Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱ»

Փետրվար 17,2000 00:00

Եղբոր հետագա ճակատագրի մասին այս կարծիքին է Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը։ Թե որքանով է հիմնավոր նրա այս տեսակետը, առայժմ դժվար է ասել։

Փաստն այն է, որ Սամվել Բաբայանի ստեղծելիք կուսակցությունը դեռեւս արդարադատության նախարարությունում գրանցված չէ։ Պրն Բաբայանը հայտարարել էր նաեւ, թե պատրաստ է հանուն ներքաղաքական կայունության քաղաքականությամբ չզբաղվել։ Ամռանը կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին, սակայն, Սամվել Բաբայանը պատրաստվում է մասնակցել, եւ որքան հասկացանք Կարեն Բաբայանի լավատեսությունից, լուրջ եւ հեռահար նպատակներ ունի։ Դա՝ հետո, իսկ այսօր Սամվել Բաբայանը որեւէ գործով զբաղված չէ, պաշտոնական հանդիպումների չի մասնակցում, մի խոսքով՝ «Տանն է լինում»։

Փոխարենը՝ ԼՂՀ կառավարության եւ նախագահի հետ ի պաշտոնե ստիպված է շփումներ ունենալ քաղաքապետ Կարեն Բաբայանը։ Արդեն հայտնի է, որ ԼՂՀ նախագահը առանձնապես հիացած չէ Ստեփանակերտի քաղաքապետով եւ ամեն ինչ անում է նրա լիազորությունները սահմանափակելու ուղղությամբ։ Մասնավորապես, ըստ պրն Բաբայանի՝ եթերից հանվել է քաղաքապետարանի «Քաղաք» հեռուստածրագիրը ԼՂՀ նախագահի այն պատճառաբանությամբ, թե՝ «Այնտեղ մեկի ռոժը չեմ ուզում տեսնել»։ Լուծարված է քաղաքային միլիցիան, քաղաքի ջրմուղ-կոյուղու, սանմաքրման, ջեռուցման վարչությունները այլեւս կառավարության հսկողության տակ են, կրթության վարչությունը՝ կրթության նախարարության, շտապօգնությունը՝ առողջապահության։ Քաղաքապետարանին մնացել է, փաստորեն, միայն շենքը։ Երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, ուր այս ձեւով քաղաքապետարանի լիազորությունների սահմանափակումը համարվել է ապօրինի, եւ Կարեն Բաբայանը դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազին, վարչապետին եւ ԱԺ նախագահին՝ վերանայել կատարվածի օրինականությունը։ Այս քայլերը, ինչպես նաեւ Արմեն Աբգարյանի (Ամուլյայի) ձերբակալությունը Կարեն Բաբայանը համարում է իր եւ եղբոր դեմ ուղղված։ Մասնավորապես, Ամուլյայի դեմ ներկայացված այն մեղադրանքները, թե նա պետությանը հարկերը չի վճարել, Կարեն Բաբայանն աբսուրդ համարեց. «Ժամանակին, դեռեւս Լեոնարդ Պետրոսյանի ցուցումով, Ժիրայր Պետրոսյանը նամակ էր գրել, որով ազատում էր «Ծիծեռնակը» հարկերից։ Այդ նամակը ես ինքս եմ տեսել»։ Կարեն Բաբայանի եւ «Երկրապահին» մոտ կանգնած այլ աղբյուրից ճշտեցինք, որ ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ ինքը՝ Ամուլյան, «հանգիստ սպասում են, թե երբ է գործն ուղարկվելու դատարան, ուր ամեն ինչ կպարզվի»։

Բայց, ամեն դեպքում, Կարեն Բաբայանն իր եւ Սամվել Բաբայանի անունից ասաց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում է իրենց ամենամոտ մարտական ընկերը եւ վստահում նրան։ Եվ Քոչարյանի հրաժարականը՝ Ղարաբաղի հարցի կարգավորման այս փուլում համարում են աննպատակահարմար։ «Ռոբերտ Քոչարյանի հետ Ղարաբաղի խնդրի լուծման որեւէ տարբերակի մասին զրուցե՞լ եք» մեր հարցին Կարեն Բաբայանը պատասխանեց. «Այդ թեմայով նա միայն Արկադի Ղուկասյանի հետ է զրուցում»։ Պրն Բաբայանը հիշեց, որ Արկադի Ղուկասյանն իր ծրագրում խոստացել էր ամեն ինչ անել, որ Ղարաբաղը լիարժեք անկախություն ստանա։

Կարեն Բաբայանը համաձայն չէր այն տեսակետին, թե Արկադի Ղուկասյանը գործում է Ռոբերտ Քոչարյանի թելադրանքով. «Ես չեմ գտնում, որ Ղուկասյանը Քոչարյանի ասածով է քայլում։ Կարծում եմ, որ նա ճիշտ հակառակն է անում»։ Մինչ պրն Բաբայանի հետ մեր զրույցը խոսել էինք նաեւ «Երկրապահին» մոտ մի աղբյուրի հետ (անունը նրա խնդրանքով չենք նշում), որը հավատացրել էր, որ Ռ. Քոչարյանին Ղարաբաղում այլեւս ոչ ոք չի սպասում։ Այս կարծիքը եւս պրն Բաբայանը չկիսեց։

Ի դեպ, հրաժարականի թեման սրտամոտ է նաեւ Կարեն Բաբայանի համար. իր մի հարցազրույցում նա մոտավորապես ասել էր, որ ԼՂՀ նախագահն իր հրաժարականի մասին երազում է։ Քաղաքապետի լիազորություններն ավարտվում են 2001 թվականի սեպտեմբերին։ Իսկ մինչ այդ. «Ես ինքնակամ երբեք հրաժարական չեմ տա։ Իմ հրաժարականն իրավունք ունի պահանջել միայն ավագանին»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ. Գ. ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կոչը ԼՂՀ երկրապահներին եւ Արցախի պատերազմի վետերաններին՝ միավորվել, առայժմ գործնական արդյունքներ չի տվել։ Փետրվարի 20-ին (կամ մի քանի օր հետո) տեղի կունենա արցախյան պատերազմի վետերանների հանրապետական համագումարը, ուր կորոշվեն միացման սկզբունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829