Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԱԼԱՆԵԼ ՄԵՐ ԸՆԴԵՐՔԸ

Մայիս 20,1999 00:00
hanq

Եվ նորից ոսկու մասին

Ս/թ ապրիլի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Հայաստանի ոսկեբեր հանքավայրերի ճակատագրի վերաբերյալ» իմ հոդվածը այդպես էլ մնաց առանց արձագանքի։ Իմ սպասելիքները չարդարացան։ Ե՛վ ՀՀ կառավարությունը, ե՛ւ ՀՀ արդյունաբերության նախարարությունը քար լռություն են պահպանում։

Ասել է թե՝ արհամարհում են ժողովրդի կարծիքը եւ լռելյայն տանում իրենց կողմից լավ մշակված՝ մեր տնտեսությունը թալանի ենթարկելու, ընդերքից արդյունահանված հանքաքարերից կորզվող ոսկու կեսից ավելին յուրացնելու՝ բաժան-բաժան անելու գիծը։ Նույնիսկ այս արհամարհանքով հանդերձ, ես նորից չէի անդրադառնա այս հարցին, եթե «Գոլոս Արմենիի» թերթի թիվ 51-ում (11 մայիսի 1999 թ.) չկարդայի Աշոտ Լեւոնյանի՝ «Бриллианты черепица и цемент из Арарата» խորագրով հոդվածը։ Հոդվածագիրը Արարատի շրջանի արդյունաբերական ձեռնարկություններ է այցելել ՀՀ արդյունաբերության նախարար պրն Հայկ Գեւորգյանի հետ։ Այնպես որ, հոդվածագրի մեզ հաղորդած տվյալների իսկության վերաբերյալ ոչ մի կասկած լինել չի կարող։ Ինչո՞ւ եմ ես սա հիշատակում։ Ասեմ։ Իմ՝ վերը նշված հոդվածի վերաբերյալ պաշտոնական արձագանքներ չեղան, բայց եղան ոչ պաշտոնական, հեռախոսային արձագանքներ՝ երկրաբան մասնագետների կողմից։ Ոմանք իրենց գոհունակությունն էին արտահայտում հոդվածի ճշմարտացիության եւ արդիականության վերաբերյալ, ոմանք էլ՝ կասկածներ ու տարակուսանք։ Հիմնական կասկածները արդյունահանման ենթակա հանքաքարերի քանակի վերաբերյալ էին։ Դրանք այն մասնագետներն էին, ովքեր տեղյակ էին «Արարատի ոսկու կորզման ընկերություն» (AGBC) համատեղ ձեռնարկության կողմից կազմված՝ Հայաստանի Սոտքի եւ Մեղրաձորի ոսկու հանքավայրերի «տեխնիկատնտեսական հիմնավորմանը» եւ որտեղ էլ՝ արդյունահանվող հանքաքարերի քանակը տարեկան նախատեսված էր 700-800 հազար տոննա։

Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ սկսեցի կասկածել «Սնարք» գործակալության կողմից «Գործարար շաբաթ» թերթում տպագրված հոդվածի տվյալների վերաբերյալ, որի տվյալներով՝ վերը նշված երկու հանքավայրերից տարեկան արդյունահանվելու է 2,28 մլն տոննա հանքաքար։ Սակայն «Գոլոս Արմենիի» թերթի՝ Աշոտ Լեւոնյանի հոդվածը փարատեց իմ կասկածները եւ մեկ անգամ եւս հաստատեց նախորդ տվյալների ճշմարտացիությունը։ Պարոն Լեւոնյանի հոդվածում գրված է. «Մինչեւ 2010 թվականը նրանք պետք է շահագործվեն եւ ոսկու արդյունահանման քանակը տարեկան կհասնի 5 տոննայի՝ 2-2,5 մլն տոննա հանքաքարերի մշակման դեպքում»։

Այստեղից պարզորոշ երեւում է, որ «Արարատի ոսկու կորզման ընկերություն» (AGBC) համատեղ ձեռնարկությունը նպատակադրվել է.

– մեր հանքավայրերի շահագործումը կատարել բարբարոսաբար՝ 10-11 տարում, քաշել ամբողջ «սերը» եւ հեռանալ՝ թքելով մեր ժողովրդի ընդերքի հետագա ճակատագրի վրա,

– խաբել մեզ՝ մեր ժողովրդին, արդյունահանված ոսկու իրական քանակները թաքցնելով ու այն բաժան-բաժան անելով դուրս տանել մեր հարստությունը։

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ խորհրդային իշխանության տարիներին մեր հանքավայրերի շահագործման ժամկետները նախատեսված էին 30-40 տարի։ Իսկ ի՞նչ է ստացվում այժմ. 10 տարում՝ տասնապատիկ մեծացված ծավալներով, կարդյունահանեն ոսկու հանքաքարերը, կկորզեն ոսկին ու կհեռանան՝ գործազուրկ թողնելով մասնագիտացած ու որակյալ մեր լեռնագործներին։

Համոզված եմ, որ նշված համատեղ ձեռնարկությունը չի կատարի շահագործվող հանքավայրերի թեւերի ու խոր հորիզոնների հետախուզման ու պաշարների ավելացման կարեւորագույն աշխատանքները։

Եվ, որ ամենակարեւորն է, Սոտքի եւ Մեղրաձորի հանքավայրերից տարեկան արդյունահանման նախապատրաստվող 2-2,5 մլն տոննա հանքաքարերից կստացվի ոչ թե 5 տոննա ոսկի, այլ՝ 11,14-13,92 տոննա (միջինը՝ 12,53 տոննա)։ Այստեղից պարզորոշ երեւում է, որ տեղի է ունենում բացահայտ խաբեություն՝ մեր ժողովրդին, այդ թվում նաեւ՝ մեր մասնագետներին նախապատրաստում են հանդուրժողականության՝ տարեկան ավելի քան 7 տոննա ոսկու թալանի հանդեպ։

Դե ի՞նչ, ուրեմն, հարգելի ժողովուրդ, հարգարժան պարոնայք մասնագետներ՝ եկեք «ըմբռնումով» մոտենանք նախապատրաստվող եւ, հավանաբար, արդեն իսկ իրագործվող այդ թալանին եւ հանդուրժողականություն ցուցաբերենք։

Հարգանքներով՝

Հ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31