Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՏԵՂԻ ՀԱՄԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

Ապրիլ 13,1999 00:00
Toto

Օտարերկրյա ներդրումները եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը շատ հիմնավոր պատճառաբանություն ունեին. դրանք ոչ միայն պիտի մեղմեին սոցիալական լարվածությունը, այլեւ անշեղորեն բարձրացնեին ժողովրդի կենսամակարդակը։ Բայց ստացվեց՝ հակառակն այն խոսքը չէ։

Իրենց բողոքը մոտավորապես այսպես ձեւակերպեցին «Ֆըրսթ Դայնսթի Մայնզ-Արմենիա» հայ-կանադական (տվյալ դեպքում թերեւս ավելի ճիշտ կլիներ ասել՝ կանադա-հայկական) համատեղ ձեռնարկության Սոտքի մասնաճյուղի աշխատակիցները (բնականաբար՝ հայ)։ Ձեռնարկության երկար-բարակ անունից հավանաբար միայն տեղյակներն իմացան, որ խոսքը «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության Սոտքի մասնաճյուղի մասին է։ Որ այն համատեղ ձեռնարկություն է դառնում, աշխատողներն իմացել են ամենավերջինը։ Նրանք պնդում են, որ կնքված պայմանագիրը խայտառակ մի բան է, եւ առավելագույնս «խփում է» իրենց շահերին։ «Առավոտը» առաջիկայում կփորձի անդրադառնալ այդ հարցին։ Այս պահին մեզ ավելի հետաքրքրում էր այն, որ ձեռնարկության՝ պայմանականորեն ասած աշխատակիցները երկար ժամանակ չստանալով իրենց հասանելիք աշխատավարձ-արձակուրդայինները, նստել էին ավտոբուսները եւ Վարդենիսից հասել Երեւան։

Ձեռնարկությունը համատեղ դառնալուց հետո չի աշխատել, եւ պահեստային բանվորներին տրվել է ամսական 20 ԱՄՆ դոլարի չափով գումար։ Ձեռնարկության արհկոմի նախագահն ասաց, որ իրենք չեն հասկանում՝ դա նվազագույն աշխատավա՞րձ է, թե՞ ինչ։ Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի, պահեստայինները պետք է ստանան իրենց հասանելիք աշխատավարձի երկու երրորդը։ Պարզապես պայմանագրում հիշատակություն չկա եւ բանվորները պատկերացում չունեն այդ հասանելիք աշխատավարձի չափի մասին։

Վերջիններս արդեն հինգերորդ օրն է, որ «Հայոսկի» ձեռնարկության գրասենյակում, իրենց ասելով, «պոլին, խալիներին» են գիշերում՝ վերջնահաշվարկը ստանալու վճռականությամբ։ Հինգ օրվա պայքարն արդյունք տվեց. Երեւան հասած բանվորներին երեկ 50 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար տվեցին՝ յուրաքանչյուրին մոտավորապես 150 հազար դրամ։ Դրանով հազիվ պարտքերի կեսը տան, հետո՞ ինչ անեն. տարակուսում էին մարդիկ։ Այդ գումարից բաժին չհասավ Վարդենիսում մնացած բանվորներին։ Հավանաբար, նրանք էլ պիտի գան-հասնեն մայրաքաղաք՝ իրենց իսկ փողի հետեւից։ «Չի բացառվում, որ վաղը Մեղրաձորի հանքի, մյուս օրը՝ Արարատի ֆաբրիկայի բանվորները գան այստեղ։ Նրանք էլ այս նույն վիճակում են»,- չեն բացառում վարդենիսցիները։ Նրանք ասում են, որ ըստ պայմանագրի, կանադական կողմը 40 միլիոնի ներդրումներ պետք է կատարեր, 1000 նոր աշխատատեղ բացեր՝ եւ արդեն այսօր աշխատանքները պետք է սկսվեին։ Սրա փոխարեն կանադացիների հրավիրած մասնագետները ստանում են, ըստ մեր աղբյուրի, մինչեւ 6000 (նույնիսկ ասացին՝ 13000) ԱՄՆ դոլար ամսական աշխատավարձ կամ բոլոր պահեստայինների ամսական ստացածը՝ միասին։ Վարդենիսցիները պնդում են, որ պայմանագրի՝ ոչ նպաստավոր լինելու եւ նույնիսկ դրա չկատարման մասին իրենք հայտնել են ՀՀ կառավարություն եւ ԱԺ։ Իրենց պատգամավոր Ստեփան Բարսեղյանը հարցը բարձրացրել է ԱԺ-ում, որտեղ նրան պատասխանել են, որ մարդ կուղարկեն՝ հարցը տեղում ուսումնասիրելու։ Երեւի ավելորդ է ասել, որ ոչ ոքի էլ չեն ուղարկել։

Ամենակարեւորը բանվորների համար նույնիսկ այդ գումարը չէր, որ ստացան։

«Ամենակարեւորը մեր հետագա ճակատագիրն է։ Որ մենք ընդգրկվել ենք հայ-կանադական էս ձեռնարկությունում, իրանց խոստումները, իրանց պայմանագիրը խախտել են, եւ մենք չենք իմանում՝ մենք կաշխատենք, թե չէ»,- ասաց Վահան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վարդենիս- 1-ը, որտեղ ապրում են այս մարդիկ, բանավան է։ Բնակիչները արտադրությունում են աշխատում, հող եւ անասուն չունեն։ Ասում են, որ իրենց բնակարաններում լույսը, ջուրը պարտքի դիմաց անջատել են եւ սպառնացել են («չգիտենք՝ ճիշտ ա, ճիշտ չի») բնակվարձը չտալու համար բնակիչներին դատի տալ։

Բանվորները պատրաստվում էին գումարը ստանալուց հետո գնալ կանադական կողմի գրասենյակ եւ իրենց բողոքը նրանց ներկայացնել։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Այս հինգ օրվա ընթացքում բողոքողներին սնունդով ապահովել են իրենց պատգամավորը եւ միավորման արհկոմի նախագահը։ Առաջարկել են նաեւ գիշերելու տեղ, բայց բանվորները հրաժարվել են վերջինից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930