Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է «ՌԵՖԼԵԿՏՈՐԱՅԻՆ» ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Հուլիս 02,1999 00:00
David Shahnazaryan

Հարցազրույց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի հետ

-«Ընդհանուր պետության» բանաձեւի պահպանումն, ըստ ՀՀ դիվանագետների, մեր արտաքին քաղաքականության մեծագույն հաջողությունն է, քանի որ չի լինելու ուղղահայաց կախվածություն, այլ կլինեն հորիզոնական հարաբերություններ։ Գործնականում որքանո՞վ է իրատեսական։

-Ես բազմիցս նշել եմ, որ առաջարկներն, ըստ էության, իրարից չեն տարբերվում։ Փուլային եւ փաթեթային բաժանումները խիստ պայմանական են։ Վերջերս դա հաստատեցին նաեւ Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները։ Նախավերջին եւ վերջին առաջարկներում, որպես կանոն, պահպանվում է լիսաբոնյան բանաձեւը։ Իմ կարծիքով, «ընդհանուր պետություն» կոչվող փաթեթը, եթե գովազդային պահերը մի կողմ դնենք, հայկական կողմի համար շահավետ չէ փուլային փաթեթից։ Միջազգային հանրության հետաքրքրությունն այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ մեծապես նվազել է։ Բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղային վիճակում եւ որեւէ որակական փոփոխություն չեմ ակնկալում։ Ինչպիսի առաջարկություններ էլ ներկայացվեն, հիմքում լինելու է լիսաբոնյան փաստաթուղթը։ ՀՀ իշխանությունների կողմից «ընդհանուր պետության» գաղափարի գովաբանումն ունի ներքին քարոզչական նշանակություն։

-Եթե վերջին առաջարկը նախորդից չի տարբերվում, ապա ինչո՞ւ, ըստ ձեզ, Ալիեւի համար նախորդն ընդունելի էր, իսկ վերջինը՝ ոչ։

-Որովհետեւ փոխվել է իրավիճակը։ Հայաստանն է լուրջ անկում ապրել։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ժամանակն աշխատում է ի վնաս մեզ։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը գնում է մեկուսացման։ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել միջազգային հեղինակությունն ու ընդլայնել կապերը։ Տարածաշրջանային գործընթացներից, այդ թվում «ՏՐԱՍԵԿԱ» եւ «ԻՆՈԳԵՅԹ» ծրագրերից Հայաստանը դուրս է մնում։ Միջազգային հանրությանը տեսանելի է Հայաստանի անսկզբունքային արտաքին քաղաքականությունը։ Չկա ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգ։ Եթե մինչեւ 1995 թ. ՀՀ-ն վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն եւ կարողանում էր զուգահեռաբար հարաբերություններ զարգացնել ԱՊՀ-ի, Արեւմուտքի եւ եվրոպական տնտեսաքաղաքական կառույցների հետ, ապա հիմա վարում է «ռեֆլեկտորային քաղաքականություն»։ Համեմատեք Քոչարյանի ՄԱԿ-ի ելույթը եւ թուրքական «Միլիեթ» թերթին տրված հարցազրույցը։ Ի պատասխան թուրք լրագրողի հարցապնդման Քոչարյանը 1915 թվականի հայոց ցեղասպանությունը որակել է որպես դեպքեր։ Տարածաշրջանում մեծանում է բեւեռացումը, բախվում են տարբեր պետությունների շահեր, ինչը կարող է ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ Վրաստանն ու Ադրբեջանը կարծես թե ձգտում են մի կողմ, իսկ Հայաստանը՝ մեկ այլ կողմ։ Այս ամենն ի մի բերելով, ակնհայտ է, որ ժամանակը ԼՂ հիմնախնդիրը կլուծի հօգուտ Ադրբեջանի։ Ղարաբաղի արտագաղթն էապես մեծացել է, ինչը ԼՂ հիմնախնդրում սպառնում է դառնալ որոշիչ գործոն։

-Դուք իրատեսակա՞ն եք համարում ռազմական գործողությունների միջոցով հարցի լուծումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը։ Եթե հաշվի առնենք, որ տնտեսական առումով Ադրբեջանը Հայաստանից մի քանի քայլ առաջ է, ապա Ադրբեջանին որքանո՞վ է ձեռնտու հարցը լուծել ռազմական ճանապարհով։

