Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՉԷ, ՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է

Փետրվար 16,1999 00:00
lrutyun

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց 10-15 եզդի էին հավաքվել։ Ասում են՝ մեր գյուղից 9 անասուն են գողացել։ Ամբողջ գյուղը գիտի, թե ով է տարել։ Գողացողն ասում է, որ ինքն է տարել, բայց դատախազության կարծիքով, գողը նա չէ։

Երեւի դա են պահանջում նախաքննության շահերը

Նախաքննության շահերի ձեռքից, մեղմ ասած, կրակն ենք ընկել։ Այս 10 տարվա մեջ մի անգամ չիմացանք, որ այդ շահերի պաշտպանությունը որեւէ մի օգուտ տված լինի։ Ընդհակառակը՝ դրանք ավելի ու ավելի են խորացնում կասկածները։ Անգամ գյուղի հեքիմը կարող է որոշել՝ Արծրուն Մարգարյանը բնական պահանջ ունեցե՞լ է։ Այդ ի՞նչ բժիշկներ են, եթե մի քանի ժամից չեն կարող ասել, թե որ գնդակն է մահացու եղել։ Եթե չեն ասում, ուրեմն պետք չէ։ Եթե չեն ասում, թե որ ժամին է վրա հասել մահը, ուրեմն կարող է փոխվել մահվան ժամն ու մահացու գնդակը։ Աքսիոմներ կան, որոնք միեւնույն է, փոփոխման ենթակա չեն, որքան էլ պահանջեն նախաքննության շահերը։ Ուրեմն դրանք ոչ թե նախաքննության, այլ գործի շահերն են պահանջում։ Ամեն ինչ հարմարեցվում է իրար՝ կնճիռներն արդուկվում են ու մի լավ, առանց գլխացավանքի, գործ է կազմվում։ Յուրաքանչյուր ավելորդություն ամեն ինչ խառնում է իրար։ Սպանությունների շարքում հանկարծ մի անգամ վկաներ հայտնվեցին, ու դատախազությունը խառնվեց իրար։ Համոզված եմ, ամեն ինչ կտային, որ այդ վկաները չլինեին։ Սովետական շրջանից մեր իրավապահների գործունեությունը միայն մի բանով է տարբերվում՝ պաշտոնապես հաստատում են այն, ինչ բոլորը գիտեն։

Ի՞նչն է վեր նախաքննության շահերից

Եվ այսպես, մեքենան կանգնում է Նոր Հաճընի ճանապարհին։ Թիկնապահներն ասում են, որ Արծրուն Մարգարյանը կորցրել էր ինքնատիրապետումը, իրենց վրա «Մակարով» տիպի ատրճանակ է պահել։ Ատրճանակի կոթը բինտով փաթաթված է եղել։ Բոլորն էլ գիտեն, որ բինտը մատնահետքեր չի վերցնում՝ այսինքն երկրորդ ատրճանակի մասին նրանց պատմածը համարյա անապացուցելի է։ Թիկնապահները ուժ գործադրելով խլել են «Մակարովը» եւ մեքենայից դուրս վազել, գիտեին, որ հրամանատարի մոտ «Սմիթ եւ Վեսոն» տիպի ատրճանակ էլ կա։ Ա. Մարգարյանը նրանց հետեւից կանչել է, որ հետ վերադառնան՝ չվախենան, բայց նրանք հեռացել են։ Ի՞նչ անեն։ Հրամանատարին հո չե՞ն կապկպելու։ Որոշ հեռավորությունից երկու կրակոց են լսել, մտածել են՝ իրենց հետեւից է կրակում։ Նրանց պատմելով՝ փախել են, ոտքով եկել մինչեւ Երեւան-Սեւան խճուղու Աբովյանի պետավտոտեսչություն։ Մինչեւ տեղ հասնելը ռացիայով բաց եթեր են մտել, «SOS» հայտարարել։ Մի քանի զորամասերում ազդանշանն ընդունել են։ Բայց, երբ նրանց պատասխանել են, ասել են առանձնապես բան չկա, մեքենան խփել ենք՝ ինքներս գլուխ կհանենք։

