Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎՈՐՎԵԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Փետրվար 15,2000 00:00
hyd

ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.

ՀՅԴ 28-րդ ընդհանուր ժողովը հայ ժողովրդի ներկա կացության եւ հայոց պետականության ու առհասարակ հայ քաղաքական կյանքի հիմնախնդիրների ամբողջական քննարկումը կատարելուց հետո որդեգրեց համապատասխան որոշումներ եւ իր աշխատանքները ավարտեց փետրվարի 12-ին Հայաստանում։

Ընդհանուր ժողովի գումարումը զուգադիպեց Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքի դժվարին հանգրվանին։

Արցախյան պայքարի ճակատի վրա, Հայաստանը եւ Արցախը դիմագրավում են կովկասյան տարածաշրջանը աքցանող մեծապետական ուժերի դիվանագիտական գրոհը։ Վտանգված է արյամբ նվաճված ազգային մեր իրավունքների իրավական ամրագրումը։

Հայաստանի ընկերային-տնտեսական տագնապը ահավոր չափերի է հասել եւ սպառնում է նույնինքն Հայոց պետական տան ազգային անվտանգությանը։

Այս լույսի ներքո ընդհանուր ժողովը քննարկեց Դաշնակցության անցյալ քառամյակի գործունեությունը եւ մշակեց առաջիկա հանգրվանի ՀՅԴ ռազմավարությունն ու քաղաքական ուղեգիծը՝ թե՛ միջազգային եւ թե՛ ներազգային ճակատների վրա։

Դաշնակցությունը կենսական ու առաջնահերթ է համարում Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը՝ հայրենի ու սփյուռքյան քաղաքական ուժերի հավաքագրումով։ Շեշտում է համազգային մեր ներուժը լարելու եւ պետականորեն հաստատագրելու հրամայականը։ Միայն այդ ճանապարհով Հայաստանը եւ Արցախը կարող են դիմագրավել միջազգային բանակցությունների ընթացքում հայկական կողմին պարտադրվող զիջումները։

Այս մարտահրավերների հարաճուն ճնշումը հաջող կերպով դիմագրավելու համար Հայաստանն ու հայությունը, հայրենաբնակ, թե աշխարհացրիվ մեր ժողովրդի ամբողջական զորաշարժով եւ պետական մեր կռվանների ու ազգային-քաղաքական ուժերի առավելագույն համադրումով, կոչված են գործելու Պահի պահանջած հզորությամբ, մարտունակությամբ եւ հաստատակամությամբ։

Առ այդ Դաշնակցությունը անհրաժեշտ է համարում Հայաստանի եւ Սփյուռքի ենթակառույցների անհապաղ արդիականացումը եւ մեր ժողովրդի շարունակական քաղաքականացումը։ Այս առումով կարեւոր դերակատարության է կոչված հատկապես հայ երիտասարդությունը՝ մեր ազգային պահանջատիրությանը նոր թափ հաղորդելու մարզում։

Դաշնակցությունը գործակցության ամբողջական պատրաստակամություն է հայտնում բոլոր այն ուժերի հետ, որոնք Հայ Դատի այս կարեւոր հանգրվանում զինվորագրվել են հայոց զույգ պետականությունների շուրջ համախմբվելու եւ հայության ազգային-քաղաքական հզորացումը իրականացնելու մեծ գործին։ Միասնական ճիգերով մենք կարող ենք հայոց պետական համակարգը դուրս բերել իր ներկա կաթվածահար վիճակից. սրբագրել գործող Սահմանադրության անկատարությունը եւ կառուցել իրավական, ժողովրդավարական ու ընկերային ուղղվածությամբ պետականություն։ Ապահովել օրենքի լիարժեք եւ անվերապահ կիրառումը, պայքարել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ. աշխուժացնել անշարժության մատնված Հայաստանի տնտեսությունը եւ դարմանել մեր ժողովրդի ընկերային-տնտեսական տագնապալի վիճակը. արմատական լուծումներ գտնել սպառնալի չափերի հասած գործազրկության եւ արտագաղթի չարիքի դեմ պայքարի գործում։

Ի վերջո Դաշնակցությունը կոչ է անում բոլորին միասնականությամբ եւ վճռականությամբ դիմագրավելու Հայաստանի եւ հայության առաջ ծառացած սուր խնդիրները՝ միավորելով Հայաստանի եւ Արցախի իշխանությունների, ազգային քաղաքական ուժերի եւ համայն հայության կարողականությունն ու ներուժը, ի խնդիր հայ ժողովրդի գերագույն տեսլականի՝ Միացյալ, Ազատ եւ Անկախ Հայաստանի կերտմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829