Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Դեկտեմբեր 17,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնում սա Ալեքսան Հարությունյանի առայժմ միակ հարցազրույցն է։

-Համաձա՞յն եք այն պնդմանը, թե Հայաստանի ողջ արտաքին քաղաքականությունը հանգել է զուտ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներին։

– Ո՛չ, համաձայն չեմ եւ փառք Աստծո, որ այդպես չէ։ Ուղղակի այս կամ այն կերպ Ղարաբաղի խնդիրն արծարծվում է ե՛ւ բնապահպանական, ե՛ւ մարդու իրավունքների, ե՛ւ այլ խնդիրների նվիրված միջազգային զանազան համաժողովներում եւ հիմնականում նախաձեռնողը լինում են Ադրբեջանի ներկայացուցիչները։ Բայց դա չի նշանակում, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն Ղարաբաղի հիմնահարցն է ընդգրկում։ Ի վերջո, այն երկրները, որոնք ունեն նման հիմնահարց, նրանց քաղաքականության մեջ էլ է այն մեծ տեղ գրավում։ Չի կարելի, ասենք, Հունաստանի արտաքին քաղաքականության մասին խոսել առանց Կիպրոսի խնդրի։

– «Ստամբուլը թաղեց Լիսաբոնը», «դիվանագիտական հաղթանակ» եւ նման որակումներն արդյոք անդրադարձը չեն փորձերի՝ արտաքին քաղաքական հաջողությունների ուռճացման միջոցով ձգտել ամրապնդել Ռոբերտ Քոչարյանի որոշակիորեն թուլացած դիրքերը ներքաղաքական ոլորտում։

– Նախ, այն ինչ կատարվեց Հայաստանում, արտաքին կամ որեւէ այլ ոլորտում նույնիսկ արհեստական հաջողությունների տպավորություն ստեղծելով հնարավոր չէ որեւէ կերպ փոխհատուցել, վերականգնել։

Հետո, Ստամբուլում շատ կարեւոր հարց լուծվեց։ Մեր խնդիրն այս էր, թե որեւէ ձեւակերպում չլինի, որը կարող էր վնասել մեր ազգային շահերին եւ որեւէ պարտավորություն սահմանել առաջիկա տարիներին Հայաստանի որեւէ եւ, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ճանապարհին։ Այդ խնդիրը լուծվեց։ Սա կարելի է համարել մեծ հաջողություն։

Իհարկե, հասկանալի է, որ մեզ համար ավելի կարեւոր է, թե այդ գագաթնաժողովի բուֆետում Բորիս Ելցինը Քլինթոնի հետ խոսելիս Ղարաբաղի անունը տվե՞ց, թե՞ ոչ։ Եվ բնական եմ համարում այն արձագանքը, որ փորձում են Ստամբուլի խարտիայի ընդհանուր գաղափարախոսության մեջ տեսնել Ղարաբաղի հարցի դրական կամ բացասական կողմերը։ Սակայն իրոք որեւէ տեղ խոսք չեղավ Ադրբեջանի կազմում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Չկա որեւէ փաստաթղթում որեւէ տող, որտեղ դա արձանագրված լինի։ Եվ հաջողվեց այդպիսի ձեւակերպումներով հասնել փոխհամաձայնության անգամ Ադրբեջանի եւ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ այլ երկրների հետ։ Սա նաեւ վկայում է, որ ե՛ւ մեզ, ե՛ւ Ադրբեջանին հաջողվել է հաղթահարել բառային պատերազմի բարդույթը։ Եվ ավելի կարեւոր խնդիրներ են այժմ հուզում, քան այն, որ ինչ որ բառ ընդգրկեն, որից վատ կզգա Հայաստանը կամ Ադրբեջանը։ Սա Քոչարյանի եւ Ալիեւի՝ մինչեւ Ստամբուլի գագաթնաժողովը հանդիպումների շնորհիվ ստեղծված մթնոլորտի արդյունքն է։ Ես դա կանվանեի մեր ընդհանուր՝ երեք համանախագահող երկրների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակը։

Բացի այդ Ստամբուլում եւս մի կարեւոր քայլ արձանագրվեց, որ պարտադիր դարձավ բանակցային ապագա գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը։

– Ձեզ, իհարկե, ծանոթ են այն հարցադրումները, թե ի՞նչ ասել է Ղարաբաղի ներկայացուցիչ՝ ԼՂՀ օրինականորեն ընտրված ղեկավարների պարագայում։ Եվ արդյոք նրանք չե՞ն հավասարեցվում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների կարգավիճակին։

