Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸՆԿԱԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ՉԴԱՐՁԱՆՔ…

Փետրվար 04,2000 00:00
despanatun

Մինչ իրանցիները զայրանում են հայաստանյան լրատվամիջոցների վրա եւ փորձ անում քաղաքացիական սովորական վեճը տեղափոխել քաղաքական, միջպետական հարաբերությունների ոլորտ, Հայաստանի հելսինկյան կոմիտեն փորձեց ԱԳՆ-ից ճշտել Այգեստան 9 փողոցի 2ա տան նկատմամբ նախարարության դիրքորոշումը։ Ինչո՞ւ ԱԳՆ-ից, որովհետեւ հարցն առնչվում է Իրանի դեսպանատան ներկայացուցիչներին, որոնք զբաղեցնում են այդ տունը։

ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունը օրեր առաջ պաշտոնական գրությամբ պատասխանեց, որ վերոնշյալ տան շուրջ ծագած վիճաբանությանը տեղակ է 1998թ.-ից եւ «այդ կապակցությամբ էլ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում պահվող նյութերի եւ գրությունների թղթապանակը կազմում է շուրջ 90 թերթ» («Այգեստան 9 փ., 2ա տուն» բաժին ու բաժնի վարիչ էլ կլինի- Ռ.Մ.)։ Ի դեպ, այդ 90 թերթի մեջ առկա են «ծառայողական գրություններ» արդարադատության նախարարության, գլխավոր դատախազության, Իրանի ներկայացուցչության աշխատակիցների միջեւ։

ԱԳՆ-ն տեղեկացնում է (մեջբերեմ բառացի), որ «Իրանական կողմը, որ վարձակալել էր տունը, այժմ պահանջում է իր եւ ոմն Անուշ Ավանեսյանի միջեւ կատարված գործարքում ամրագրված՝ պայմանագրի խափանման դեպքում 100 հազար ԱՄՆ դոլարի չափով տրված գրավի վերադարձը»։ Իրանցիները շարունակաբար վկայակոչում են Վիեննայի կոնվենցիան, ըստ որի, անձեռնմխելի է դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի բնակավայրը եւ «դեսպանընկալ» պետության պարտավորությունն է տեր կանգնել այդ պարտավորություններին։

Այնուամենայնիվ, լրացուցիչ տեղեկանում ենք, որ ԱԳՆ-ն նոտա էր հղել Իրանի դեսպանատանը, որտեղ խորհուրդ էր տվել մեր բարեկամ պետությանը, եթե խախտվել են նրանց իրավունքները, ապա կարող են հայցով դիմել դատարան եւ «իրենց հետ նկուղային եւ առաջին հարկերի մասով պայմանագիր կնքած քաղաքացուց պահանջել վնասի հատուցում, որը կապ չունի օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման հետ»։ Իսկ այդ վճռով իրական սեփականատերերը՝ Ալբերտ եւ Անահիտ Հակոբյանները, պետք է իրենց տուն վերադառնան։

«Դեսպանընկալ» պետության խնդիրն այս դեպքում մնում է իրանցիներին «քցողներին» ենթարկել պատասխանատվության, եթե, իհարկե, հարգում ենք մեզ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829