Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 17,2000 00:00

ՀՅԴ-ն սոցիալիստական է եւ ՀՀԿ-ի հետ չի բանակցել Պարզվում է, որ ՀՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար եւ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը շտապել է, երբ հայտարարել է խորհրդարանում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների հետ համագործակցության մասին։ ԱԺ «Հայաստան» խմբի, ԱԺՄ, ՀՅԴ, «Օրինաց երկիր» խմբակցությունների ներկայացուցիչների հետ մեր զրույցներն ապացույց են այն բանի, որ գործնականում հիշյալ ուժերի եւ ՀՀԿ-ի միջեւ համագործակցության մասին որեւէ բանակցություն կամ նախնական քննարկում անգամ տեղի չի ունեցել։ «Ես պաշտոնապես ասում եմ, որ Հանրապետական կուսակցության հետ ԱԺ-ում ուժերի վերադասավորման եւ առավել եւս նոր համագործակցության կամ դաշինքի ձեւավորման խնդրով բանակցություններ չեն եղել։ Իսկ համագործակցության մասին խորհրդակցություններ ավելի քան մեկ տարի ընթանում են քաղաքական գրեթե բոլոր ուժերի հետ»,- ընդգծեց ՀՅԴ ԳՄ անդամ եւ ՀՅԴ լրատվական ծառայության պատասխանատու Գեղամ Մանուկյանը։ Այնուամենայնիվ, արդյոք ՀՅԴ-ում քննարկման առարկա դարձե՞լ է այն, թե խորհրդարանում ուժերի վերաբաշխման համատեքստում Դաշնակցությունն ինչ դիրքորոշում է որդեգրելու եւ ինչ տեղ է զբաղեցնելու։ «Մեր դերը խորհրդարանում արդեն ձեւավորված է ավելի քան մեկ տարվա գործունեության արդյունքում։ Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի վերադասավորումներին, ապա այդպիսիք եղան բաշխիչ ցանցերի մասնավորեցման հարցի քննարկման ժամանակ, երբ պարզ դարձավ, որ խորհրդարանում գործող մեծամասնությունը՝ որպես այդպիսին, այլեւս չկա։ Ուժերի հարաբերակցության փոփոխությունն առաջին հերթին կախված է «Միասնություն» դաշինքից»։ Գ.Մանուկյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՅԴ-ն առաջինն էր, որ հայտարարեց, թե ողբերգական դեպքերն ու դաշինքի լիդերների կորուստը չպետք է հիմք դառնան խորհրդարանում ստատուս-քվոյի փոփոխման համար։ Ու թեեւ «Միասնություն» դաշինքի կուսակցություններից յուրաքանչյուրն առանձին-առանձին նոր դաշնակիցներ է որոնում եւ դե ֆակտո, արդեն, իբրեւ մեծամասնություն, գոյություն չունեն, այսուհանդերձ, այդ դաշինքի եւ մեծամասնություն կազմող խմբակցության լուծարման մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, իսկ մինչ այդ, թերեւս, ամեն ինչ անորոշ է լինելու։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գ.Մանուկյանը վստահեցրեց, թե առաջիկայում խորհրդարանում որեւէ ուժի հետ երկարատեւ համագործակցության եւ, առավել եւս, դաշինքի ձեւավորման մասին ՀՅԴ-ում քննարկումներ չեն եղել։ «Ինչ վերաբերում է առանձին խմբակցությունների հետ համագործակցությանը, ապա տարբեր հարցերի շուրջ նման համագործակցություն եղել է եւ կլինի»։ Համենայն դեպս, հստակ դարձավ, որ ՀՅԴ-ն առաջիկայում ԱԺ-ում մտադիր է առանձին գործել։ Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Տ.Թորոսյանի այն տեսակետին, թե ՀՅԴ-ն այլեւս ոչ թե սոցիալիստական, այլ ավելի շատ կենտրոնամետ է, Գ Մանուկյանն ասաց. «Լավ կլիներ, որ ամեն մեկը գնահատեր իր կուսակցության գաղափարական ուղղությունը։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա այն եղել է սոցիալիստական՝ իր հիմնադրման պահից, մնում է այդպիսին, եւ դա արտահայտվել է բազմաթիվ օրինագծերի քվեարկությունների ժամանակ։ Սոցիալիստական լինել-չլինելը չի կարելի պայմանավորել ԲԷՑ-երի մասնավորեցման խնդրով։ ՀՅԴ-ն ոչ միայն սկզբունքորեն դեմ չէ մասնավորեցմանը, այլեւ կրկնել է, որ կողմ է բազմակացութաձեւությանը»։ Գ.Մանուկյանն ասաց, թե այլ հարց է, որ ՀՅԴ-ն անցած 10 տարիների ընթացքում, սեփականաշնորհման տխուր ավանդույթների նախադեպերը հաշվի առնելով, դեմ է եղել այդօրինակ մասնավորեցմանը։ Ըստ նրա, ԲԷՑ-երի մասնավորեցման դեպքն այլ էր, քանի որ այն հաջողվեց օրենքով կանոնակարգել։ Գ.Մանուկյանը հավաստիացրեց, թե այս հարցի վերաբերյալ ՀՅԴ ԳՄ-ում քննարկումներ են եղել խմբակցության անդամների մասնակցությամբ, եւ օրենքին ՀՅԴ խմբակցության «կողմ» լինելը ոչ թե խմբակցության ինքնագործունեության, այլ կուսակցության դիրքորոշման արդյունքն է։ Սակայն հիշյալ օրենքի ընդունումից հետո որոշակի տեղեկություններ կային, որոնք վկայում էին, թե ՀՅԴ մարզային կառույցներում եւ Դաշնակցության ստորին շարքերում լուրջ դժգոհություններ կան խմբակցության եւ ՀՅԴ որդեգրած քաղաքականությունից ընդհանրապես։ «Բարեբախտությունն այն է, որ մենք մշտապես ունենք մեզ «զսպող շարքեր» հասկացությունը եւ այդ «շարքերը» ՀՅԴ-ի պարագայում մշտապես եղել է ժողովրդավարության արտահայտություն։ Կուսակցությունում կան տարբեր տեսակետներ, որոնք քննարկումների արդյունքում հղկվում եւ, ի վերջո, ամփոփվում են կուսակցության գերագույն մարմնի դիրքորոշման մեջ»։ Գ.Մանուկյանը ՀՅԴ-ում դժգոհությունների մասին տարածվող լուրերը օրինաչափ համարեց. «Ամեն անգամ Հայաստանում, ՀՅԴ գերագույն ժողովից առաջ, տարբեր շրջանակների կողմից փորձ է արվում ազդել կուսակցական համաժողովների եւ տեսակետների վրա, բայց ՀՅԴ-ին՝ արտաքին ազդեցությամբ հնարավոր չէ որեւէ դիրքորոշում պարտադրել»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031