Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԿԻՊՐՈՍԻ ՉՎԵՐԹԸ ԱԽՈՐԺԱԼԻ ՊԱՏԱՌ Է

Ապրիլ 30,1999 00:00
toto

«Ազգ» օրաթերթի համարներում անդրադարձել էի Երեւան-Կիպրոս-Երեւան անդրանիկ չվերթի բացմանը եւ միաժամանակ նկատել, որ Կիպրոս մեկնող ուղեւորը կնախընտրի ճամփորդել ոչ թե «Էրեբունի», այլ «Զվարթնոց» օդանավակայանից, առավել եւս ոչ թե ՅԱԿ-40, այլ առավել հարմարավետ օդանավով։

Սակայն մեր անդրադարձը, մեղմ ասած, խիստ բացասական ընդունվեց «Արարատ ավիա» ՊՓԲԸ կողմից, որին, ի դեպ, անվանել ենք «Արարատ» մասնավոր ընկերություն։ «Ազգի» ռեպլիկը հիվանդագին ընդունելով՝ «Արարատ ավիայի» գործադիր տնօրեն Սերգեյ Վանցյանն ի պատասխան առաջադրել էր մեղադրանքների մի ողջ շղթա, ինչն էլ առիթ հանդիսացավ անցկացնել լրագրողական փոքրիկ հետաքննություն, առավել մոտիկից ծանոթանալ «Արարատ ավիայի» գործունեությանը։ Որպես ի գիտություն՝ պրն Վանցյանը փաստում է, որ «Արարատ ավիան» ոչ թե մասնավոր, այլ պետական ձեռնարկություն է եւ ճանաչված է միջազգային ավիացիոն կազմակերպությունների՝ ԻԱՏԱ-ի եւ ԻԿԱՕ-ի կողմից։ Բայց, չգիտես ինչու, չի արձանագրում, որ միջազգային ավիացիոն կազմակերպությունների պահանջով, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 1994 թ. թիվ 507 որոշման պահանջով, զինվորական օդանավակայանում արգելվում է բազավորել քաղաքացիական ինքնաթիռներ. մինչդեռ ոչնչից աղմուկ հանելով, պրն Վանցյանը, հավանաբար, նպատակ ուներ ապահովագրելու իր իսկ կողմից կատարվող ոչ ճիշտ քայլերը։ Շրջանցելով կառավարության համապատասխան որոշումը, «Արարատ ավիան» նախընտրում է իր ինքնաթիռները բազավորել միայն «Էրեբունի» օդանավակայանում, քանի որ հարգարժան ավիատորին ձեռնտու է պաշտպանության նախարարության քողի տակ օգտագործել սեփական խաղաքարտերը։

Պրն Վանցյանն իր չարանենգ պատասխանում մի քանի անգամ շեշտում է, որ «Արարատ ավիան» պետական է։ Մենք շատ լավ գիտենք «Արարատ ավիայի» կարգավիճակը, սակայն պետականից մնացել է միայն կանոնադրությունը, բայց գործունեությունը պրն Վանցյանն իրականացնում է մասնավոր։ Ի գիտություն, պրն Վանցյանին հիշեցնենք, որ գործող աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն, միեւնույն ձեռնարկությունում արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց, եթե նրանց ծառայությունը կապված է մեկը մյուսի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ։ Մինչդեռ «Արարատ ավիայի» կոմերցիոն տնօրենը, գլխավոր հաշվապահը, հերթափոխի պետը (շղթան կարող ենք թվարկել) պրն Վանցյանի մերձավոր ազգականներն են։ Ավելին՝ պետական կարգավիճակի քողի տակ հմուտ ավիատորը չվերթերը կատարում է մասնավոր «Մասիս ավիայով»։ Մեծահոգաբար չենք մանրամասնում «Մասիս ավիայի» բաժնետերերին։ Մի փաստ եւս, կենսաթոշակային հիմնադրամի ֆինանսաբյուջետային վարչության պետի՝ մարտի 15-ի տեղեկանքի համաձայն, «Արարատ ավիայի» չվճարված աշխատավարձերը եւ հիմնադրամի նկատմամբ ունեցած ժամկետանց պարտքերը կազմում են 106 մլն 883 հազար դրամ։

Առավել չմանրամասնելով արձանագրենք, որ ներկայումս «Արարատ ավիան» իրեն պատկանող ՅԱԿ-40 ինքնաթիռներով չվերթեր չի կատարում (բացառությամբ՝ Կիպրոս), փոխարենը թռիչքները կատարում են ԱՆ-24 մասնավոր ֆիրմայի ինքնաթիռներով։ Ի դեպ, լրագրողական հետաքննության արդյունքում արձանագրենք նաեւ, որ «Արարատ ավիան» ունի օդանավակայանային ծառայություն, ինչը մինչ օրս վերապահված չէ «Հայկական ավիաուղիներին»։

Վերջում ավելացնենք, որ պրն Վանցյանն իր հրապարակման մեջ նշում էր, որ ես կամ չիմանալով եմ խեղաթյուրել փաստերը, կամ էլ, որ երիցս դատապարտելի է, կատարել եմ «ինչ-որ մեկի սոցիալական պատվերը»։ Լրագրողին էժանագին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն ցանկալի կլիներ, որ ավիաբիզնեսով զբաղվող պաշտոնյան անպատասխանատու հայտարարություններ անելուց առաջ ծանոթանար քր. օր.-ի 131 հոդվածին, որով ոչ հիմնավորված, սուտ հերյուրանքներ տարածելը զրպարտություն է, որը սահմանում է համապատասխան պատիժ։

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Հ. Գ. Կից ներկայացվում են Ս. Վանցյանի՝ ավիացիայի ոլորտում աշխատող ազգականների ցուցակը եւ պաշտոնները։

1. Հարություն Վանցյան- հերթափոխի պետ «Արարատ-ավիայում»

2. Արամ Վանցյան -«Աերոստար» գործակալության տնօրեն

3. Պարույր Վանցյան – «Արարատավիայի» գլխ. հաշվապահ

4. Պ. Վանցյանի կինը- «Արարատ ավիա», ավագ դիսպետչեր

5. Բարսեղ Բարսեղյան – «Արարատ ավիայի» կոմերցիոն տնօրեն

6. Ստյոպա Բարսեղյան – «Մասիս ավիայի» ղեկավար

Չափազանց հետաքրքիր է, որ պետական հիմնարկության ղեկավարը լրագրողին մեղադրում է, որ նա «սոցիալական պատվեր է կատարում»։ Մինչդեռ սոցիալական պատվեր կատարելը լրագրողի ամենաանմիջական զբաղմունքն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930