Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈՒՍՈՎ ԵՄ, ՈՐ ՈՏՔՍ ԽԵՐՈՎ ԿԼԻՆԻ»

Դեկտեմբեր 17,1998 00:00
levon mkrtchyan

Ի պատասխան նման կասկածի՝ հույս հայտնեց Արմենպրեսի նորաբաց «Մամուլի սրահի» առաջին հյուրը՝ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։

Չնայած պարոն նախարարը լրագրողներիս հետ «ասուլիսային հաճախակի հանդիպման» խոստումներ էր տվել, սակայն երեկվանը մի լա՜վ սպասված էր։ Բայց արդարացավ, որ ասուլիս նախատեսում էր տալ եւ այս հրավերը լավագույն առիթն էր, քանի որ բազմաթիվ կուտակված հարցեր կան, որոնք լրագրողներիս միջոցով հասարակությանը ներկայացնելու խիստ կարոտ են։ Բնականաբար, բոլոր հարցերին այս հրապարակմամբ չենք անդրադառնա՝ նաեւ այն արդարացմամբ, որ դրանց մի մասին պարբերաբար անդրադարձել ենք։

Նախարարի հավաստմամբ՝ ուշադրությամբ հետեւում է մամուլի հրապարակումներին, «ամբողջությամբ կիսում է մամուլում հնչող խիստ գնահատականները, հատկապես՝ ծնողների», սակայն «չի բաժանում սուբյեկտիվ գնահատականները, երբ որոշակիորեն վիրավորված մարդիկ փորձում են լուծել կենցաղային խնդիրներ»։

Պարոն Մկրտչյանի պատկերացմամբ՝ հանրակրթության բնագավառի պրոբլեմները, ըստ տեղային առանձնահատկությունների, խիստ տարբեր են։ Ասենք՝ գումարներ հավաքելու, կաշառակերության մասին անիմաստ է խոսել Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Տավուշի, Աշոցքի դեպքում, քանի որ «բնակչությունը այդ վիճակի մեջ չի, եւ բոլորովին ուրիշ խնդիր է դրված նրանց առջեւ՝ դպրոցը գոմերից դուրս բերել, ուսուցիչներով ապահովել»։

Դանայան տակառի նման

Այսպես բնորոշվեց այս համակարգին հատկացվող միջազգային կազմակերպությունների «տարերային» օգնությունների անարդյունավետությունը։ Շուտով կառավարության հաստատմանը կներկայացվի այդ օգնությունները համակարգող ծրագիրը։ Ի դեպ, նման անհրաժեշտության մասին դեռեւս նախորդ նախարարներն էին խոսում ու տա Աստված, որ այն այդպես էլ ժառանգություն չանցնի հաջորդ նախարարին։ Ընդ որում, հենց այդ օգնությունների եւ վարկերի շնորհիվ են հիմնականում ինչ-ինչ ծրագրեր իրականացվում այս համակարգում։ Այդպես են պատրաստվում լուծել նաեւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների համակարգի բարեփոխման ծրագիրը։ Նախարարի որակմամբ՝ «աննորմալ, ուռճացված համակարգ է», որը, ուսանող գրավելու մոլուցքով տարված, աբսուրդային այնպիսի իրողություններ է ստեղծում, երբ, ասենք, Դիլիջանի էլեկտրատեխնիկական տեխնիկումը իրավաբաններ է պատրաստում, կամ՝ «մի ՄՄՈՒՀ-ում ե՛ւ իրավաբան, ե՛ւ ինժեներ, ե՛ւ մշակույթի գործիչ, եւ ГАИ-ի աշխատող են պատրաստում»։

Ձեզ համար, դիմորդնե՛ր

Նախարարը հավաստիացրեց, որ չեն անի այնպիսի սկզբունքային փոփոխություններ, որոնք հանկարծակիի կբերեն դիմորդներին, քանի որ նրանք արդեն սկսել են պարապել, բայց գտնում են, որ մեկ քննություն պետք է հանձնեն, որը պետք է լինի ե՛ւ դպրոցի ավարտական, ե՛ւ բուհի ընդունելության։ Այս մասին էլ մեկ նախարար չէ, որ խոսում է։ Իսկ բուհերի ընդունելության համակարգի բարեփոխման գործը հետաձգվում է մինչեւ 2000 թ., քանի որ նախարարը դառը փորձով համոզվել է, որ մեկ տարում այդ գործը չեն հասցնի։ Նախատեսվող նորույթներից է այն, որ դիմորդի՝ մի քանի հայտ ներկայացնելու իրավունքը կպահպանվի, սակայն մրցույթը կկատարվի առաջին հայտով, որպեսզի այնպես չստացվի, որ առաջինն այդ մասնագիտությամբ դիմած, բայց մի քանի միավոր ցածր հավաքած դիմորդը չանցնի, իսկ այլ մասնագիտությամբ դիմածն անցնի՝ չնայած վերջինս, ասենք, ուզում էր բժիշկ դառնալ, այլ ոչ թե անասնաբույժ։

