Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինձ շնորհավորում եմ»

Նոյեմբեր 27,1998 00:00
Artashes Tumanyan

Նոր պաշտոնի առիթով ինքն իրեն շնորհավորեց հարկային տեսչության նախկին պետ Արտաշես Թումանյանը՝ այսպիսով ցրելով այն մարդկանց մտավախությունը, ովքեր ոչ մի կերպ չեն կողմնորոշվում՝ շնորհավորե՞լ նրան, թե՞ հանդիպելիս տխուր դեմք ընդունել։ Պարոն Թումանյանի անկեղծությանը կասկածելու հիմքեր հավանաբար չկան, քանի որ իր ասելով. «Իմ անձնական պլաններին այս նոր պաշտոնը համընկնում է»։

Քաղաքականությամբ ավելի լուրջ զբաղվելու համար ավելի լայն հնարավորություններ են բացվել պրն Թումանյանի համար, մանավանդ, որ գալիք խորհրդարանական ընտրություններին նա պատրաստվում է մասնակցել։ Հարկային նախկին պետը բերեց թվեր, որոնք խոսում են բյուջեի նկատմամբ այս համակարգի պարտավորությունների գերակատարման մասին։ Եվ տրամաբանական էր «Առավոտի» այն հարցը, թե նման հրաշալի արդյունքների դեպքում, երբ նախագահն ու (հատկապես- Լ. Ա.) վարչապետը գոհ էին նրա աշխատանքից, ի՞նչ հիմնավորումով են ազատել աշխատանքից պրն Թումանյանին. «Բայց ես կարող ե՞մ երկու տեղ միաժամանակ աշխատել։ Ես ձեր արտահայտությունը համարում եմ նախօրոք մեկնաբանված։ Չէ՞ որ ինձ առաջարկություն է եղել հանրապետության նախագահի կողմից (ինձ այլ առաջարկություններ էլ են եղել) լինել խորհրդական։ Եթե ես համաձայնել եմ, ուրեմն հարկային վարչությունում պետի պաշտոնը պետք է ազատեմ։ Այսինքն՝ համաձայն չեմ «ձեզ ազատել են» արտահայտության հետ։ – Փաստորեն՝ դուք ընտրե՞լ եք։ – Այո՛։ Ես անգամ ամռանը հանրապետության նախագահին ասել եմ, որ հարկային տեսչության պետի պաշտոնը պիտի թողնեմ։ Կամ տարվա վերջում, կամ մյուս տարվա սկզբում։ Ասել եմ նախօրոք, որ մտածեն՝ ովքեր են ստանձնելու այդ պատասխանատու աշխատանքը»։

Նախագահի խորհրդականների ոչ էֆեկտիվ աշխատանքները պրն Թումանյանին հիշեցնելու լրագրողներից մեկի փորձին, Արտաշես Թումանյանն այն հեքիաթային միտք արտահայտեց. «… Ժամանակները կանցնեն, նոր խորհրդարանական ընտրություն կլինի, օրենսդիր իշխանությունը երեւի այլ պատկեր կունենա, կառավարության ձեւավորման համար նոր նախադրյալներ կստեղծվեն, կլինի նոր կառավարություն, որը կլինի կամ քաղաքական համերաշխության կամ կոալիցիոն, եթե պառլամենտը մոզաիկ լինի։ Երեւի այդ դեպքում հանրապետության նախագահը խորհրդականների ա՛յլ կոմբինացիայի մասին կմտածի»։ «Առավոտի» հաջորդ հարցին, թե որքանով է հարկային տեսչության պետի պաշտոնը քաղաքական լծակ՝ ընտրությունների ժամանակ հարկատուների վրա ճնշում գործադրելու առումով, պրն Թումանյանն ինչ-որ չափով համաձայնեց. «Այդ գայթակղությունից ազատված չէ ո՛չ գործադիր իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը։ …

Ես մի առիթով ասել եմ, որ եվրոպական մտածողության ժողովուրդ չենք։ Այո՛, այդ գայթակղությունը կարող է լինել։ Եթե դրան տեղ տրվի, հարկային տեսչությունը կարող է նման հնարավորություններ ունենալ ազդելու»։ Այն էլ ասեմ, որ Արտաշես Թումանյանը ամենեւին էլ չի նախանձում նոր պետին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30