Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՆՏԵՍՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Դեկտեմբեր 03,1998 00:00
axqat

«Ընդդեմ իրավական բռնության» հիմնադրամը (Պատանդների պաշտպանության ֆոնդ) երեկ հրավիրված իր ասուլիսում, որն, ի դեպ, նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 50-ամյակին, «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման…» համաձայնագրի 50-ամյակին եւ Բաքվում 1988-90 թթ. հայերի ջարդի 10-ամյակին, ներկայացրեց Երեւանում բնակվող փախստականների հանդեպ իրավական կամայականության դեպքերից ընդամենը մի քանիսը։

Թեպետ Հայաստանում ոտնահարված են ոչ միայն փախստականների իրավունքները, այնուամենայնիվ, կազմակերպության հիմնական գործունեությունն ուղղված է տուժած հենց այդ խավի իրավունքների պաշտպանությանը՝ տիրող «իրավական նիհիլիզմի մթնոլորտում»։

«Ընդդեմ իրավական բռնության» հասարակական կազմակերպությունն ի դեմս նախագահ Լարիսա Ալավերդյանի, ուշադրություն հրավիրեց վերջերս մասսայական դարձած, Երեւանի ժամանակավոր կացարաններից փախստականների ընտանիքների վտարման հանգամանքին՝ տարբեր ատյանների դատարանների կողմից կայացված վճիռների հիման վրա, որոնք «թե՛ բովանդակային եւ թե՛ իրականացման ձեւերով հավասարազոր են բռնի տեղահանման երեւույթին՝ այս անգամ արդեն Հայաստանում»։ Կազմակերպությանն անհանգստացնում են դատարանների վճիռներով օրինականացված բռնի տեղահանումները, որոնք հակասում են ոչ միայն «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ. համաձայնագրին եւ 1967 թ. արձանագրությանը, որոնց Հայաստանը միացել է 1993 թ., այլեւ ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականությանը, եւ անհարկի սոցիալական լարվածություն են ստեղծում հանրապետությունում։ «Դատարանների կողմից վտարման վիճռները կայացվում եւ իրականացվում են առանց փախստականների ընտանիքներին մշտական բնակարան հատկացնելու, որը հակասում է վերը նշված համաձայնագրի հդ. 21-ին եւ ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 29-ի թիվ 255 որոշմանը» (կետ 10)։

Պատառիկներ՝ փախստականների նամակներից

«Լրացավ մեր ստորացուցիչ ու անօրեն գոյության 10 տարին… Այս տարիներին բնիկ հայաստանցիների հետ տարանք սովը, ցուրտը, խավարն ու պատերազմի ողջ սարսափը՝ չցանկանալով թողնել մեր նախնիների հողը։ Հիմա ընդհանուր դրությունը լավացել է, իսկ փախստականների կյանքը շարունակում է մնալ անիմաստ…»։

Գումրոյան Ռաֆայել

«… Մեզնից մի քանիսը, հավաքելով այն վերջին ունեցվածքը, որ հաջողվել էր բերել՝ փախչելով Ադրբեջանից, 1989 թ. ներդրեց կոոպերատիվ բնակարանի համար, որն այդպես էլ չստացանք եւ դժվար թե մոտ ապագայում էլ ստանանք»։

Օհանովա Ամալյա

«Ինչպես եւ ցանկացած ցեղասպանություն մարդկության պատմության մեջ, այս մեկն էլ, որ ժողովրդի մեջ «Սումգայիթ» է կոչվում, կոտրեց, փչացրեց տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր, աշխարհով մեկ ցրեց հայ ընտանիքներ… Նրանք իրենց համարում էին ԽՍՀՄ-ի քաղաքացիներ՝ պաշտպանված սահմանադրությամբ, որի մեջ «փախստական» հասկացությանը տեղ հատկացված չէ»։

Իոնիսյան Նաիրա

Ինչպես են լուծվել մարդկային ճակատագրերը

Հիմնադրամը պատրաստել էր ֆիլմ, որտեղ փախստականները պատմում էին, թե ինչպես իրենց ծաղրուծանակի են ենթարկում, զրկում ապրելու ամենանվազագույն պայմաններից, իսկ զրկողներն ամենատարբեր, մանր ու մեծ պաշտոնյաներ են, որոնք ուղարկված են վերեւներից (այդպես են նրանք պարծենում)։

Հակիրճ ներկայացնենք մի քանի դեպք՝ իրական պատկեր ստեղծելու նպատակով։ Սարկիսովա Նելլին աղջկա հետ 1988 թ. նոյեմբերից տեղավորված էր Ռուսական արվեստի թանգարանի պահեստային տարածքում՝ Կիեւյան 2 ա, բն. 1։ 1998 թ. Մոսկվայից (հաշմանդամ մոր մոտից) վերադառնալով՝ տեսել է իր բնակարանի դուռը ջարդված, գույքը տեղափոխված, իսկ նոր բնակիչը կից ռեստորանի վարիչն է՝ Կ. Թանգումյանը։

Ժողդատարանի որոշմամբ, բնակարանը եւ գույքը վերադարձվում է Սարկիսովային, որից 1/10 մասն էլ չէր մնացել։ Սակայն Արաբկիրի թաղապետարանը դիմում է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով ժողդատարանի որոշումը։ Վերջինս կասեցվում է, եւ գործն ուղարկվում է վերանայման։ 9 ամիս է՝ ծեր կինն աղջկա հետ փողոցում է։ Իսկ Երեւանի Հաղթանակ գյուղի (Մալաթիա-Սեբաստիա համայնք) բնակիչներին (մայր ու աղջիկ) ՀՀ իրավաբանների միության իրավաբանական օգնության խորհրդատվական կենտրոնը, ի պատասխան դիմումի (ըստ որի, բնակարանից դուրս են արվել առանց որեւէ կացարանով ապահովվելու) խորհուրդ է տվել դիմել ՀՀ-ում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի ներկայացուցչին… Ինչ վերաբերում է կոոպերատիվ շենքերին, Աբովյանում ՄԱԿ-ի օժանդակությամբ կառուցված «Գառնի -7» կոոպերատիվ շենքը նախատեսված էր փախստականների համար։ Հիմնադրամին հաջողվել է պարզել, որ այդ շենքում բնակվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ փախստականներ՝ Գետաշենից, որոնց բնակարաններ են հատկացվել Աշտարակում։ Ցանկը կարելի է շարունակել։

«Ընդդեմ իրավական բռնության» հիմնադրամը աղաղակում է առ այն, որ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորները հարցին լուծում տան ու հատուկ որոշումներ կայացնեն, այլապես «Հայաստանը ոտնահարում է 1951 թ. փախստականների մասին համաձայնագիրը…»։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031