-Թվում է, թե ձեռնտու չէ, բայց կգա մի պահ, որ Ադրբեջանը կզգա ռազմական, տնտեսական եւ միջազգային ասպարեզում իր բացարձակ գերակայությունը, եւ այդ դեպքում բացառված չեն ռազմական գործողությունները։ Նախորդ փուլում մեզ հաջողվեց պատվով դուրս գալ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմից եւ Ադրբեջանին ստիպել գնալ զինադադարի։ Ներկայիս զինադադարի պայմաններում հայկական կողմը տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքականության առումով ակնհայտորեն տանուլ է տալիս։ Չի կարելի բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, այդ հավանականությունն առկա է։ Ժամանակն աշխատում է ի վնաս մեզ, եւ այն լուծումը, որ կարող ենք այսօր ակնկալել, մեկ ամիս հետո միգուցե հնարավոր չլինի։ Հայաստանի ներքաղաքական փոփոխությունը, ժողովրդավարությունից նահանջը, խիստ բացասաբար անդրադարձան արտաքին քաղաքականության վրա։ Քոչարյանն ակնհայտ ցույց է տալիս, որ ինքը որեւէ կարգավորում չի ուզում։

-Տարածաշրջանում ձեւավորվող ռազմական դաշինքների առկայության պայմաններում Հայաստանն, ըստ ձեզ, ինչպիսի՞ քաղաքականության կողմնակիցը պետք է լինի՝ արեւմտամե՞տ, թե՞ ռուսամետ։

-Հայաստանը պետք է վարի հավասարակշռված, այսինքն՝ հայաստանամետ քաղաքականություն, օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնք կան եւ անընդհատ մեծանում են։ Միայն արեւմտամետ կամ միայն ռուսամետ քաղաքականությունները հավասարաչափ կործանարար են։

-Դուք գտնում եք, որ Հայաստանում կա այնպիսի դիվանագիտական ներուժ, որը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել անտեսելով Ռուսաստանի շահե՞րը։

-Ոչինչ պետք չէ անտեսել։ Բայց գերակայողը պետք է Հայաստանի պետական շահերը լինեն։ Հարեւան պետությունները չեն սահմանափակվում միայն ռազմական դաշինքներով։ Նրանք բազմակողմ, այլ միավորումների մեջ են, եւ կարողանում են, իրենց արտաքին կապերը մանեւրելով՝ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը բխում է իրենց պետության շահերից։ Հայաստանում դա չի արվում, մինչ օրս տարվում է «կամ-կամ»-ի քաղաքականություն։ Վրաստանն ու Ադրբեջանը հաճախ Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշումներ դրսեւորելով, այնուամենայնիվ, կարողանում են իրենց հարցերը լուծել։ Նրանք եւս հստակ արեւմտամետ քաղաքականություն չեն վարում։ Ընդամենը հռչակելով այդպիսի քաղաքականություն եւ զուգահեռ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները չվատացնելով, քայլեր են ձեռնարկում, արդյունքում՝ առավել ինքնահաստատվում են։

-ԵՄ-ի պայմանագրի ստորագրումը ենթադրում է «ՏՐԱՍԵԿԱ» եւ «ԻՆՈԳԵՅԹ» ծրագրերի ակտիվացում, բայց նաեւ առավել նպաստում է «Մետաքսի ուղու» ակտի ընդունմանը, որը գերակայող է 907 բանաձեւին։

-Քոչարյանը Լյուքսեմբուրգում վավերացրեց պայմանագիր, որը ստորագրվել էր 1996-ին։ Արդեն բավական ժամանակ է 907-ը դեֆակտո չի գործում, այն միայն թղթի վրա է։ Իրականում բանաձեւը տնտեսական լուրջ սահմանափակումներ արդեն չի առաջացնում Ադրբեջանի համար։ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրով Վրաստանում եւ Ադրբեջանում մեծ ներդրումներ են արվել, մասնավորապես, ավտոճանապարհների բարելավման ուղղությամբ, մեծացել է բեռնափոխադրությունը։ Իսկ Հայաստանն իրականում այդ ծրագրերից ոչ մեկում չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են Հայաստանի շրջափակումը։ Հայաստանը որեւէ քայլ չի ձեռնարկում շրջափակման վերացման ուղղությամբ։ Հարց է ծագում. ինչո՞ւ է Արեւմուտքն անտեսում ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը։ Որովհետեւ ձեռնտու է։

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում Մադլեն Օլբրայթի վերջին ուղերձին, որում նա դարձյալ հավաստում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի շահագրգռվածությունը։

-Առայժմ քիչ հավանական է, որ մոտ ապագայում Միացյալ Նահանգների կողմից լուրջ քայլեր ձեռնարկվեն։ Կա նաեւ Քլինթոնի հայտարարությունը, որ աշխարհի ցանկացած կետում ԱՄՆ-ը կարող է կիրառել Կոսովոյի տարբերակը։

-Բայց Քոչարյան-Սոլանա հանդիպման ընթացքում վերջինս հավաստել է, որ մեր տարածաշրջանում բացառվում է Կոսովոյի տարբերակի կիրառումը։

-Համենայնդեպս, Քլինթոնի եւ Սոլանայի հայտարարություններից գերակայում է առաջինը եւ Սոլանային շատ չի մնացել պաշտոնավարելու որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։

