Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ ՉԻ, ՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ»

Հունվար 27,1999 00:00
vano

Հայտարարեց Վիգեն Խաչատրյանը եւ չսխալվեց: Առայժմ: «Երբ որ այս իշխանությանը պետք է, որ ԱԺ-ն որոշում ընդունի՝ չե՞ք տեսել, ինչ են անում… Գիշեր ու ցերեկ աշխատում էին պատգամավորների հետ՝ վախեցնելով, հորդորելով, խոստանալով, ինչ ուզես անում էին։ Էս ինչի՞ չեն նույն բանն անում, որ էդ որոշումը ստանան»,- նաեւ ասաց նա։ Սակայն մի հանգամանք անտեսեց. Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու հարցում բարձրաստիճան իշխանավորների շահագրգռությունները կարծես խիստ տարբեր էին։

Մասնավորապես, «Երկրապահ» խմբի քվեարկությունն ապացույց է, որ Վազգեն Սարգսյանն այս առումով նախանձախնդիր չէր։ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու օգտին հրապարակավ իր համաձայնությունը միայն ԱԺՄ-ն հայտնեց։ Առանց այդ մասին նախապես ազդարարելու՝ «կողմ» էին քվեարկել նաեւ կոմկուսի ներկայացուցիչները։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները ազատ քվեարկեցին, եւ «Երկրապահի» հազիվ կեսից քիչը իրենց ձայները միացրին խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանի հայտարարություններին դատաքննությամբ Վանո Սիրադեղյանի մեղավորությունը պարզելու անհրաժեշտության վերաբերյալ։ Պատճառը գուցե անձնական փոխհարաբերություններն էին, գուցե, այնուամենայնիվ, Վազգեն Սարգսյանի հրահանգը կամ որեւէ այլ բան։ Սակայն հիմնավորումների շարքում վստահաբար կարելի է բացառել իրավական կամ քաղաքական խնդիրները։ Չնայած գլխավոր դատախազի միջնորդությանը՝ համաձայնություն տալու հարցի առնչությամբ, բնականաբար, զուտ քաղաքական քննարկում ծավալվեց։

Պարույր Հայրիկյանը նախ հայտարարեց, որ երկու օր առաջ դիմել է Ռոբերտ Քոչարյանին՝ հրաժարվելով նախագահի խորհրդականի պաշտոնից, քանի որ ԱԺ ընտրություններին ցանկանում է մասնակցել որպես անկախ քաղաքացի։ Սակայն շարունակելու է ղեկավարել նախագահին առընթեր երկու հանձնաժողովները։ Խնդրո առարկայի վերաբերյալ Պարույր Հայրիկյանն ասաց. «Կգա ժամանակը, եւ Վանո Սիրադեղյանի կուսակցության, Վանո Սիրադեղյանի վարած քաղաքականության մասին ես կխոսեմ ամենայն խստությամբ։ Բայց ոչ այս առիթով, ոչ այսօր»,- որպես դիրքորոշման բացատրություն բերվեց հայտնի առածը. «Եզն ընկավ՝ դանակավորները շատացան»։

Սակայն Պարույր Հայրիկյանի ելույթից անհնար էր կռահել, թե նա եւ Ներսես Զեյնալվանդյանն ինչպես են քվեարկելու՝ հավասարապես փաստարկներ բերվեցին նաեւ հօգուտ արդարադատության իրականացման եւ հանցագործությունների բացահայտման անհրաժեշտության։ Մանավանդ, որ Պարույր Հայրիկյանը կանխատեսելով, թե «ՀՀՇ-ի մեր գործընկերները մի քանի օր հետո կհասկանան, որ իրենք չհասցրին կողմնորոշվել», ի վերջո, հանեց որոշման նախագծի իր առաջարկը, այն է՝ «Համաձայնություն տալ ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վանո Սիրադեղյանին դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, խափանման միջոցի հարցը թողնելով դատարանի հայեցողությանը»։ Նշենք նաեւ, որ դատախազը չէր առարկում այս նախագծին։ «Եթե գործին դատական կարգով ընթացք չտրվի, ապա մի անընդմեջ խարան է մնում ե՛ւ մեր վրա, եւ, որ շատ ավելի կարեւոր է՝ Վանո Սիրադեղյանի վրա»,- ասաց ԻՄ նախագահը։

ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանն էլ համահունչ մի դատողություն արեց. «Եթե կա կասկած՝ Վանո Սիրադեղյանն անպայման պիտի դատարան գնա…, բայց ոչ այս իշխանության օրոք, քանզի սրանք արդարություն չեն փնտրում։ Սրանք գիտեն, որ ժողովրդի դատի առջեւ են կանգնելու՝ մեզ հետ միասին գուցե»։ Չկալանավորելուն, բայց քրեական պատասխանատվության ենթարկելուն իր համաձայնությունը հայտնեց նաեւ «Հայրենիքը»։ Ենթադրելի է, թե քանի որ այդ առաջարկը չանցավ, «Հայրենիքը» եւս դեմ քվեարկեց։

Մանավանդ, որ Էդվարդ Եգորյանը կասկածներ հայտնեց ցուցմունքների ձեռք բերման միջոցների, դատախազի ներկայացրած փաստարկների հիմնավորվածության վերաբերյալ։

«Այս ամենից միայն մի զգացում է մնում՝ դառնություն»,- ԱԺՄ խմբակցության դիրքորոշումը հայտնելով՝ ասաց Շավարշ Քոչարյանը։ Մինչդեռ թվում էր, որ գոնե ԱԺՄ-ականները բավարարվածության զգացում պիտի ունենային։ Սակայն ԱԺՄ ներկայացուցչի տեսակետով, այս խնդիրը բարդացնում են մի քանի «բայց»-եր՝ մասնավորապես բազմաթիվ հայտնի հանցագործությունների վերաբերյալ դատական գործեր չեն հարուցվում (Շավարշ Քոչարյանի այս հայտարարության արձագանքն էր երեւի, որ գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց հաղորդում ներկայացնել ԱԺ-ին.- Ա. Ի.)։ Եվ ամենակարեւորը 1996-ին իրականացված պետական հեղաշրջման (որի մասին վկայել էր Վանո Սիրադեղյանը) կազմակերպիչները եւ մասնակիցները (Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան) չեն դատապարտվում։ «Եվ միգուցե, իրոք, այս հարցը բարձրացնելու պատճառներից մեկն այն է, որ ինքը՝ Վանո Սիրադեղյանն ասաց. «Այո, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել»։

Շավարշ Քոչարյանի ամենաազդու հիշեցումն էր. «Ձեր ստեղծած համակարգը հիմա ձեզ է խժռում, եւ ամեն մի պաշտոնյա կարող է հիմա այդ հարցը տալ՝ ո՞վ է հաջորդը»։ «Վաղը կալանավայրում գտնվող (ես սա ընդգծում եմ) մեկը կհայտարարի, որ իրեն այսպիսի հանձնարարություն է տրվել, եւ ձեզ կներկայացվի ոչ թե միջնորդություն, այլ դատավճիռ»,- պատգամավորներին դիմեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բաբկեն Արարքցյանը՝ մատնանշելով գլխավոր դատախազի միջնորդության այն հատվածները, ըստ որոնց «Վանո Սիրադեղյանը կատարել է հանցագործություններ», եւ ոչ թե դրա վերաբերյալ կասկածներ կան։ Պրն Արարքցյանը նաեւ տեսակետ հայտնեց, որ խմբակցությունը պիտի դիմի հեղինակավոր մասնագիտական կազմակերպությունների՝ պարզելու, թե արդյոք նման միջնորդությունը կարո՞ղ էր պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ։ Բայց արդեն իսկ այդ փաստաթուղթը «որեւէ քննության ոչ ենթակա», «շինծու», հրապարակումներին արժանացավ։

Խնդրի քաղաքական կողմին անդրադառնալով՝ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ հարցը ոչ թե անհատապես Սիրադեղյանին է վերաբերում, այլ ՀՀՇ վարչության ղեկավարին պատասխանատվության ենթարկելուն. «Կուսակցություն, որն այսօր միակ ուժն է, որ կարող է իր ձայնը բարձրացնել այս ամենի դեմ»։ Բաբկեն Արարքցյանը կտրուկ դեմ արտահայտվեց Սիրադեղյանին չկալանավորելով քրեական պատասխանատվության ենթարկելու առաջարկին, այն որակելով մի հնարք. «ՀՀՇ-ն ընտրարշավից հանելու եւ բոլոր նետերը նրա դեմ ուղղելու համար՝ օգտագործելով այդ դատական գործընթացը»։

