Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑՅԱԼ’ S FIRST

Փետրվար 15,2000 00:00
Garegin b

Երեկ Փարիզ ուղեւորվեց հայ բարձրաստիճան երեւելիների մի խումբ՝ զորավար Անդրանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու առաքելությամբ։

«Առավոտն» արդեն բազմիցս անդրադարձել է մեծ զորավարի աճյունը մեր երկրի համար ֆինանսական, սոցիալական լարվածության այս շրջանում Հայաստան տեղափոխելու աննպատակահարմարությանը, երբ այդ նպատակով ծախսվում են բյուջեից մեծ գումարներ։ Ամենեւին արցունք կորզելու համար չենք նշում, թե այդ գումարի կարիքն ինչպես են զգում մեր հազարավոր հայրենակիցների՝ առայժմ ոչ հանգուցյալ մասը։ Եթե բանավոր զրույցներում մեր բարձրաստիճան իշխանավորները կիսում են մեր տեսակետը, ապա իրենց կարծիքը հրապարակավ ներկայացնելու խիզախություն ոչ մեկը չունի այն մտավախությամբ, թե՝ «Սխալ կհասկանան»։

«Առավոտը» այս կապակցությամբ որոշ պարզաբանումներ խնդրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից եւ ՀՀ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանից։

– Վեհափա՛ռ, արդյոք ճի՞շտ է հանգուցյալին վերահուղարկավորելը՝ զուտ կրոնական տեսակետից։ Նկատի ունեմ այն, որ հանգուցյալի հուղարկավորությունից հետո ասում են՝ «հանգստություն ոսկորներին»։ Վերահուղարկավորելով՝ այդ «հանգստությունը» չի՞ խախտվում։

– Եկեղեցական առումով որեւիցե խնդիր չենք տեսնում մասունքների փոխադրության հարցում։ Մասունքները պիտի բերվեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, այնտեղ մենք մեր աղոթքը առ Աստված պիտի բարձրացնենք, պիտի աղոթենք հանգուցյալի հոգվույն հանգստության համար եւ պիտի ողջունենք։

– Դուք ճի՞շտ եք գտնում, որ օտար երկրում մահացած զորավարի կտակն անպատճառ պետք է իրագործվի մեր երկրի ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ պետության կիսադատարկ գանձարանից ծախսվելիքը լուրջ գումար է։

– Ես կարծում եմ՝ գաղափարներ կան, իրագործումներ կան, իղձեր կան, ազգային երազներ կան, որոնք չպետք է բյուջեով հաշվարկվեն։ Աճյունի փոխադրումն այստեղ չգիտեմ, թե ինչ չափով պիտի անդրադառնա բյուջեի վրա…

– 70 հազար դոլարով։

– … եւ որքան զգալի պիտի լինի մեր հասարակության կյանքի մեջ։ Կարծում եմ՝ Անդրանիկի աճյունը մայր հողին հանձնելը տեղին է. Անդրանիկն այն եզակի մարդկանցից էր, որ մահացած վիճակով անգամ սարսափ էր տարածում բռնապետություններին։ Այդ անձի աճյունը մայր հողին հանձնելը պատիվ է եւ փառք մեր ժողովրդի համար։

– Իսկ եկեղեցին որեւէ ձեւով, ցանկալի է՝ նյութապես, չի՞ պատրաստվում աջակցել աճյունը Հայաստան տեղափոխելուն։

– Պետությունը, փառք Աստծո, եկեղեցու կարիքը չունի նման հարցերի լուծման խնդրում։ Աճյունի վերահուղարկավորմանը անհրաժեշտ յուրաքանչյուր լուման ամեն գնով հայթայթելու տրամադրվածություն ուներ նաեւ ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը։

– Պրն Բարխուդարյան, աճյունի տեղափոխման վրա ծախսվելիք 70 հազար դոլարը վերջնականորե՞ն հաշվարկված գումար է, թե՞ այլ ծախսեր եւս անհրաժեշտ կլինեն։

– Ֆինանսավորումն անպայման կապահովվի. կարող եք չկասկածել։ Ողջ միջոցառումը կիրականացվի. մենք միջոցներ կգտնենք։

– Բյուջետայի՞ն, թե՞ արտաբյուջետային միջոցներով։

– Ինչ կախված է բյուջեից, բոլոր պարտականությունները բյուջեն կկատարի։ Կարող եք չկասկածել. ե՛ւ Դրոյի, ե՛ւ Անդրանիկի։

– Իսկ որքա՞ն գումար է նախատեսվում Դրոյի աճյունի տեղափոխման համար։

– Հիմա ես հստակ թիվը չգիտեմ։ Կա հանձնախումբ, որը դրանով զբաղվում է։ Կներկայացնեն թիվը, եղած գործող կարգով մենք կֆինանսավորենք։

– Չե՞ք կարծում, որ մեր աղքատիկ բյուջեի համար այդ 70 հազար դոլարը մեծ գումար է։

– Ողջ գումարը չէ, իմ կարծիքով, որ բյուջեից է տրվելու։ Այսուհանդերձ, 70 հազարը վճարել մեր հերոսների աճյունը հայրենի հող տեղափոխելու համար, ինչպիսի վիճակում էլ լինի մեր հայրենիքը, շքեղություն չէ։ Դա անհրաժեշտություն է։

– Այսինքն՝ անհրաժեշտություն չէ՞ այդ գումարը տրամադրել, ասենք, շտապօգնությանը, որ մարդիկ անօգնականությունից չմահանան։ Կամ՝ այլ կարիքներ հոգալուն։

– Այո՜։ Բայց էդպիսի բան չկա։ Դուք արդեն դեմագոգիա եք անում։ Ցտեսություն։ Շնորհակալություն։ Ստացվում է, որ ցանկության դեպքում կառավարությունը փողեր կարող է գտնել։ Սա հույս է տալիս, որ մեր թոշակառուների, ամիսներով աշխատավարձ չստացող քաղաքացիների համար էլ մի օր գումարներ կգտնվեն։ Եվ ոչ միայն (վերա)հուղարկավորելու նպատակով, այլ ապրեցնելու։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829