Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ՍՐԲԱԳՐՎԻ ՇՆՈՐՀԻՎ ՁԵԶ»

Դեկտեմբեր 16,1999 00:00
garegin

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն առաջին մամլո ասուլիսին էր հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Ինչպես եւ հարկն է, մամլո ասուլիսը սկսվեց «Հայր մեր»-ով։ Աղոթելուց եւ խաչակնքելուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը ամենքին ուղղեց իր խոսքը։ Նա ասաց, որ «անչափ ուրախ է եւ շնորհակալ», որ մենք գնացել ենք իր հետ հանդիպմանը։ Չենք անդրադառնա Նորին Սուրբ Օծության խոսքի սկզբին, քանզի այն, ինչ ասաց Վեհափառը, հասարակությունն արդեն իրազեկ է։ Խոսքը հայոց եկեղեցու մի շարք կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների մասին է։ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր գերագույն խնդիրն է համարում այն, որ «եկեղեցին մուտք գործի հայ ընտանիք, հայ օջախ, հայ մարդու կյանքից ներս, եւ աղոթքը, Քրիստոսի Ավետարանը դառնա կենցաղի մաս։ (…) Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը պիտի կարողանա ստանձնել մեր ժողովուրդը ի հոգեւորս միավորող իր պատմական առաքելությունը եւ դերակատարությունը»։

Հասկանալի է, որ բազմաթիվ հարցեր ուղղվեցին կաթողիկոսին։ Քննվեցին ե՛ւ աղանդավորության դեմ պայքարի, ե՛ւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության, ե՛ւ եկեղեցու 2000 թվականի ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Մենք հարմար գտանք անդրադառնալ այն հարցերին, որոնք ավելի ենք կարեւորում։

«Առավոտ»– Ձեր գահակալությունը ցավալիորեն համընկավ հոկտեմբերի 27-ի արյունոտ դեպքերի հետ։ Հոկտեմբերի 27-ին հաջորդած օրերին քաղաքականությամբ սկսեցին շատերն զբաղվել։ Դուք անձամբ ի՞նչ դերակատարում ունեցաք նոր կառավարության ձեւավորման ժամանակ եւ ո՞ր կողմին էիք հարում ՊՆ-ՀՀ նախագահ հակամարտության պարագայում։

– Մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար եւ մեծ ցավ, ողբերգություն՝ հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Այդ դժվարին ու ծանր օրերին մեծ փորձության, ինչո՞ւ չէ, նաեւ վտանգի առջեւ էր կանգնած մեր հանրապետությունը եւ մեր ժողովուրդը։ Փառք Աստծո, որ մեր պետական այրերը եւ մեր ժողովուրդը խոհեմությամբ կարողացան շրջանցել այդ վտանգը եւ կայունությունը պահպանել մեր երկրում։ Բնականաբար, այդ իրադարձության մեջ հայ եկեղեցին չէր կարող հանդարտ, հանգիստ եւ միայն դիտողի դերում լինել։ Իբրեւ Ամենայն Հայոց կաթողիկոս, մենք մեր պարտքը նկատեցինք այցելել, հանդիպումներ ունենալ հանրապետության նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ։ Եվ իրենց հետ, իրենց առջեւ պարզել մեր մտահոգությունները, քննարկել երկրի կայունության կարգավորման ուղիների փնտրման հարցերը։ Այս է եղել մեր գործունեությունը այդ օրերին։

«Առավոտ»– Հոկտեմբերի 27-ի դեպքերի համար հատո՞ւկ էր ընտրված կաթողիկոսական ընտրությունների օրը։

– Ես կարծում եմ, որ ոչ, որովհետեւ ինձ հասած լուրերի համաձայն՝ ծրագրված էր նույնիսկ ավելի առաջ, բայց հետո, ինչ-ինչ պատճառներով փոխադրված էր այդ օրը։