«Երկրապահ» խմբի նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց. «Ազգային ժողովը պատսպարվելու տեղ չէ»։ Նրա խոսքերից մեջբերումներն այսքանով էլ սահմանափակենք, քանզի քվեարկությունն ապացուցեց, որ նա՝ իր հայտարարությանը հակառակ, խմբի մեծամասնության տեսակետն իրականում չէր արտահայտում։

«Ամենից առաջ ՀՀՇ-ի շահերից է բխում, որ այս կասկածը վերանա,- ասաց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը։ – Նույն Վանո Սիրադեղյանին են ձեռնտու եւ պետք նման հարցադրումների վերջնական լուծումները»։

ԱԺ ե՛ւ նախագահը, ե՛ւ փոխնախագահը Պարույր Հայրիկյանի առաջարկած որոշման նախագծի կողմնակիցներ էին։ Ենթադրելի է, որ ձայների հարաբերակցությունը զգալիորեն տարբեր կլիներ, եթե գլխավոր դատախազը տեւականորեն չպնդեր իր միջնորդությունը. «Քրեական քաղաքականության պրակտիկայում ես չեմ տեսել մի որեւէ գործ, երբ բազմաթիվ սպանություններ կազմակերպող անձի նկատմամբ, որպես խափանման միջոց՝ կալանք չընտրվի։ Եվ ես, որպես գլխավոր դատախազ, չեմ կարող չներկայացնել Վանո Սիրադեղյանին կալանավորելու հարցը»։

Ավելին, Աղվան Հովսեփյանը բավական զորեղ հակափաստարկներ ներկայացրեց Վանո Սիրադեղյանի այն պնդմանն ի պատասխան, թե Վահան Հարությունյանը հոգեկան հիվանդ էր։ Հավելվեցին մանրամասներ Արմեն Տեր-Սահակյանի՝ դեռեւս նախաքննությունը չավարտված գործից։ Ինչեւէ, այս ամենի ամփոփումը փակ գաղտնի քվեարկությունն էր։

Դահլիճում ներկա 164 պատգամավորներից 145-ը մասնակցեցին քվեարկությանը, որոնցից 56-ը «կողմ» էին դատախազի միջնորդությանը, 65-ը՝ «դեմ», 24-ը «ձեռնպահ» քվեարկեցին։ Ծափահարելու փորձեր եղան, որոնք, այնուամենայնիվ, վաղաժամ էին։ Քանզի «Առավոտի» խիստ հավաստի տվյալների համաձայն՝ երկուշաբթի գլխավոր դատախազը դարձյալ պնդելու է իր միջնորդությունը, այս անգամ՝ փոքր-ինչ փոփոխված, Պարույր Հայրիկյանի առաջարկած տարբերակին մոտ ձեւակերպմամբ։ Իսկ առայժմ հարցական է, թե ինչ խնդիր են այնուամենայնիվ հետապնդում իշխանությունները՝ այս հարցը հենց այժմ խորհրդարանին ներկայացնելով։

Ավելի փոքր «ձկան»՝ Նվեր Չախոյանի փորձը պիտի ապացույց լիներ (եթե մնացածը մի կողմ թողնենք), որ 4 տարի միասին աշխատած պատգամավորների մի մասը զուտ մարդկայնորեն չի քվեարկի իր գործընկերոջ բանտարգելության օգտին։ Ուրեմն, նպատակը եւս մեկ անգամ ցույց տալն է, թե ինչ խորհրդարա՞ն ունենք։ Որ հետո այդ փաստարկն օգտագործվի՝ երբ նրանք սակագների եւ այլ խնդիրնե՞ր արծարծեն։ Զուտ քարոզչակա՞ն էր, թե՞, ինչպես բազմիցս նշվեց, նպատակը հասարակության ուշադրությունը սկանդալային գործարքներից եւ Բաբկեն Արարքցյանի բնորոշմամբ՝ «ԱԺ պատգամավորներ նշանակելու մասին կարգի»՝ ընտրական օրենսգրքից շեղելն էր։ Իսկ այս ամենի դեպքում ինչպե՞ս է բացատրվելու, այնուամենայնիվ, խորհրդարանը չլուծարելը, որին կարծես այլեւս ոչ ոք չի ընդդիմանում։ Նաեւ Պարույր Հայրիկյանն էլ վկայեց, որ նախագահն ԱԺ-ն ցրելու մտադրություն մինչեւ նախորդ օրը չի ունեցել «նույնիսկ տրամադրվածության նշույլ չի եղել»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031