Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՔԵՅԱՆԻՆ ԲՌՆՈՒՄ ԵՆ ԿԱՄ ՄԱՔԵՅԱՆՆ Է ԲՌՆՈՒՄ

Հունվար 15,1999 00:00
petros makeyan

Միայն ՀՅԴ-ն չէ, որ կարող է բացահայտումներ անել

«Մենք ասում ենք՝ տվյալ մարդը կաշառակեր է, օրինակ, կամ մեզ պետք է պատժեն կեղծ տեղեկությունների համար, եթե մենք վարկաբեկել ենք մարդուն, անմեղ Մաքեյանի մասին, օրինակ, ինչ-որ բաներ ենք ասել՝ կամ էլ Մաքեյանին պիտի բռնեն։ Հիմա, քանի որ ոչ մեկն է կատարվում, ոչ էլ մյուսը՝ մենք դեռ ստիպված սպասում ենք։ Միգուցե մեզ հարցնեն՝ ինչի հիման վրա մենք այդպիսի հայտարարություն արեցինք, միգուցե Մաքեյանին հարցնեն՝ արդյոք ի՞նքն էր։ Բայց Մաքեյանին, իմիջիայլոց հարցնում են… Արթիկում ինչ-որ քննություն է սկսել, ինչքան գիտեմ»,- հունվարի 13-ին ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի այս հայտարարությունն առիթ դարձավ, որ ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբի անդամ, իսկ նախկինում՝ Արթիկի գործկոմի նախագահ, 1996-97-ին Շիրակի փոխմարզպետ Պետրոս Մաքեյանը պատասխան խոսքի իրավունքով «Առավոտին» դիմի։ Եվ իր հայտարարությունները միայն ՀՅԴ-ին չէ, որ վերաբերում էին։

«ՀՅԴ տխրահռչակ հանրահավաքից հետո մի անգամ պատասխանել եմ եւ այժմ նորից փաստեր չեմ ներկայացնի, քանզի արդարանալու խնդիր չունեմ։ Իմ վերլուծությունները եւ փաստերը համոզում են, որ այստեղ ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ հանրապետության նախագահն ու Սերժ Սարգսյանն են Շիրակի մարզում ազդեցության խնդիր լուծում առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Նրանք շատ լավ գիտեն, որ հենարան չունեն։ Գիտեն նաեւ իմ ազդեցությունն այդ տարածաշրջանում եւ փորձում են կեղծ, սարքովի, շինծու հայտարարություններով ու նյութերով հեղինակազրկել ինձ։

Ի դեպ, այս նույն խնդիրը ժամանակին հետապնդում էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը եւ էլի Սերժ Սարգսյանը։ Երկու-երեք ամիս դադար տալուց հետո ամեն ինչ վերսկսվեց։ Այն մարդկանց, որոնք ինձ մտերիմ են կամ իմ նշանակած կադրերն են համարվում՝ փորձում են նեղություն տալ, խնդիրներ առաջացնել։ Շուրջ երեք ամիս է վերսկսվել է այս ամենը։ Ստուգողը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերստուգիչ-վերահսկիչ վարչությունն է, բայց 6-րդը ճիպոտը ձեռքին գլխներին կանգնած է։ Այսինքն, հիմնականը 6-րդ վարչությունն է՝ մնացածն ընդամենը կամակատար են։ Որքան գիտեմ՝ գործկոմի արխիվն են ուսումնասիրել 1993-ից սկսյալ, բայց արդյունքների մասին տեղյակ չեմ։ Փորձում են ինչ-որ բան գտնել, սարքել։ Ընդ որում, որ սա անպայման պատվեր է՝ վկայում է այն, որ բազմիցս ասվել է. «Եթե Մաքեյանի դեմ նյութեր տաք՝ խնդիրներ չեք ունենա»։ Իսկ մնացած տեղերում էլ՝ առիթից օգտվելով, որ վերեւից «դոբրո» կա՝ «գրդոն» անում եւ դուրս են գալիս։

Այլ է ՀՅԴ ղեկավարների խնդիրը… Սա հին պատմություն է։

Զինակիցներ ենք՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամ, իսկ այժմ Շիրակում լիազոր ներկայացուցիչ Ռոմիկ Մանուկյանի հետ։ Նա նաեւ փորձում է մարզպետ դառնալ։ Տարբեր ջոկատներ ունեինք, այնուհանդերձ, 1991-ին, երբ արդեն հայտնի էր, որ ինքը դաշնակցական է՝ փորձեց ինձ էլ, այսպես ասած, հետը տանել։ Եվ հանդիպում կազմակերպեց Վահան Հովհաննիսյանի հետ։ Եվ ակնհայտ դարձավ, որ մեր կուսակցական ճանապարհները տարբեր են՝ ես այն ժամանակ ՀՀՇ-ին էի հարում։