Հետո արդեն ասել են, թե չէին ուզում հրամանատարին անհարմար վիճակի մեջ գցել։ Պետավտոտեսչությունից զանգել են Արծրուն Մարգարյանի վարորդին, պատմել իրենց վարկածը։ Վերջինս շտապ եկել է, թիկնապահներին խճուղու վրայից վերցրել, ու միասին գնացել են դեպքի վայրը։ Վարորդին հայտնել են, որ «Մակարովը» խլելու ժամանակ ուժ են գործադրել, հնարավոր է՝ Ա. Մարգարյանի ձեռքը վնասված լինի։ Հրամանատարին փնտրել են, բայց չեն գտել, մտածել են՝ տուն է գնացել։ Խճուղու վրա թողած մեքենան վերցնելով՝ հետ են եկել Երեւան, բայց Ա. Մարգարյանի տան դրսի լույսն անջատված չէր։ Նրանք գիտեին, որ լույսն անջատվում է, երբ նա տուն է վերադառնում։ Վարորդը թիկնապահներին տուն է ուղարկում, բայց չի հանգստանում։ Զանգահարում է Ա. Մարգարյանի ընկերներից մեկին, բարձրաստիճան մի զինվորականի։ Երկուսով մի անգամ էլ են գնում դեպքի վայր, սակայն՝ նորից ապարդյուն։

Առավոտյան ներկայանում են աշխատանքի։ Հրամանատարը չկա ու չկա։ Մի քանի ժամից զեկուցում են ՆԳ եւ ԱԱ փոխնախարարներից մեկին։ Մնացածն արդեն հայտնի է։

Վարկածներ

Մի քանի ամիս առաջ Ա. Մարգարյանի թիկնապահները ներկայացվել են հեռացման։ Նրանց անունները տեղ են գտել մի ցուցակում, որտեղ ընդգրկվածների աշխատանքը ՆԳ եւ ԱԱ համակարգում աննպատակահարմար է համարվել։ Ինքնասպանության վարկածը, փաստորեն, հիմնվում էր միմիայն նրանց ցուցմունքների վրա։ Բայց գնդակների հետքերն արդեն իսկ պետք է կասկածի տակ դնեին այդ վարկածը։ Կրծքավանդակի գնդակի հետքը վերեւից ներքեւ որոշ թեքություն ունի, ասես գլխավերեւից կրակել են ընկած մարդու վրա։ Իսկ գլխին ուղղված կրակոցն արձակվել է ականջի հետեւի մասից, ծակելով բաճկոնի օձիքը։ Երկու կրակոցներն էլ ինքնասպան լինելու համար բավականին անհարմար դիրքից են արձակված։ Մեքենայի մեջ հայտնաբերված չկրակված գնդակը վկայում է, որ Ա. Մարգարյանի զենքին անծանոթ մարդիկ մի անգամ էլ են վերալիցքավորել «Սմիթ եւ Վեսոնը», որի պատճառով փողի միջի գնդակն ընկել է ներքեւ։ Քանի որ գնդակը հայտնաբերվել է մեքենայում, Ա. Մարգարյանի մատներն էլ վնասված են, ուրեմն նրա նկատմամբ, իսկապես, ուժ է գործադրվել։ Ըստ վարկածներից մեկի, ոչ թե «Մակարովը», այլ հենց «Սմիթ եւ Վեսոնը» խլելու նպատակով։ Ա. Մարգարյանը կարող էր զենք հանել վտանգ զգալու դեպքում, միգուցե պահանջել է, որ մեքենան չկանգնեցնեն։

Մոտիվներ

Եթե տարրական հարցերի պատասխանները չենք ստանում, ապա մոտիվների մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։ Մարդիկ մինչեւ հիմա քմծիծաղում են գլխավոր դատախազի սպանության եւ Ա. Կարապետյանի ինքնասպանության մոտիվի վրա։ Ինչ-որ մի փարաքարցի արժեքից թանկ օդանավի տոմս է վաճառել ու այդ գործի վերաբացվելը ձախողելու համար Ա. Կարապետյանը նման քայլի է դիմել։ Այդ մոտիվը պաշտոնապես հաստատելը պարզապես ամոթ էր։ Գլխավոր դատախազի նախավերջին ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե Վ. Սիրադեղյանն ինչո՞ւ պետք է կազմակերպեր Ս. Ջիլավյանի սպանությունը, նա պատասխանեց. «Նրա ելույթից էլ զգացվում էր, որ Վանո Սիրադեղյանն անբարյացակամ է տրամադրված Սերժ Ջիլավյանի հանդեպ»։

Գլխավոր դատախազը անբարյացակամ լինելը մարդ սպանելու համար բավարար հիմք է համարում։ Ասում են, մոտիվը գտնելուց հետո հանցագործության բացահայտումն արդեն տեխնիկայի գործ է։ Երեւի մյուս սպանություններում էլ նման մոտիվներ են փնտրվում, դրա համար էլ հանցագործությունները մնում են չբացահայտված։ Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազության դիմաց 10-15 եզդի էին հավաքվել։

ՀՐԱՉ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728