Բուհական համակարգում կատարելիք ստուգումների ոչ հստակ մեխանիզմներից եւ իրավունքներից բողոքելով՝ նախարարը հաստատեց մամուլում եղած այն պնդումները, որ բուհերում ստուգումներ են անցկացվում։ Առաջին «զոհերի»՝ Երեւանի բժշկական համալսարանի, Երեւանի մանկավարժական ինստիտուտի եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ստուգումներն ավարտված են եւ «մոտ ժամանակներս կկատարվեն համապատասխան փոփոխություններ՝ ե՛ւ կադրային, ե՛ւ ծրագրամեթոդական»։

Կարեւորագույն խնդիր

Այսպես որակվեց հանրակացարանային խնդիրը։ Ըստ նախարարի՝ «վեց ամիս է խրվել ենք այս պրոցեսի մեջ, եւ երկու գործ տրված է դատախազություն»։ Զեյթունի եւ Մասիվի ուսանողական հանրակացարաններն արդեն վերափոխվել են ՓԲԸ-ի, որոնց սեփականության իրավունքի 50 տոկոսը կլինի նախարարությանը, 50%-ը՝ բուհերինը։ Նախարարը խոստացավ, որ «հանրակացարանային համակարգի ղեկավարումը մենք կփոխանցենք ուսանողական խորհուրդներին»։ Ուսանողական հանրակացարաններ «ներխուժած» փախստականների եւ սոցիալապես անապահով ընտանիքների պրոբլեմի լուծումն էլ պակաս կարեւոր չէ, ինչպես եւ վարձակալման տրված տարածքների վերադարձն իրական տերերին՝ ուսանողությանը։

Կառուցվածքային լուրեր

Նախարարության կառուցվածքային փոփոխությունների մասին մամուլում եղած արձագանքներն երեկ առաջին անգամ պաշտոնապես հերքվեցին կամ հաստատվեցին նախարարի կողմից։ Ըստ նրա՝ «նախարարությունն իր վրա վերցրել է ֆունկցիաների այնպիսի լայն բազմազանություն, որը հնարավորություն չի տալիս կատարելու պետական կրթական մարմնի հիմնական ֆունկցիան»։ Նախարարության առջեւ դրված հիմնական խնդիրը նախարարը համարում է քաղաքականության մշակումն ու դրա իրականացման վերահսկողությունը։ Իսկ մնացած ֆունկցիաներից նախարարությունը «կբեռնաթափվի»։ Նախարարությանը կից չորս ինստիտուտների «չարդարացված գոյության» հարցը լուծված է, դրանք լուծարվել են՝ միավորվելով «Կրթական բարեփոխումների կենտրոն» ՓԲԸ-ի մեջ, որի հետ պետությունը «հարաբերվելու է թեմատիկ, գրանտային համակարգով», այսինքն՝ կֆինանսավորվի ըստ հավանության արժանացած թեմայի։ Վերացվել են նաեւ նախարարության ծրագրամեթոդական, սոցիալական ծրագրերի վարչությունները։ Ֆինանսների վարչությունը նախարարության բյուջետային քաղաքականությունը պետք է մշակի։

«Առավոտը» ցանկացավ ճշտել այն մեղադրանքների իսկությունը, որոնք եղել են մամուլում՝ կառուցվածքային այդ փոփոխությունների առնչությամբ։ Այն է՝ նախարարության աշխատակազմի 40% կրճատման խոստումը չի կատարվել, աշխատակազմին պետբյուջեից հատկացվող միջոցներն ավելացել են, իսկ հանրակրթության բնագավառինը՝ կրճատվել։ Նաեւ այն, որ նախարարը աշխատանքի է ընդունում միայն իր ծանոթ-բարեկամներին կամ կուսակցական ընկերներին։ Նախ նախարարը հայտարարեց, թե ձախողման է դատապարտված իրեն խոսակցության մեջ ներքաշելու այն միջոցը, երբ հրապարակվում է ակնհայտ կեղծիք եւ ակնկալվում պատասխան։

Ինչեւիցե, ժխտեց, որ իր աշխատակազմի ղեկավար Արթուր Մկրտչյանն իր հորեղբոր տղան է (բայց «Առավոտը» ճշտեց, որ համակուրսեցին է)։ Իրեն պատասխանատու հայտարարեց յուրաքանչյուր նշանակման համար։ Դաշնակցական աշխատակցին՝ Սփյուռքի բաժնի վարիչին անդրադառնալիս նրա ձեռքբերումները թվարկեց՝ հետո նաեւ հավելելով, որ որեւէ նշանակություն չունի կուսակցական պատկանելությունը՝ եթե լավ աշխատող է, եւ առավել եւս չի պատրաստվում մերժել նրանց միայն նրա համար, որ դաշնակցական են։ Ու այս առնչությամբ որեւէ հրապարակում չի պատրաստվում հաշվի առնել։

Նախարարության աշխատակազմի կրճատում եղել է. հենց միայն 200 մարդ դուրս է մնացել լուծարված ինստիտուտներից, եւ կրճատումներ դեռ կլինեն, իսկ նախարարության ծախսերը կրճատվել են 10%-ով։ Իսկ հանրակրթությանը պետական բյուջեից տրվող միջոցները միայն ավելացման միտում են ունենալու։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031