Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԴԵՄԱԳՈԳԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոս 19,1999 00:00
demogogia

Բուհերի ընդունելության քննություններին իր հերթական այցի ժամանակ ՀՀ նախագահը չթաքցրեց, որ շատ հնարամիտ ազգ ենք, ամեն ձեւ կգտնենք քննությունների «բարիքներից օգտվելու» համար, ու իրենց խնդիրն էլ դրա դեմն առնող մեխանիզմների մշակումն է։

Բայց նախագահը թաքցրեց, որ դա իրենց ամենեւին չի հաջողվում (եթե, իհարկե, նման ցանկություն իրո՛ք կա), եւ որքան էլ հնչեղ ու պատկառազդու մակդիրներով որակեն այդ քննությունները, դրանից իրականությունը չի փոխվում։ Միայն քննությունների համար պաշտոնյաների սարքած իմիջն է փոխվում. մի տարի դրանք որակվում էին բաց ու թափանցիկ, մեկ այլ տարի՝ ազնիվ ու օբյեկտիվ։ Անցյալ տարի նույնիսկ վստահ էին, որ «հայ ժողովրդի պատմության մեջ ամենաարդար քննություններն» են անցկացնելու։ Դա նախորդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ քննությունների սկզբին առաջ քաշած «վարկածն էր», ինչը քննություններից հետո չպաշտպանեց նախորդ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ազնվորեն խոստովանելով, որ «451 թվականին երեւի ավելի արդար քննություններ էին»։

Բայց նախորդ տարվանն էլ արդար էին։ Պաշտոնապե՛ս հակառակ պնդումներ չհնչեցին։ Ընդհանրապես այս կարեւորագույն, պետական այրերի լեզվով՝ լրջագույն, իրադարձության առնչությամբ պաշտոնական հայտարարությունները սահմանափակվում են արդար, ազնիվ, անկաշառ, օբյեկտիվ ու էլի նման որակումների արժանի քննություններ անցկացնելու խոստում-հավաստիացումներով։ ՀՀ նախագահից, վարչապետից, նախարարից, մանր ու մեծ մյուս չինովնիկներից սկսած սպառնում են, թե՝ մտքներովդ չանցնի կաշառք տալ ու վերցնել, խնդրանքներ ու ճնշումներ պարտադրել, ու նույնիսկ վախեցնում են, որ պետության իրավապահ մարմինները բոլորին հետեւում են։ Սա՝ հրապարակավ։ Մնացյալը հրապարակավ ասելու համար չէ, չնայած մնացյալի անժխտելի գոյությանը ոչ ոք չի կասկածում՝ ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ ԱԱ, ՆԳ եւ ԿԳ նախարարները։

ԱԱ նախարարության ներկայացուցիչն ավանդաբար Հանրապետական ընդունող հանձնաժողովի անդամ է ու քննություններին հետեւելիս՝ կրթության եւ գիտության նախարարի անբաժան ուղեկիցը։ Սակայն այս տարիների ընթացքում դեռ ոչ մի մեծ կամ փոքր անարդարություն ու չարաշահում չի արձանագրվել, դեռ ոչ մի մեծ կամ փոքր օրինախախտ չի պատժվել։ (Ի դեպ, ի պատասխան մի քանի հարցերի պատասխանելու մեր խնդրանքին, ԱԱ ներկայացուցիչը բարեկրթորեն հասկացրեց, որ ինքը հարցերի պատասխանելու իրավունք չունի)։ Դժվա՞ր է օրինախախտումները բացահայտելն ու ապացույցներով հիմնավորելը։ Գուցե պարզապես նման ցանկությո՞ւն չկա։ Մամուլը, ու մասնավորապես «Առավոտը», նման ցանկություն հաստատ ունի՝ չնայած հերթական անժխտելի ու ակնհայտ իրողությունը հերթական հերքումով կամ դատարանների դռները ընկնելով մարսելու հեռանկարին։ Իրականությունն արձանագրելը մամուլի պարտավորությունն է։ Սակայն առավել հաճախ սիրում են երեսներովս տալ բոլորին շատ լավ հայտնի իրողություններն ապացուցելու անկարողությունն ու անապացուցելի փաստեր չհրապարակելու պարտավորությունը։

