Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք ոչնչացրել են «ժողովուրդ» հավաքականությունը…

Հուլիս 07,1999 00:00 Share
joxovurd

Նրանք ոչնչացրել են «ժողովուրդ» հավաքականությունը… Նախընտրական եռուն ժամանակաշրջանում բազմաթիվ բնակավայրերում շփումներ ունեցանք ժողովրդի տարբեր խավերի հետ։ Շատ ընտանիքներում հյուրընկալվեցինք, ուր սուր վիճաբանություններ եղան քաղաքական եւ ոչ քաղաքական զանազան հարցերի շուրջ։ Մեկ բան նկատելի էր ամենից առավել։

Այս ժողովուրդը այլեւս առաջվանը չէ (ինչպիսին էր դիցուք մի տասը տարի առաջ) բառիս բացասական իմաստով։ Ժողովուրդը, գյուղերում թե քաղաքներում, բաժան-բաժան է եղել՝ իրարից խորթացած, իրար հետ մրցակցող ու նաեւ՝ հետզհետե թշնամացող հազար մասի։ Թեկուզ, փոքրիկ լեռնային գյուղերում, ժողովրդի շրջանում համերաշխություն ու բարիդրացիական մթնոլորտ գոյություն չունի։

Ժողովուրդը պառակտված է հազար ու մի մանր-մունր թայֆաների, խմբավորումների ու խմբերի։

Նախկինում հասարակության ներսում ձեւավորված վսեմ, արժանապատիվ ոգին իր տեղը լիովին զիջել է չար կրքերի, մանր շահախնդրությունների, անհավատարմության ու համատարած ժխտման մոլուցքի։ Կասկածի ու մերժումի ոգին պատել է հասարակության լայն շերտերին։

Անգամ միեւնույն գերդաստանների, տոհմուցեղի ներսում պառակտումներ գոյություն ունեն։ Հաճախ է պատահում, որ ընտանիքի մի մասը մոլի ձգտում եւ աշխատում է այսինչ կուսակցության օգտին, մնացած անդամները եռանդուն պաշտպանում են հակառակորդ կուսակցությանը։

Եվ այդ հողի վրա անպակաս ու անվերջ են ընտանիքներում, թաղամասում, հարեւանների միջեւ ընթացող սուր վեճերը, որոնք երբեմն վերածվում են ծեծկռտուքի։

Հասարակական ողջ մթնոլորտը լեցուն է թույնով, ատելությամբ եւ աննախադեպ չարությամբ։

Ահա՛ վերջին 8-10 տարիների ընթացքում գործող քաղաքական հիմնական ուժերի եւ հատկապես այս իշխանությունների գործունեության հիմնական արդյունքը։ «Ժողովուրդ» բարձր ու վսեմ հավաքականությունը տրոհվելով ու պառակտվելով, հետզհետե վերածվում է անդեմ, անհույս ու անհավատ ամբոխի կամ հենց անվերջ ծամծմված «ամբոխ»-ից էլ առավել ցածր, անհոգի ու դիմազուրկ խուռներամի։ Սա է «բարեփոխիչ» կոչվածների Հայաստան-երկրին ու հայ ժողովրդին հասցրած ամենածանր ու մահացու հարվածը։ «Բարեփոխիչները» երեւի արդեն կարող են իրենց հանգիստ զգալ. ժողովրդական վեհ միասնության ու միահամուռ ոգեւորության այն պաթոսը, որը ձեւավորվել էր 1960-80-ական թվականներին, եւ որը միանգամից ժայթքեց 1988 թ. փետրվարյան օրերին, ոչնչացված է որոշ առումով՝ մասնակիորեն, իսկ որոշ առումով՝ հիմնովին։

Ժողովրդի, նրան բնորոշ հավաքական ամբողջականության էական հատկանիշների կորուստը անդարմանելի ու սոսկալի կորուստ է՝ աղետներից մեծագույնը։ Մի բան, որն այնպես երազում են մեր ժողովրդի թշնամիները։

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմագիտության թեկնածու

Մնում է զարմանալ, թե ինչպես է մարդը մեծացել, հասակ առել, նույնիսկ պատմագիտության թեկնածու դարձել եւ փորձել մրցել մարզպետի եղբոր հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031