Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵ՞Ց ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 16,2000 00:00
Vladimir Nazaryan

Ըստ Սահմանադրության հեղինակ Վլադիմիր Նազարյանի՝ նախագահը վարկերի իրականացման վրա վերահսկողություն հաստատելու իրավունք չունի:

«Առավոտն» արդեն հաղորդել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի փետրվարի 7-ի հրամանի համաձայն, նախագահի վերահսկողական ծառայությունը պիտի գյուղատնտեսության նախարարությունում մասնակի ուսումնասիրություններ անցկացնի վարկային ծրագրերի եւ դրամաշնորհների իրականացման ընթացքի վերաբերյալ։

Այս առնչությամբ նախ հիշեցինք Համաշխարհային բանկի Հայաստանի ներկայացուցիչներից մեկի՝ ասուլիսում դիվանագիտական մեղմությունից զերծ բողոքը, թե վարկային ծրագրերի իրականացման գրասենյակներն աշխատելու փոխարեն հարկադրված են բազմաթիվ ստուգող կազմակերպություններին տեղեկանքներ մատակարարել։

Կարծես նախադեպ չկա, որ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունն էլ վարկեր ու դրամաշնորհներ ստուգեր եւ այսպիսով փորձեր խլել նույն խնդրով զբաղվող բազմատեսակ հանձնաժողովների, վարչությունների, պալատների եւ վերջապես՝ իրավապահ մարմինների հացը։

Ուստի, ԱԺ իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանից հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են այս ուսումնասիրությունները համապատասխանում օրենքներին։ Որպես պատասխան նա նախ հիշեցրեց. «Նախագահի աշխատակազմը սպասարկում է նախագահին եւ պետք է գործի հանրապետության նախագահի լիազորությունների լա՜յն շրջանակում։ Եվ համենայնդեպս, աշխատակազմն իրեն չպիտի վերագրի այնպիսի մի լիազորություն, որը չունի ինքը՝ հանրապետության նախագահը»։ Այստեղ Վլադիմիր Նազարյանը բացեց Սահմանադրությունը, որի 55-րդ հոդվածով սահմանվում են նախագահի լիազորությունները։ Դրանց վերաբերյալ 17 կետ կա, որ կազմում են երկու էջ։ Դեռ լիազորությունների առաջին հնգյակի ընթերցանության ժամանակ անզեն աչքով դեմքիս նայողը կտեսներ անհանգստության նշանները։ Սակայն պրն Նազարյանը խորասուզված էր Սահմանադրության մեջ։ Ուստի, երբ հասավ այն դրույթին, թե նախագահն է նշանակում եւ ետ կանչում դիվանագիտական ներկայացուցիչներին՝ դադարեցնելու խնդրանքն արդեն բարձրաձայն ներկայացրի։ «Ներողություն»,- ասաց Վլադիմիր Նազարյանը եւ շարունակեց համառորեն շարադրել, թե էլ ինչ է կարող անել նախագահը։ Հաղթական ավարտին հասցրեց ընթերցանությունը եւ ներկայացրեց դրա նպատակը. «Ինչպես տեսաք, չկա նման լիազորություն, որ նախագահը վերահսկողություն է իրականացնում եւ մասնավորապես՝ պետության ստացած վարկերի օգտագործման նկատմամբ»։

Ի դեպ, պրն Նազարյանը նաեւ նշեց, որ եթե օրենսդրական այլ հիմքեր լինեն էլ՝ այդ օրենքը հակասահմանադրական կլինի, քանի որ, այնուամենայնիվ, Սահմանադրությունն է օժտված բարձրագույն իրավաբանական ուժով։

Իսկ ընդհանուր առմամբ, ստուգելու եւ վերստուգելու ցանկությունը Վլադիմիր Նազարյանը «ուժգին մարմաջ» անվանեց, որի շարժառիթները հետեւյալը ներկայացվեցին. «Նախ պիտի ասենք, թե որեւէ վերահսկող կառույց չի օգտվում հրեշտակի կանխավարկածից։ Ասենք, նախագահի վերահսկողական ծառայությունը գյուղատնտեսության նախարարությունում իր ուսումնասիրությունների միջոցով հայտնաբերեց վարկերի չարաշահում։ Դրանք կատարող անձինք, որոնք բոլորովին նպատակ չունեն Կոշի գաղութ գնալ՝ իսկույն կաշառք են առաջարկելու։ Հիմա պիտի ենթադրե՞նք, որ նախագահի վերահսկողության ծառայությունն օգտվում է հրեշտակի կանխավարկածից ու թքելու է այդ կաշառքի վրա եւ հանուն մեր ժողովրդի շահերի բացահայտելու է այդ չարաշահումները։ Բայց մարդու լեզուն էլ չի պտտվում նման բան պնդելու, որ իրեն հանկարծ ռոմանտիկ հիմարի տեղ չդնեն։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվում, արդյոք չե՞նք հայտնվում երկրորդ -ի կարգավիճակում»։ Այստեղ պրն Նազարյանը պատմեց, որ երբ հանրապետության գլխավոր դատախազն էր՝ ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ալեքսանդր Սուխարեւն առաջարկել է Հայաստանի ОБХСС-ի գլխին եւս մեկը կարգել, քանի որ շատ էին դեպքերը, երբ ОБХСС-ի աշխատակիցները գործարքի մեջ էին մտնում պետական ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Վլադիմիր Նազարյանը հրաժարվել էր, սակայն որոշ հանրապետություններում իրոք ստեղծվել էր այդ երկրորդ ОБХСС-ը. «Եվ ի՞նչ՝ կաշառքի թվերը մեծացան, քանի որ առաջին ОБХСС-ն ավելի շատ կաշառք էր վերցնում, որ դրա մի մասը տա երկրորդին»։

Մի խոսքով, որպես հին ու փորձված մարդ, պրն Նազարյանը դեմ էր այն մտայնությանը, թե ինչքան շատ ստուգեն՝ այնքան լավ. «Ինչքան ստուգեն՝ այնքան ղեկավարին ու ստուգողներին «նալոգներն» են ավելանում։ Ուրիշ ոչ մի բան»։

Որպես խնդրի սկզբունքային լուծում, պրն Նազարյանը հետեւյալ նկատառումները շարադրեց, թե բացառությամբ պետական գաղտնիք հանդիսացող գործարքների՝ պետական միջոցների հետ կատարվող գործողությունները պիտի հրապարակային արվեն։ Եվ մասնավորապես վարկերի բաշխման մանրամասները պիտի մատչելի լինեն անգամ ցանկացած լրագրողի համար. «Եթե այս ամենը բացարձակ բացահայտ ու թափանցիկ լինի, էլ որեւէ վերահսկողություն իրականացնելու կարիք չի լինի։ Թե չէ նախ ոչ հրապարակային ենք դարձնում՝ հետո սկսում պախկվոցի խաղալ։ Նախ աչքերը փակում եւ հաշվում են մինչեւ 10-ը, որից հետո, տվյալ դեպքում, նախագահի վերահսկողական ծառայությունը պիտի դեսանտ իջնի՝ բացահայտի չարաշահումները, բռնի ու պարզի, թե փողերը որտեղ են թաքցրել։ Այս մանկական խաղերին պիտի վերջ տալ»։

Ավելի որոշակի՝ Վլադիմիր Նազարյանն անհրաժեշտ էր գտնում, որ ԱԺ-ն օրենք ընդունի պետական վարկերի հետ կատարվող գործողությունների թափանցիկության եւ հրապարակայնության ապահովման մասին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829