Հետագայում Ռոմիկ Մանուկյանը ցանկացավ «Ագրոսերվիսի» տնօրենը դառնալ։ Կրթություն չուներ, Ռուսաստանում հեռակա ինչ-որ ուսուցում էր անցնում եւ աշխատանքի փորձ էլ չուներ։ Ես նրան առաջարկեցի գլխավոր ինժեներ դառնալ, փորձ ձեռք բերել, եւ մի կես տարուց հետո՝ նոր տնօրեն։ Հրաժարվեց, եւ այդ պահից սկսվեցին մեր հակասությունները, անձնական հողի վրա ձեւավորվեց ու բարձրացավ մինչեւ դաշնակցության վերին ատյան։

Մի խնդիր էլ կար։ 1993-ի ծանր տարում ՀՅԴ-ն օգնություն էր բաժանում Արթիկում՝ նավթ, հագուստ եւ շաքարավազ։ Ընդ որում, նախընտրում էին այն գյուղերը, որտեղ դաշնակցական խմբեր էին գործում եւ հատկապես դաշնակցականներին։ Ես հանդիպեցի ՀՕՄ-ի ղեկավարներից տիկին Անժելայի հետ (ամերիկահայ էր) եւ խնդիրը շարադրեցի, որ արդարացի բաժանում չի կատարվում, ցուցակներից դուրս են մնացել բազմաթիվ անապահովներ եւ ճիշտ կլինի ցուցակներ կազմելիս իշխանությունների հետ համագործակցել։ Նաեւ ասացի, որ ճիշտ չէ նման պայմաններում միայն կուսակցական սկզբունքով առաջնորդվելը։ Բավական սուր բանավեճ ընթացավ, եւ ասացի, որ եթե նույն ձեւով շարունակվի՝ ես, որպես շրջխորհրդի նախագահ կարգելեմ այս տարածքում նման գործունեությունը, քանի որ դա ժողովրդին ավելի բորբոքում է։

Իրոք, մի մասն ասում էր՝ «ազգովին դաշնա՞կ դառնանք, որ մեզ էլ օգնություն հասնի»։ Այդ տիկինն ու իրեն ուղեկցող տեղական դաշնակցականներն էլ հայտարարեցին, թե իրենք պարտավոր չեն ազգը պահել. «Մենք միայն մերոնց ենք նայում։ Պետություն եք՝ դուք էլ ձերոնց պահեք»։ Այս պահից էլ կտրուկ վատացան դաշնակցության տեղական այլ առաջնորդների հետ հարաբերությունները։

Նոյեմբերյանի դեպքերից՝ «Կոլցո» օպերացիայից անմիջապես հետո, մի քանի ջոկատներ էինք ուղարկել աջակցության համար։ Հաջորդ օրն իսկ նույն Ռոմիկ Մանուկյանը զանգեց ինձ, թե «գերի եմ ընկել, զենքերը վերցրել են»։ Ես լրացուցիչ ուժեր ուղարկեցի։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ ամենը խաղ էր՝ զենքերը հետագայում իրացնելու համար։ Երբ փորձեցի պարզաբանել, թե ընդամենը մեկ օրում ինչպե՞ս գերի ընկան ու հետ եկան, զենքերն ո՞ւր են՝ տեղի դաշնակցականները սկսեցին վերնախավի հետ իմ փոխհարաբերություններն առավել սրել»։

Պրն Մաքեյանին հարցրինք, թե արդյոք ենթադրո՞ւմ է, որ Ռոմիկ Մանուկյանի եւ Շիրակի մարզի դաշնակցական առաջնորդների հետ իր փոխհարաբերություններն են պատճառը, որ ՀՅԴ գործիչները հանրահավաքում եւ այս ասուլիսում հոլովեցին իր անունը. «Նրանց կողմից սա մի տեսակ քինախնդրության նման բան է իրոք, ներքեւից։ Բայց դրան գումարվել է նաեւ վերեւների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ցանկությունը»։

Այնուամենայնիվ, եթե մի կողմ թողնենք ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ լինելու պարագան՝ էլ ինչով կարող է հիմնավորել իրեն հեղինակազրկելու՝ նախագահի եւ ՆԳ եւ ԱԱ նախարարի շահախնդրության վերաբերյալ իր ենթադրությունը։ Մեր այս հարցին ի պատասխան Պետրոս Մաքեյանը պատմեց 1997-ի նոյեմբեր-դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հետ իր մի հանդիպման մասին, որից եզրակացրել էր, թե վերեւների ցուցումով են նեղում Շիրակում իր մտերիմներին։ Նաեւ ՆԳ եւ ԱԱ վարչության պետ Աշոտ Գիզիրյանի խոսքը մեջբերեց. «Եթե ես վերեւների բոլոր ասածները կատարեմ՝ այստեղ չգիտեմ ինչ պիտի անեմ»։

«Ուղղակի խեղդում են տնտեսավարող սուբյեկտներին,- ամփոփեց Պետրոս Մաքեյանը։- Եվ նույն գործընթացն այժմ բոլոր մարզերում է ընթանում, բայց այստեղ միայն ինձ վրա են սեւեռված»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031