-Ձեր կուսակցությունը ամիսներ առաջ պաշտոնապես դատապարտեց Միլոշեւիչի ռեժիմը, փաստորեն, հանդես գալով ՆԱՏՕ-ամետ հայտարարությամբ։ Հակված եմ ենթադրելու, որ դուք կողմնակից եք նաեւ ՆԱՏՕ-ի մեթոդների կիրառմանը Ղարաբաղի նկատմամբ։

-ՆԱՏՕ-ամե՞տ։ Ո՛չ, իրատեսական հայաստանամետ։ Մենք ոչ միայն դատապարտել ենք Միլոշեւիչի ռեժիմը, այլեւ խոր մտահոգություն ենք հայտնել ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ, քանի որ դրանք հակասում են միջազգային իրավունքին։ Գտնում ենք, որ հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։ Միլոշեւիչի ռեժիմն իրականացնում էր էթնիկական զտում։ Ինչպե՞ս կարելի է արհամարհել Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման իրավունքը։

-Բայց Ղարաբաղում էլ ապրում էին ադրբեջանցիներ, եւ մինչ օրս Ալիեւը պատեհ-անպատեհ հիշեցնում է մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների խնդիրը։

-Եթե արհամարհում ենք Կոսովոյի ինքնորոշման իրավունքը, ապա ի՞նչ իրավունք ունենք խոսելու Արցախի ինքնորոշման իրավունքից։ Միլոշեւիչի ռեժիմը բռնապետական է եւ չի ընդունվում Հարավսլավիայի ժողովրդի կողմից։ Պարզ է, որ Միլոշեւիչի ռեժիմի դեպքում Հարավսլավիան ապագա չի կարող ունենալ։ Նույն Միլոշեւիչն էր, որ անընդհատ տարածքներ կորցնելով ամրապնդում էր սեփական իշխանությունը։ Նա պատմության մեջ կմնա որպես տարածքներ կորցնող։ Այս իմաստով կարող ենք Միլոշեւիչին համեմատել Քոչարյանի հետ, որովհետեւ Քոչարյանն էլ նման ձգտումներ ունի։ Թեպետ նա այդպիսի ակցիա չի իրականացրել, ինչպես Հարավսլավիայի նախագահը, բայց, եթե այդպես շարունակվի, եւ Քոչարյանը պաշտոնանկ չարվի, ապա նա պատմության մեջ կմտնի որպես տարածքներ կորցնող ղեկավար՝ ինչպես Միլոշեւիչը։

-Որքանո՞վ եք ընդունելի համարում աշխարհին իր կամքը թելադրող ԱՄՆ-ի քաղաքականությունը։

-Ըստ էության, ԱՄՆ-ը մի քանի հարցեր է լուծում. թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը եւ նրան դուրս է մղում Եվրոպայից, էապես դանդաղեցնում է Եվրոպայի վերամիավորումը, ՆԱՏՕ-ի հետ միասին աշխարհին պարտադրում է անվտանգության նոր համակարգ, որում Ռուսաստանի դերը շատ ավելի փոքր է լինելու։

-ԱՄՆ-ն երկակի ստանդարտների կողմնակից է։

-Աշխարհի բոլոր երկրները կիրառում են երկակի ստանդարտներ։ Փոքր երկրները պետք է այնպիսի քաղաքականություն վարեն, որպեսզի այդ ստանդարտները գործեն հօգուտ իրենց։ Ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանին հաջողվեց ԼՂ հարցում խուսափել միջազգային սանկցիաներից, եւ մտահոգություն կա, որ այդ պատժամիջոցներն այժմ կարող են կիրառվել, որովհետեւ մենք ենք փոխվել, մենք ենք վատը դարձել։ Սակայն ԼՂ խնդրում այս պահին մեծ ճնշումների կարիք չկա, որովհետեւ հարցը ինքնին լուծվում է։ Զինադադարը մենք պետք է օգտագործեինք տնտեսական զարգացումն ապահովելու, տարածաշրջանում առաջատարի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։

-ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը Ադրբեջանում գործնականում գրեթե անհնարին է, քանի որ ՆԱՏՕ-ի որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, բայց այսօր չի բացառվում թուրքական ռազմակայանների տեղակայումը։

-Տարածաշրջանում գնում է բեւեռացման գործընթաց։ Հայաստանը վերածվում է ապակայունացնող գործոնի։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ կայունությունը հնարավոր է, երբ բոլոր պետությունները գտնվում են անվտանգության միեւնույն համակարգում։ Հիմա հայտնվել են տարբեր համակարգերում, ինչը շատ վտանգավոր է։ Այս իմաստով առաջնային են տարածաշրջանային ինտեգրման գործընթացները։ Ի՞նչն է խանգարում։ Պարզ է՝ Ղարաբաղի խնդիրը։ ԼՂ խնդրի արագ կարգավորումը մեզ է ձեռնտու, բայց դա Քոչարյանին ձեռնտու չէ, քանի որ նա ուզում է իր իշխանությունն ամեն գնով պահել։ Դա է խնդիրը։

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031