Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑՈՒՄ Է ՄԵՂՎԱՊԱՀԸ

Հուլիս 28,1999 00:00
Texut

Կուսակցությունների գաղտնի կապերը, պարզվում է, բացահայտվում են ոչ թե մայրաքաղաքներում, կուսակցությունների առաջնորդների գաղտնի եւ հրապարակային հանդիպումներում եւ զրույցներում, այլ հեռո՜ւ-հեռավոր («որտեղի՞ց հեռու, ինչի՞ց հեռավոր»,- կհարցներ փիլիսոփայի մեկը) անտառների մեջ։

Թումանյանի շրջանի Թեղուտ գյուղից վերեւ ապրում է մեղվապահ Աղաջան Բոզինյանը։ Բոզինյան է եղել նրա պապի պապը, պապը, ինքը, հիմա չորս որդիներն ու տասներկու թոռները եւս Բոզինյան են։ Ազգանունը մեղվապահին չի նեղում եւ մեր արձագանքն էլ նա բացարձակապես բանի տեղ չդրեց։

Մեղուների փեթակները տեղավորված են մի կիսաքանդ եկեղեցու բակում։ Եկեղեցուց միայն ընդհանուր ուրվագիծն է մնացել, մեկ էլ անունը, որը ոչ այնքան անուն է, որքան հիշողություն՝ «Մանաստիր»։ Երեւի՝ մենաստան։ Երեւի, որովհետեւ պատմական վկայություն այս եկեղեցու մասին չկարողացա գտնել, իսկ մեղվապահ Աղաջան Բոզինյանի ասելով, այս տեղում 18-19-րդ դարերում ոսկու հանքեր են եղել, որոնց ֆրանսիացիներն են տիրացել։ Հենց նրանք էլ իբրեւ թե կառուցել են այս եկեղեցին։ Հիմա Թեղուտ գյուղի դպրոցի մի մասն այս եկեղեցու քարերով է կառուցվել, իսկ եկեղեցին պահեստ է դարձել մեղվապահի համար։

«Հաց-մաց ուտելու համար» Աղաջան հորեղբայրը ամեն օր գյուղ է իջնում։ «Բա գողություն չի լինո՞ւմ»,- քաղաքացու հարցից մեղվապահը գյուղավարի զարմանում է. «Չէ, էս սարի գլխին ո՞վ պետք է գողություն անի, բայց թե անծանոթ մարդ-մուրդ գա, կարող է մի բան անի»։

Ուրեմն գողություն չի լինում, բայց քաղաքականության մասին լիքը մտքեր կան ու այդ մտքերն այնքան համոզված ու վստահ են ասվում, որ մտածում ես. «Կարո՞ղ է՝ ոչ թե մեղվապահ է, այլ գաղտնի կուսակցական գործիչ, ընկեր Բոզինյանը»։

«Բա վերջը ո՞նց է լինելու» հարցին, որը ճապոնական բարձրակարգ համակարգիչն անգամ կարող է փչացնել, մեղվապահ Աղաջանը պատասխանում է առանց վարանելու.

– Վերջը՞, նորից նախկին իշխանությունը կգա։

– Ո՞ր նախկինը։

– Կոմունիստները կգան, երեւի հաջորդ ընտրություններին կգան։

– Ո՞ր կոմունիստները։

– Դեմիրճյանը, մենք ուզում էինք, որ Բադալյանը լիներ, իսկականը նա է, չէ՞, բայց միանգամից չէինք կարա (ինչը միանգամից չէին կարող, չհասցրի հարցնել – Մ.Ե.), որովհետեւ Դեմիրճյանը նրանց կամաց-կամաց կբերի կոմունիստականի։

– Ո՞նց կբերի, չէ՞ որ Բադալյանն ու Դեմիրճյանն իրար հետ լավ չեն։

– Իրա՞նք… ըտենց ա ընդհանրապես։ Ես քեզ հետ կարող ա կռվեմ, բոլորը տեսնեն, որ կռվում ենք, բայց իրականում թաքուն մեր գործն ենք անում, նրանք էլ վերջում կգան, իրենց գործը կանեն։ Բադալյանն ու Դեմիրճյանն էլ այդպես են. մարդկանց աչքի առաջ կռվում են, բայց միասին կամաց-կամաց երկիրը կտանեն դեպի կոմունիստական ուղի։

Երկրի համար հույժ կարեւոր այս գաղտնիքը բացելուց հետո մի քիչ էլ խոսեցինք մեղուների կյանքից։ Մեղուները ճիշտ եւ ճիշտ մարդկանց պես են՝ հայրերը միայն փոշոտողն են, փոշոտեցին, մայրը մայրացավ, ու բոռերը թռան-գնացին։ Մնացած ընտանեկան հոգսը (լվացք, չէ, ի՞նչ լվացք՝ նեկտարի հավաքում, մեղրամոմի պատրաստում, փոքրիկ մեղուների դաստիարակություն եւ այլն) մնում է մայր մեղվի ուսերին։ Ու մայր մեղուն ղալբին՝ ծույլին ու գլուխ պահողին, դուրս է անում։ Մեղուների ընտանիքը ճիշտ եւ ճիշտ էս երկրի նման է՝ եթե կառավարությունը ժողովրդին լավ չի նայում, այսինքն՝ ծուլություն է անում, ապա ժողովուրդը կառավարությանը որպես ղալբի (ծույլի) դուրս է անում։ Ժողովուրդը «ղալբին» դուրս է անում ու գալիս են կոմունիստնե՞րը…

Մեղվապահ Աղաջան Բոզինյանն իր աշխարհից հեռու մեղուների հետ շատ էլ երջանիկ է, եւ կարծես թե նրա համար բոլորովին նշանակություն չունի՝ կոմունիստը կգա՞, թե՞ ՀՀՇ-ն կգնա։ Ինքը նույնիսկ չորս ամիս ուշացած թոշակին չի սպասում։ Ապրում է հրաշք մի անտառում, զննում է մեղուների կյանքը՝ օրվա հաց ու պանիր ուտելով։

Կուսակցական գաղտնիքները եթե սարի գլխին են բացահայտվում, ուրեմն չի բացառվում, որ իրականությանը մոտ են։ Սպասում ենք ընկերներ Բադալյանի եւ Դեմիրճյանի բոցաշունչ հերքումներին՝ իրենց հնարավոր միավորման եւ երկրի՝ դեպի կոմունիստական հետդարձի մասին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031