Ապացույցներ գտնելու համար պատասխանատու մարմիններն էլ, աշխատելու իմիտացիա ստեղծելու ցանկությամբ, շատ-շատ բացատրություններ պահանջեն, թե որտեղից ձեզ այդ տեղեկությունը։ Ոչ իրավապահ մարմինների համար ասենք, որ ըստ «չճշտված» աղբյուրների «պրիստիժնի» առարկաներից քսան միավոր ստանալն այս տարի արժեր 10 հազար դոլար (վերջին օրերին որոշ առարկաների գինը բարձրացել է մինչեւ 30 հազար), 16-17 միավորը՝ 6-7 հազար դոլար ու ընդհանրապես՝ տասը միավորից հետո եկող մեկ միավորի արժեքը 1000 դոլար է։ Ոչ «պրիստիժնի» առարկաները բավարարվում էին «20 միավորը՝ 4 հազար դոլար» իրողությամբ։ Որոշակի գներ են ունեցել նաեւ քննությունների հաշվիչ կենտրոնի «ծառայությունները»՝ ասենք քննության համար հարմար օր նշանակելը (100 դոլար) եւ այլն։ Այս ամենը, քննությունների կազմակերպիչները հաստատ բամբասանք ու հերյուրանք կորակեն։ Պիտի անկեղծորեն խոստովանենք՝ տեղեկությունների գերակշիռ մասը հենց քննություններին սերտորեն առնչվող մարդիկ են հաղորդել, որոնք բնականաբար երբե՛ք չեն հաստատի իրենց ասածը, եթե դատական ատյաններում դրանք ապացուցելու հարկ լինի։ Ավելին, ենթադրում ենք, որ իրենք էլ անմասն չեն անօրինական գործարքներից։

Ու գուցե հենց այստե՞ղ է թաղված շան գլուխը։ Եվ քննությունների ընթացքում կաշառակերությունը վերացնելու անհնարինության գլխավոր պատճառը հենց այն է, որ արդար քննություններ անցկացնելու հասարակական պահանջ չկա։ Այն, ինչ տեղի է ունենում, ձեռնտու է բոլոր կողմերին եւ դրա համար էլ երեւույթը ոչ թե վերանում է, այլ կատարելագործվում ու այն աստիճան, որ դրսի մարդկանց համար դառնում է աննկատելի։ Գրեթե ոչ ոք այս գործին մասնակից չի դառնում քննությունների արդարությունն ապահովելու ազնիվ ցանկությամբ։ Բոլորին էլ իրենց հասանելիք յուղոտ պատառն է միայն հետաքրքրում։ Պարզապես ազդեցության ու ախորժակի չափերն են տարբեր։ Ոմանք ընդամենը մի-մի խնդրանքով են բավարարվում, մյուսները վարպետորեն «գործ են սարքում»՝ հստակ կանոնակարգով աշխատելով։

Հանձնաժողովների ազնվության չափին էլ միանշանակ գնահատական տալ չի կարելի։ Մի մասը պարզապես մի քանի խնդրանքներին, ծանոթ-բարեկամներին է «ենթարկվել», մյուս մասի նպատակը հստակ փող աշխատելն է եղել։ Շատ էլ որ նախարարը «բողոքում է» իր հանդեպ քար «անտարբերությունից»։ Բայց հո բոլորն էլ գիտեն, որ խնդրանքներ տարբեր կարգի պաշտոնյաներից եղել են ու շատ բարձր կարգի պաշտոնյաներինը (հատկապես այն «կռուգի», որի մարդն է համարվում Է. Ղազարյանը), բնականաբար, հարգվել են։ Ի՞նչ է, կառավարության, ԱԺ-ի, ԱԱ նախարարության եւ այլ օղակների ներկայացուցիչները ծնող, հորաքույր, մորաքույր, հորեղբայր չե՞ն, դիմորդ հարազատ չունե՞ն։ Հակառակ եղած լուրերի՝ հավատա՞նք, որ իրենց դիրքից չեն օգտվել։ Հավատա՞նք, ասենք, որ ազգիս «հայտնի դեմքերը» ամեն ինչ չեն զոհել հանուն իրենց զավակների։ Նման մի քանի հայտնի հայրիկների անուններ լսել ենք՝ ասենք՝ ԱԱ փոխնախարարը, առողջապահության նախարարը, Կարամելի Հարութը, Անդրանիկ Մանուկյանը, Լիսկան, Արարատի մարզպետը եւ այլն, եւ այլն։ Ու դրա դեմը ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետը առնել չեն կարող։

