Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՄԱՏՅԱՆ

Մարտ 30,2000 00:00
Hdm

Հաշվիչ դրամարկղային սարքերի տեղադրման հետ կապված մի անեկդոտ կա՝ եթե այսպես շարունակվի, մարմնավաճառներին եւս կստիպեն հաշվիչ դրամարկղային սարք տեղադրել համապատասխան մասերում։ Պետական եկամուտների նախարարության վարչության պետ Գառնիկ Միրզոյանին, երբ հիշեցրի այս անեկդոտը, վերջինս իսկական հարկայինի աշխատողի պես ասաց. «Եթե կա գործունեության ոլորտ, ուրեմն պետք է տեղադրվի»։

Անեկդոտն՝ անեկդոտ, բայց ապրիլի 1-ից սույն սարքերի պարտադիր տեղադրում է նախատեսված նաեւ կրպակների՝ փոքր բիզնեսով զբաղվող օբյեկտների համար։ Այս որոշման դեմ մանրավաճառները բողոքի էին ելել եւ մինչեւ կառավարություն էին հասել, բայց անարդյունք։ «Մինչեւ երեք մլն դրամը տարեկան կտրվածքով՝ ազատվում է ավելացված արժեքի հարկից»։ Մանր առեւտրականները, ուզեն, թե չուզեն, սարքերը տեղադրվելու են. «Իրենք խուսափում են իրական շրջանառության ծավալները ֆիքսելուց»։ Ի վերջո այս պետության մեջ բոլորը խուսափում են իրական ծավալները ֆիքսելուց։ Հակառակ դեպքում ինչով բացատրել, որ հենց նույն պետական եկամուտների նախարարությունը հրաժարվեց պատասխանել մեր հարցին՝ թե որքան են հարկային մուտքերն այս տարվա կտրվածքով, եւ եթե նորմալ են, այդ դեպքում ինչո՞ւ են ուշանում բյուջետային աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները։

Պետության բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար հարկավոր է, որ տվյալ պետությունն ունենա լիարժեք գործող կառավարություն, կատարողական բյուջե, նորմալ հարկային քաղաքականություն եւ ստվերներից ազատ սոցիալ- տնտեսական իրավիճակ։ Բայց, ինչպես միշտ, մեր պետության պարագայում ամեն ինչ մի քիչ ուրիշ է՝ ծուռ հայելիների թագավորության պես։ Բյուջետային աշխատավարձերն ուշանում են, կենսաթոշակներն ու նպաստներն ուշանում են, հարկային դաշտը խիստ կասկածելի գույներ ունի, բյուջեն անհագուրդ ճեղքվածք, միջազգային կազմակերպություններն էլ, «հակառակի» պես, իրենց տալիքն են ուշացնում։ Ու ստացվում է այնպիսի վիճակ, երբ մի կերպ հաստատված խղճուկ բյուջեն, որին այդպես էլ որեւէ մեկը դժվարացավ վերջնական գնահատական տալ, շարունակում է ճեղքվածք տալ։ «Անիրատեսական, մեր թշվառությունը հաստատող» եւ այլ բյուջետային գնահատականներ շարունակում են դամոկլյան սրի նման բյուջեի հույսին մնացածների գլխին կախված մնալ։

Թերեւս ծիծաղելի հնչի, բայց ավելորդ անգամ հիշենք ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական՝ սոցիալականին վերաբերող խոստումներից մի երկուսը. «Առաջնահերթ սոցիալական խնդիրը իրական աշխատավարձերի կտրուկ աճն է»։ Այս խոստումը, երբ հիշեցրի իմ զրուցակից բյուջետային աշխատավարձ չստացած մի քանի մարդկանց, վերջիններս ձեռքը թափ տվեցին։ Խոստումներից էր նաեւ կենսաթոշակների եւ նպաստների չուշացման մասին խոստումը։ Սակայն կյանքն ապացուցում է, որ խոստում տալը մի բան է, այն կատարելը՝ բոլորովին այլ։ Հերիք չի սա այսպես է, կառավարությունն էլ իր հերթին է խորացնում սոցիալ- տնտեսական առանց այդ էլ լարված իրավիճակը։

Եթե պետության մեջ պարբերաբար ուշանում են աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները, եւ պարբերաբար այդ բանը բացատրվում է բյուջեի հին ու նոր ճեղքվածքներով, նաեւ՝ հարկային մուտքերով, ուրեմն կառավարությունը լավ չի աշխատում։ Հարկային մուտքերի մասին կարգին տեղեկություն չի հաղորդվում։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, այս տարվա այս պահի դրությամբ որպես հարկային մուտքեր հավաքագրվել է 3 մլրդ դրամից պակաս գումար։ Մասնագետների հավաստմամբ եւ մի փոքր թվաբանությամբ մեր պետության կենսագործունեության բնականոն ապահովման համար հարկավոր է, որ այդ գումարը լինի ոչ թե 3 մլրդ, այլ՝ 14 մլրդ դրամ։ Այս պարագայում թերեւս հնարավոր լիներ ժամանակին կատարել բյուջետային վճարումները։ Պետությունն իր պարտավորությունները պետք է կատարի, բայց չի կատարում, նրան ավելի հոգեհարազատ են հարկային իրավունքները։ Այս տարվա ընթացքում պետության հարկային մուտքերի մասին մեր հարցին պետական եկամուտների նախարարությունում չուզեցին պատասխանել, ավելի ճիշտ՝ ասացին՝ գուցե այս պահին դա մեծ թիվ չէ, բայց առաջիկա 2-3 օրվա ընթացքում լուրջ թվի սպասելիք կա։ Երեւի էներգետիկայի նախարարության փորձը կիրառելու ձեւ գտնվի՝ ով չի վճարում ծախսած էլէներգիայի դիմաց, հոսանքն անջատում են։ Բոլոր բյուջետային աշխատավարձ, կենսաթոշակ եւ նպաստ ստացողները դրանց ուշացման պահից անջատում են պետության հետ որեւէ կապ եւ սպասում են, մինչեւ վերջինս իր պարտականությունները կսկսի նորից կատարել։

Քաղաքական վերջին իրադարձությունները, թվում է, քաղաքական ճգնաժամի խորացումն են արձանագրում, բայց, ըստ էության, առավել խորանում է սոցիալական ճգնաժամը, որն ավելի ուժեղ է լինում սովորաբար, քան ցանկացած քաղաքական ճգնաժամ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031