Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգվել է պատգամավորության թեկնածու

Մայիս 28,1999 00:00
arevangum

Գյումրի մեկնելու պատճառը պատգամավորության թեկնածու Գյումրիի նավթամթերքների բազայի տնօրեն Համլետ Գրիգորյանի հետ հանդիպելն էր։

Հենց սկզբից ասենք՝ չհաջողված… Մայիսի 5-ին Համլետ Գրիգորյանը «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայով առեւանգվել է եւ բերվել Երեւան։ Հաջորդ օրը լուսադեմին Համլետ Գրիգորյանը ազատ է արձակվել Երեւանում՝ հանրապետական մարզադաշտի հարեւանությամբ։ Հասկանալի է, որ պահանջը մեկն է եղել, որ Համլետ Գրիգորյանը հանի իր թեկնածությունը։ Ըստ Գյումրիում շրջող լուրերի, նման գործողություններ կազմակերպել է «Միասնություն» դաշինքի թեկնածու Մարտին Սուքիասյանը, որը երկար տարիներ ղեկավարում է Գյումրիի հացամթերումների ձեռնարկությունը։

Հիշեցնենք, որ Մարտին Սուքիասյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել անցյալ տարի։ Մենք դիմեցինք Շիրակի մարզային դատախազ պարոն Ավագյանին՝ խնդրելով լրացուցիչ տեղեկատվություն տալ գործի ընթացքի մասին։ Պարոն Ավագյանն ասաց, որ դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ, տեղի է ունենում քննություն։ Ավելին, պարոն Ավագյանը չասաց նույնիսկ այն բանից հետո, երբ մենք զգուշացրեցինք, որ մեր ունեցած տեղեկատվության մեջ կարող են լինել անճշտություններ, որոնց հրապարակումն այնքան էլ ցանկալի չէ։

Ինչեւէ, պարոն Ավագյանը հրաժարվեց ճշտել մեր ինֆորմացիան, թերեւս շահագրգռված լինելով լուրերի տարածմամբ։ Իսկ լուրերը դատախազության համար այնքան էլ հաճելի չեն։ Համլետ Գրիգորյանը վերադառնալով Գյումրի, դիմում է մարզային դատախազություն՝ հայտնելով իրեն առեւանգող «Հոնդայի» ավտոմեքենայի համարանիշերը։ Սակայն Երեւան մեկնած քննչական խումբը կալանվում է ինչ-որ մարդկանց կողմից եւ մեկ օր բռնի պահվում Երեւանում։ Դրանից հետո ահաբեկված դատախազը ստիպված է լինում դադարեցնել քննչական աշխատանքները։ Չնայած ահաբեկչական գործողությանը, Համլետ Գրիգորյանի քարոզչական եւ գովազդային պաստառները փակցված են ամենուր, եւ նա ընտրվելու լուրջ հնարավորություններ ունի։

Ի դեպ, Համլետ Գրիգորյանը 1995-ի ընտրությունների ժամանակ ընտրված պատգամավոր էր, եւ միայն ընտրությունների վերջին պահին 5-րդ դպրոցում լույսերը անջատելու եւ ոստիկանության աշխատակիցների ջանքերով քվեատուփ գցված քվեաթերթիկների ահռելի խուրձը կարողացավ Վարազդատ Ավոյանին ընդամենը 90 ձայնի առավելություն ապահովել ԱԺ նախկին փոխխոսնակի։

Գյումրիում արդեն երրորդ ամիսն է, որ մարզպետ չկա։ Արարատ Գոմցյանից մի կերպ ազատված գյումրեցիները հարց են տալիս. «Եթե նոր մարդ չէին նշանակելու, ինչու սրան ազատեցին»։ Գյումրիում արդեն 6 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել առողջապահության ոլորտի աշխատակիցները, մշակույթի ոլորտում աշխատավարձ չի տրվել փետրվար ամսից, երկու ամիս է չեն վճարվել կենսաթոշակները։ Չկա մեկը, որին բողոքեն կամ դիմեն քաղաքացիները։ Դրա փոխարեն, մայիսի 24-ին «Միասնություն» դաշինքի լիդերներ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի այցելության նախորդ օրը, մարզպետարանի շենքում, երեկոյան ժամը 8-ին տեղի է ունեցել կրթության, մշակույթի եւ առողջապահության ոլորտի տնօրենների հավաք, որտեղ մարզպետի պաշտոնակատարը ցուցում է տվել յուրաքանչյուրին՝ ապահովել 50 մարդու ներկայություն հրապարակում։ Չնայած այդ ցուցումներին, մայիսի 25-ին հրապարակը լիովին դատարկ էր, սակայն մարզպետի պաշտոնակատարը դժվար թե կարողանա պատժել անհնազանդներին, քանի որ այդ դժբախտների բախտից, հենց «Միասնությունը» մտավ Գյումրիի հրապարակ, սկվեց ահռելի ուժգնության քամի եւ անձրեւ։ Կարեն Սերոբիչը դատարկ հրապարակի առաջ էր ելույթ ունենում, բացատրելով «Միասնության» արժանիքները։

Այդ չինովնիկներից մեկն էլ ինձ բացատրեց, որ Գյումրիում 4 ընտրատարածքի փոխարեն պետք է լիներ 3-ը, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանին անցկացնելու համար ընտրողների թիվը 23 հազարով ուռճացվել է, եւ դարձել 111 հազար։ Այս թվաբանությունն էլ խիստ պաշտոնական է։ Այն տեղական հեռուստատեսությամբ հրապարակել է Գյումրիի կազմբաժնի վարիչ պարոն Ջանոյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31