Արդարություն ապահովելու նպատակով մշակվող մեխանիզմներն այնքան խոցելի են ու անարդյունավետ։ Ինչ մեխանիզմներ էլ որ մշակվեն, հակամեխանիզմները միշտ ավելի հանճարեղ են լինում։ Քննությունների ընթացքը վերահսկող լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը զուտ ձեւական աչքկապոցի է։ Լիազոր ներկայացուցիչների ամենօրյա թռուցկաժողովներից մեկի ժամանակ, դա նույնիսկ կրթության ու գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը խոստովանեց՝ ստանալով լիազորների լուռ համաձայնությունը եւ մեկ-երկուսի էլ բողոքը, թե՝ բա մենք էլ ինչի՞ համար ենք։ Սա՝ հրապարակավ, թե մտքներում իրենց մասնակցության օգուտը ինչպես որակեցին, միայն իրենք գիտեն։

Ի դեպ, լիազորներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, նախարարը նրանց հետ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նույնիսկ նկատողություն է արել, որ լիազորներն այն աստիճան են ակտիվացել, որ արդեն ժամանակն է նրանց գլխին էլ մի-մի լիազոր կարգելու։ Ընդ որում՝ նախորդ տարի լիազոր ներկայացուցիչների մենաշնորհը կրթության եւ գիտության դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանը վստահել էր իր կուսակից ընկերներին, որոնք հիմնականում լեզու չգտան քննական հանձնաժողովների հետ ու այդ հակամարտությունը մի կողմից տհաճ միջադեպերի ու լարված մթնոլորտի պատճառ էր դառնում, մյուս կողմից՝ որոշակի վերահսկողություն ապահովում։ Մանավանդ որ նաեւ կուսակցության պատիվը գետնով չտալու զուտ քաղաքական խնդիրը կար՝ թեպետ միամտություն կլինի միանշանակ հավատալ բոլոր լիազորների կուսակցական ազնվությանը, եւ ընդհանրապես, լիազորի վերահսկողության արդյունավետությանը։ Սակայն այս նախարարը, մոդայիկ արտահայտությամբ, քննությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը որոշեց իր հարազատ բուհին՝ ԵՊՀ-ին վստահել, իսկ լիազորների հիմնական մասին ընտրեց բուհական համակարգից։

Հիմա պատկերացրեք, որ քննության անցկացմանն առնչվող բոլոր կողմերը կոլեգաներ, ավելին՝ նույն բուհի ներկայացուցիչներ լինեն՝ իրար հետ աշխատած, իրար հետ մի կտոր հաց կերած, մնացյալ հարցերում համաձայնության գալը դժվար կլինի՞։

Ասում են, որ լիազորների մի մասին քաղաքական կուսակցություններից ընտրելու գաղափարը Էդուարդ Ղազարյանինը չէ, այլ պարտադրված որոշում։ Սակայն հիմա կարելի է արձանագրել, որ այն հօգուտ նախարարի էր։ Խիստ կասկածում ենք, որ ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը, «Օրինաց երկիրը», Կոմկուսը, Դեմկուսը կամ լիազորներ առաջադրած մյուս կուսակցությունները քաղաքական, այն էլ՝ կոշտ, գնահատական տան ավարտված քննություններին։

Համենայնդեպս, պակաս լավատեսությամբ ու վարդագույն երանգներով չէին վերջիններս ներկայացնում քննությունների ընթացքը, քան իրենց՝ բուհերից ընտրված գործընկերները։ Իմիջիայլոց, դիտորդների ինստիտուտն էլ պակաս «անմեղ» չէ։ Այդ կարգավիճակին արժանացածներից շատերն էլ հարմար առիթը բաց չեն թողնում մի երկու քաղցր խոսք ասելու իրենց հարազատ դիմորդի համար։

Մի խոսքով, վիճակն այսպիսին է ու այն չի փոխվի հաջորդող տարիների ընթացքում։ Դրա համար պետք է, որ այս երկրի ու քննության կազմակերպիչների համար առաջնայինը արժանավոր ուսանող ունենալու պահանջը լինի, որ գնահատվի ոչ թե բուհի դիպլոմը, այլ տված գիտելիքը, ու էլի շատ-շատ բաներ, որ արդեն մեխանիզմների հետ կապ չունեն ու մարդկային բարոյականության ոլորտից են։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031