– Դա մի քիչ ուրիշ օպերայից է, ինչպես ասում են։ Ես Մինսկի խմբի բանակցային գործընթացին առնչություններ եմ ունեցել 1992-93-ից մինչեւ 1997-ը։ Եթե 1992-93-ին դեռ բանավեճի հարց էր, թե ովքեր են Ղարաբաղի այդ ներկայացուցիչները, որ պիտի մասնակցեն բանակցություններին, վաղուց արդեն չկա այդ խնդիրը։

Ի վերջո, Մինսկի խմբի եռանախագահության ներկայացուցիչները բանակցություններ են վարում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի իշխանությունների հետ։ Եվ եթե նրանք Ադրբեջանի արտգործնախարարության կամ նախագահի նստավայրի որեւէ սենյակում նույնիսկ հանդիպեն ու մի բաժակ սուրճ խմեն Բախմանովի հետ՝ դա հյուրասիրության կանոնները չխախտելու ցանկության ապացույց է։ Բայց, բնականաբար, համանախագահողները Բախմանովի հետ չեն քննարկում Ղարաբաղին առնչվող ռազմաքաղաքական հարցերն ու խնդիրները։ Այսինքն, իմ կարծիքով, ավելորդ անհանգստություն է, թե ներկայացուցիչներ ասելով ինչ նկատի ունեն։

– Այնուամենայնիվ զարմանալի է, թե ինչպե՞ս են հնարավոր նույն փաստաթղթի շուրջ այսչափ տրամագծորեն հակադիր գնահատականները։ Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը պնդել էր, թե Ստամբուլի խարտիայի 19 կետով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է դիտվում։

– Այս խնդիրը բազմիցս քննարկվել է եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը բավական հանգամանալից բացատրություններ է տվել։ Նաեւ ասվել է, թե այն կետը, որը շատ է մեջբերվում որպես ամենավատը՝ առավելապես մեր ջանքերի շնորհիվ է ընդգրկվել փաստաթղթում։ Կարող եք մեջբերել այդ կետը, որ ընթերցողները տեսնեն, թե այն ինչ կապ ունի Ղարաբաղի հետ։

– Ղարաբաղի նման խնդիր ունեցող երկրների տարածքային ամբողջականությունը հաստատվեց Ստամբուլում։ Ալբանիան Հարավսլավիայի մասով վերապահում արեց։ Իսկ ինչո՞ւ Հայաստանն առանց վերապահումների միացավ այդ փաստաթղթին։

– Գրվել էր, թե Կոսովոն Հարավսլավիայի մաս է, դրա համար էլ վերապահում արվեց եւ ոչ Հարավսլավիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ, այլ այնտեղ կատարված հանցագործությունների եւ այդ ժողովրդի իրավունքների։

Բայց մեր դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք չկար։ Ինչո՞ւ պիտի վերապահում անեինք։ Հակառակը կստացվեր, որ չկա, բայց մենք ներառում ենք։

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն քննադատությանը, թե Ղարաբաղը հակամարտության սուբյեկտից վերածվել է օբյեկտի։

– Այդպես չէ։ Երեւի նկատի ունեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի երկկողմանի հանդիպումնե՞րը։ Բայց դրանք, ի վերջո, չեն փոխարինում Մինսկի գործընթացը, որտեղ լուծվելու է Ղարաբաղի խնդիրը եւ որտեղ Ղարաբաղը հակամարտության կողմ է նույն ընդդիմախոսների ջանքերի շնորհիվ նաեւ։ Մինսկի խմբի համանախագահների եւ ներկայացուցիչների այցերը շարունակվում են, որոնք հիմքեր կնախապատրաստեն մոտ ապագայում բանակցություններն այդ ֆորմատով վերսկսելու համար։

– Հաջորդ նմանօրինակ քննադատությունն է, որ Ղարաբաղի հիմնախնդիրը փաստորեն վերափոխվել է Հայաստան-Ադրբեջան հակամարտության։ Սա միայն բառախա՞ղ է։

– Իհարկե, քանի որ միջազգային ցանկացած ֆորմատի համաժողովի որեւէ փաստաթուղթ չեք գտնի, որտեղ մեջբերված կարծիքը փաստացի ձեւակերպում ստանար։ Եվ կարծես հակառակն է՝ ԱՄՆ-ի ղեկավարության նամակներում, համանախագահների Ստամբուլի զեկույցում նշվում է, թե Ղարաբաղը պիտի մասնակից լինի բանակցություններին։ Փաստերն այս են՝ մնացածի վերաբերյալ կարելի է տարբեր կարծիքներ ունենալ։

