատվության ենթարկվելու ռեալ սպառնալիքից վախեցել ու հնարավոր է, որ չեք ստել, ապա 1999 թ. հունվարի 1-ից սկսած (ոչ միայն ապրիլի 1-ին) ինչքան ուզեք կարող եք անպատիժ ստել… «բարեփոխումները» ձեզ այդպես վարվելու հնարավորություն տվել են։

ԺՈՒԴԵՔՍ ՇԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30