«Առավոտ»– Երկու քահանաների կարգալույծ արվելու վերաբերյալ որեւէ գրություն ստացե՞լ էիք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

– ՄԱԿ-ի գրասենյակից գրություն ուղղվեց Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին՝ խնդրելով պարզաբանել այդ երկու նախկին քահանաների կարգավիճակը։ Մենք համապատասխան գրությամբ տեղեկացրինք, որ որոշում կայացված է նրանց կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Այս է եղել այդ խնդրի առնչությամբ մեր հարաբերությունը ՄԱԿ-ի գրասենյակի հետ։

Չ.– Լուրեր են պտտվում, որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, գիշերը, դուք եղել եք պաշտպանության նախարարությունում, հրամկազմի հավաքին։

– Նման հավաքի ես ներկա չեմ եղել, ես եղել եմ պաշտպանության նախարարությունում՝ 27-ի դեպքերի հետ առնչված, մեր մտահոգությունը եւ մեր հայրապետական հորդորը իրենց փոխանցելու նկատառումով։

«Առավոտ»– 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ գաղթականներ եկան Արեւելյան Հայաստան, նրանց մեջ քիչ չէին ապահովված մարդիկ, ովքեր իրենց ունեցվածքը ի պահ տվեցին Ամենայն Հայոց եկեղեցուն։ Խնդրում եմ ասեք, եկեղեցին համապատասխան փաստաթղթեր ունի՞ առ այն, թե քանի ընտանիք է իր կարողությունը ի պահ տվել եկեղեցուն, ինչպես է տնօրինվում այդ կարողությունը եւ քանիսին է, պահանջի դեպքում՝ վերադարձվել։

– Նման պարագաներ մեզ հայտնի չեն։ Գիտեք Ֆերջուլյանների հայտնի գործը։ Ուրեմն, հայ եկեղեցու կողքին ստեղծված էր մի մարմին՝ Գաղթականների օգնության կոմիտե, որի նախագահներից էր նաեւ ժամանակին Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը, եւ այդ կոմիտեի միջոցով փորձում էին օգնել, սատարել գաղթականությանը։ Եղել են պարագաներ, երբ այս կամ այն անձը իր կարողությունը, իր հարստությունը ի պահ է թողել այդ կոմիտեին։ Թե նման քանի՞ դեպքեր կան, բնականաբար, ծանոթ չեմ, որովհետեւ որեւէ ուսումնասիրություն կատարված չէ եւ մեր արխիվում էլ, այստեղ, նման փաստաթղթեր չկան, այստեղ պահվում է միայն Վազգեն Վեհափառ Հայրապետի արխիվը, մինչ այդ եղածը հանձնված է պետական արխիվին։

– Իսկ եթե արխիվում կա փաստաթո՞ւղթը։

– Եթե արխիվում կա եւ ներկայացվում է եկեղեցուն, ուրեմն պետք է ուսումնասիրել, թե դա այսօր առկա՞ է, գոյություն ունի՞ Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնում։ Եթե մեզ մոտ գտնվի, ապա կվերադարձվի տվյալ ժառանգորդին։

«Հ. Հ.»– Ի՞նչ սկզբունքներով են կառուցվելու պետություն-եկեղեցի հարաբերությունները։

– Պետություն-եկեղեցի հարաբերությունների հարցին մենք հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ հանդիպումներում անդրադարձել ենք եւ, հավանաբար, պետք է կարողանանք ստեղծել մի փաստաթուղթ, մի համաձայնագիր եկեղեցու եւ պետության միջեւ, որով կկարգավորվեն հարաբերությունները մեր գործունեության զանազան ոլորտներում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Լրագրողներից մեկի հարցին, թե վերջերս շատ է խոսվում Վազգեն Սարգսյանին սրբերի դասը կարգելու մասին, կաթողիկոսը պատասխանեց. «14-րդ դարից ի վեր հայ եկեղեցում սրբագրում չի կատարվել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031