– Նախկին իշխանավորներն այնուամենայնիվ պնդում են, թե Հայաստանը շարունակում է միջազգային մեկուսացման մեջ մնալ, քանզի այն որոշվում է ոչ թե փոխայցելություններով, այլ տարածաշրջանային տնտեսական ծրագրերում մեր բացակայությամբ։ Այստեղ տեղն է հիշել, որ չնայած Դեմիրելը սկզբնապես չէր բացառել, որ Բաքու-Ջեյհան նավթամուղի մի երակը կարող է անցնել Հայաստանով, այնուամենայնիվ, վերջնական պայմանագրում Հայաստանի մասին անգամ ակնարկ չկար։

– Նույնիսկ ադրբեջանական շատ լավատես մեկնաբաններն այդ պայմանագիրը վերջնական չեն անվանում, այնպես որ, մի քիչ զգույշ է պետք լինել այդպիսի ձեւակերպումներում։

Իհարկե, Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելը Հայաստանի համար ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայում որոշակի խնդիրներ է ստեղծում մեր երկու հարեւանների հետ, առաջին հերթին՝ տնտեսական հարաբերություններում։ Բայց, մյուս կողմից, պետք է նկատի առնել, թե ինչ ակտիվությամբ է Հայաստանը ձգտում եւ փաստորեն կարողանում իր ներկայությունն ապահովել բոլոր միջազգային համաժողովներում, ուր քննարկվում են տնտեսական միջանցքների, ճանապարհների եւ հաղորդակցական ցանցերի հարցերը։ Եվ միայն Բաքու-Ջեյհան նավթամուղով, այն էլ՝ ոչ դրա վերջնական արդյունքով, այլ մի փաստաթղթով, որն ինչ-որ փուլի ավարտ է արձանագրում՝ չարժե եզրակացնել, թե Հայաստանը դուրս է մնում կամ մեկուսացվում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մինչեւ Ղարաբաղի հարցի լուծումը, անկախ նրանից, թե ով է Հայաստանի արտգործնախարարը կամ նախագահը՝ Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը միասին պայմանագիր են ստորագրելու, որ նավթամուղը անցնելու է Հայաստանով… եւ եթե դա չի ստորագրվում, ուրեմն Հայաստանը վատ արտաքին քաղաքականություն է վարում…

Արդյոք նախկին իշխանություններին հաջողվե՞ց բացել Թուրքիայի ճանապարհը, որը փակվեց Քելբաջարի գրավումից հետո։ Եվ դա էլ, իհարկե, չէր նշանակում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան վատն էր, որ ինչքան էլ փորձեցինք՝ չկարողացանք բացել այդ ճանապարհն ու երկաթուղին։ Ի վերջո, քաղաքական խնդիրները չեն կարող վակուումի մեջ գոյություն ունենալ, իսկ տնտեսական խնդիրներն ինքնուրույն զարգացումով ընթանալ։

– Դուք էլ բավական վառ գույներով ներկայացրիք արտաքին քաղաքական ոլորտում մեր հաջողությունները։ Սակայն ինչպե՞ս եք մեկնաբանում, որ նախագահի հենարանի հիմնական ուժերից մեկի՝ ԵԿՄ համագումարում նաեւ այս առումով դժգոհություն հնչեց, ինչպես հետեւյալ ելույթում էր. «Չարաչար սխալվում են եւ չարաչար խաբված են բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Ալիեւին ձեռքով բարեւելը կամ Թուրքիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ժպիտներին արժանանալը հիմնահարցի լուծում է»։

– Երեւի մոռացել էին ասել նաեւ Ռուսաստանի ժպիտի մասին։ Թերեւս այդ նպատակով է ասվել. բայց Ելցինի ժպիտը նույնպես եղել է, եթե այդ է մտահոգում։ Եվ ես երբեք վառ գույներով չեմ ներկայացրել մեր արտաքին քաղաքականությունը։ Գիտեմ այն երբեմն անլուծելի խնդիրները, որ մեր արտաքին քաղաքականության առջեւ կային ե՛ւ առաջ, ե՛ւ հիմա։ Բայց չեմ ցանկանում այժմ մեկ առ մեկ թվարկել դրանք։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031