Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԷԺԱՆ ԱՇԽԱՏՈՒԺԸ

Մայիս 04,1999 00:00
kusakcutyun

Կուսակցություններն ու պատգամավորության թեկնածուները սկսեցին քարոզարշավը։ Այն ենթադրությունը, թե ընտրարշավում կատաղի փողեր են պտտվելու, մասամբ չարդարացան։ Պատգամավորության թեկնածուներն ակնհայտ ժլատություն են անում։ Պլակատների ու տեսահոլովակների պատրաստման համար համարյա բոլորն անխտիր ամենաէժան՝ անչափահաս երեխաների աշխատուժն են շահագործում։

Ոչ ոքի չի հետաքրքրում, որ դա «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտում է։ Անգամ՝ ՀՀ դատախազությանը, որը կարծես պիտի վերահսկեր օրենքների կատարումը։ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը միանշանակ արձանագրում է. «Արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին»։

Մյուս կողմից կարծիք կա, որ դատախազության խոժոռ դյադյաները չեն արգելում պլակատներն ու տեսահոլովակները, որովհետեւ դրանք հենց «անչափահասների համար նախատեսված ապրանքներ են»։ Մինչեւ 3 տարեկան երեխաները կարող են ճմրթել, պատառոտել պլակատներն ու բուկլետները։ Ավելի բարձր տարիքի երեխաները դրանցով կարող են նավակ կամ սավառնակ պատրաստել։ Իսկ տեսահոլովակները, բոլոր տարիքի մանուկների համար կփոխարինեն «Բարոն Մյունհաուզենի արկածները» մուլտին։ Խիստ ընդգծված ազգային բովանդակությամբ տեսահոլովակները հաջողությամբ փոխարինում են Սահակյանցի «Սուտասանը» մուլտին։

Ա. ԳԱԼՈՅԱՆ

ՊԱՊԱՅՈՎ ՎԿԱՆԵՐԸ

pastaban

Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում ավարտվեց դատակոչված վկաների ունկնդրումը։

Վարազդատ Հակոբյանի սպանության գործով երեկ դատարան ներկայացան վկաներ Կարեն Հունանյանը (1981 թ. ծնված, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի 1-ին կուրսի ուսանող), Կարեն Թադեւոսյանը (1982 թ. ծնված, 10-րդ դասարանի աշակերտ), իսկ Արա Սմբատյանը, որի համար բերման որոշում էր կայացրել դատարանը, չեկավ։ Ավելին, Կենտրոնի ՆԳ բաժնից տեղեկանք էր ուղարկվել, որ նա բացակայում է քաղաքից, եւ դատավոր Ժ. Վարդանյանին այլ բան չէր մնում, քան ընթերցել նրա նախաքննական ցուցմունքը։ Կարելի է ասել, որ առաջին երկու վկաների ցուցմունքները նման էին. իրենք գնացել են ծնունդի, հետո պատահաբար հայտնվել դեպքի վայրում, հետո լսել «ինչ-որ մեկի» «վախ» բացականչությունը, կարծել են՝ իրենց հետ գնացածի բացականչությունն է… հետո իրենց պապաների հետ գնացել ՆԳ բաժին։

Հետաքրքիր է, որ երկուսն էլ չընդունեցին իրենց նախաքննական ցուցմունքները, ասելով, թե քննիչն է թելադրել։ Իսկ, օրինակ, Կարեն Թադեւոսյանը հայտնեց, որ իր ցուցմունքները գրել է… քննիչը։ Երբ հարցրին, թե «կարդացե՞լ ես «քո» ցուցմունքները», վերջինս միամտաբար ասաց. «Չկարողացա կարդալ, ձեռագիրը չէի հասկանում»։

Դատարանում պարզվեց նաեւ, որ բացի ՆԳ աշխատակիցներից, հարցաքննությանը մասնակցել են նաեւ քաղաքացիական հագուստներով մարդիկ. «Խփում էին, մի սուտկա…»։ Դատական նիստի ժամանակ դահլիճի դուռը ճռռալով բացվում-փակվում էր, ինչի պատճառով դուռը փականով փակվեց, եւ, փաստորեն, մենք հայտնվեցինք դռնփակ նիստում, թեեւ նիստը հայտարարված էր դռնբաց։

Նիստի ժամանակ լսվեց նաեւ Վարազդատի մոր՝ Նարինե Արեւշատյանի խոսքը. «Ես որդի եմ կորցրել անհիմն պատճառով»,- ասաց նա եւ պահանջեց արդար վճիռ։ Նիստը կշարունակվի չորեքշաբթի օրը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31