Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Կոմկուսը պատրաստ է անգամ ՀՅԴ առաջարկները պաշտպանել

Մարտ 18,2000 00:00
Hrant Voskanyan

ՀԿԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանին խնդրեցինք իր նկատառումները հայտնել ներքաղաքական որոշ իրողությունների վերաբերյալ։

– Այն, որ նախագահը կարծես դադարեց դիտորդի կարգավիճակում լինել եւ մեկը մյուսի ետեւից հրամանագրեր արձակեց՝ մամուլում մեկնաբանվեց որպես երկիշխանության ավարտ։ Դուք է՞լ եք համարում, որ արդեն հանգուցալուծման ականատեսն ենք։

– Նախ, ինձ թվում է, որ ճիշտ չէ դիտորդ բառն օգտագործել։ Ռոբերտ Քոչարյանը հանրապետության նախագահ է եւ իրավունք չունի երկրի կյանքին վերաբերող որեւէ հարցում դիտորդի կարգավիճակով հանդես գալ։ Իսկ այժմ նրա ակտիվությունը նորմալ եմ համարում։ Նախագահը սկսել է գործել Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների սահմանում։ Սա նա շուտ պիտի աներ։ Հիմա, որ սկսել է՝ պիտի գործի հետեւողականությամբ, համառությամբ, որ հանրապետության մեջ ամեն մեկը կատարի Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված իր աշխատանքը։ Եթե դա չլինի եւ ամեն մեկը խառնվի մյուսի գործունեությանը՝ ոչինչ չի ստացվի։

– Այնուամենայնիվ, կարծո՞ւմ եք, որ ճգնաժամն արդեն իսկ անցել է։

– Ես շատ եմ հավատում դրան, որ նորմալ, փոխվստահության մթնոլորտ կստեղծվի հանրապետությունում եւ մարդիկ, այդ թվում եւ իշխանության այս կամ այն ճյուղի ներկայացուցիչները, երբ կխոսեն իրար հետ՝ չեն մտածի, թե այս բառի ետեւում ինչ ենթատեքստ կա, այլ ասվածը կընկալեն այնպես, ինչպես կա։

– Տպավորությունն այնպիսին է, որ կուսակցությունների ներկայացուցիչների հետ երկրի ղեկավարների հաճախակի հանդիպումները նրանց համակրանքները շահելու, իրենց կողմը գրավելու նպատակ են հետապնդում։

– Ե՛վ հանրապետության նախագահը. ե՛ւ վարչապետը, ե՛ւ ԱԺ նախագահը լուրջ են հասկանում երկրի վիճակը։ Եվ այդ հանդիպումները, որ ես համարում եմ միայն դրական երեւույթ՝ հնարավորություն են տալիս ճիշտ զգալ մեր հանրապետության ու ժողովրդի զարկերակը, որ կարողանան լուրջ հետեւություններ անել այս կամ այն վճիռը կայացնելուց առաջ։ Եվ այս հանդիպումները պետք է ոչ միայն անպայման շարունակվեն, այլեւ կատարելագործվեն։ Օրինակ, շատ լավ կլիներ, եթե թեկուզ մեկ անգամ (ոչ անպայման խիստ արարողակարգային ձեւով) իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչները հավաքվեին ու իրար լսեին, թե ինչ խանգարող հանգամանքներ կան եւ այլն։

– Հայկոմկուսին կշտամբանք էր ուղղվել, թե մինչ այժմ շատ էր կրկնում «Միասնության» հայտարարությունները։ Արդյոք դիրքորոշումների որոշ նույնացում կա՞։

– Նախ, կոմկուսը եւ «Միասնություն» դաշինքի հայեցակարգերը կտրուկ տարբերվում են իրարից։ Բայց կլինի «Միասնությունը», «Կայունությունը», Դաշնակցությունը կամ որեւէ մեկ այլ կուսակցություն ու խմբավորում՝ եթե նրանց առաջարկները բխում են ժողովրդի մեծամասնության շահերից՝ կոմկուսն անպայման կպաշտպանի դրանք։ Քանի որ մենք չենք առաջնորդվում այն սկզբունքով, որով 90-ականներին առաջնորդվում էին ՀՀՇ-ականները, այն է՝ «Ինչքան վատ, այնքան լավ»։ Կոմկուսն իր պատասխանատվությունը ժողովրդի առջեւ զգում է եւ այդ զգացումով էլ գործում։

Ա․Ի․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031