Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2000 00:00

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ. ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Տրանսպորտի եւ կապի նախարար Էդուարդ Մադաթյանի՝ ս/թ. օգոստոսի 11-ի թիվ 36 կարգադրությամբ հենց օգոստոսին 11-ից «OPT» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների ծրագրերի հեռարձակման մետրային տիրույթները փոխատեղվեցին։ Մինչ այս կարգադրությունը, «OPT» ծրագիրը հեռարձակվում էր մետրային տիրույթի թիվ 12, իսկ «Պրոմեթեւսինը»՝ թիվ 1 կապուղիով։ Առաջին հայացքից այս կարգադրության մեջ արտառոց կամ քննարկման արժանի ոչինչ չկա, բացի այն, որ «OPT» հեռուստաընկերության ծրագրի հեռարձակումը կտրուկ վատացել է։ Պաշտոնական աղբյուրների վկայությամբ, սա կապված է արբանյակային ազդանշանների ծայրաստիճան վատ ընդունման հետ, որը տվյալ դեպքում հենց «OPT»-ի մեղքն է։ Տարօրինակ է միայն, որ այս հեռուստածրագրի անորակ հեռարձակման փաստը համընկավ հատկապես մետրային տիրույթների փոխատեղման հետ, մանավանդ, որ մինչ այս «Պրոմեթեւս» ծրագիրն էր նույնքան վատ հեռարձակվում, որքան հիմա՝ «OPT»-ն։ Ասենք, որ այս հեռեւստաընկերության ծրագիրը Հայաստանում հեռարձակելու բացառիկ իրավունքը «Էկոնտե» ՍՊԸ-ին է։ Վերջինս հետ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ն համապատասխան պայմանագիր ունի՝ «OPT»-ի հեռուստածրագիրը հեռարձակելու մասին։ Նման մի պայմանագիր էլ ՀՀՑ-ն կնքել է «Գլոբալ TV» ընկերության հետ, որը «OPT»-ի գովազդային բլոկները Հայաստանի տարածքում փոխարինում է սեփականով։ ՀՀՑ ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը հավաստիացրեց, թե օգոստոսի 11-ի փոխատեղումից հետո «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը պարտավորվել է ավելին վճարել, քան ժամանակին վճարում էր «OPT»-ն. թե կոնկրետ որքա՞ն, ըստ պարոն Հարությունյանի, առեւտրային գաղտնիք է։ Իսկ ո՞րն էր «OPT» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների մետրային տիրույթի փոխատեղման նպատակը եւ ի՞նչ տարբերություն կա մետրային տիրույթի համար 1 եւ համար 12 կապուղիների միջեւ։ Ռ.Հարությունյանը վստահեցրեց, որ, ըստ էության, ոչ մի տարբերություն չկա։ Տարբերությունը միայն ընդունիչ անտենաների չափերի մեջ է։ Իհարկե, պարոն Հարությունյանը խոստովանեց, որ նախկինում «OPT» հեռուստահաղորդումը դիտում էր Հայաստանի ազգաբնակչության 75, իսկ «Պրոմեթեւսինը»՝ ընդամենը 61 տոկոսը։ Հենց այս չէ՞ արդյոք հիշյալ փոխատեղման իրական պատճառը եւ արդյոք այն քաղաքական եւ քարոզչական նպատակներ չի՞ հետապնդում։ Բանն այն է, որ արդեն մի քանի տարի «Պրոմեթեւս», իսկ մինչ այդ «Նորք» եւ «Մշակույթ» անունով հայտնի այս հեռուստաընկերությունը իշխանության տարբեր եւ մի ժամանակ նաեւ հակադիր թեւերի կողմից ձեռքից ձեռք է անցել։ Առ ժամանակ այս հեռուստաընկերությունը կատարել է իշխանության մի օղակի քաղաքական պատվերը, հետո՝ մյուսինը։ Այսպես, նախկինում «Նորքի» գործադիր տնօրենը Ռ.Մավիսակալյանն էր, ավելի ուշ, ներիշխանական վերադասավորումներից հետո, հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեց Սեյրան Շահսուվարյանը, որը ժամանակին պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավարն էր եւ, բնականաբար, լինելով «Նորքի» գործադիր տնօրենը, քարոզչական այս հզոր լծակը ծառայեցնում էր Վազգեն Սարգսյանի եւ նրա զինակիցների շահերին։ Երբ «Նորքը» երկար դեբատներից հետո փոխարինվեց «Մշակույթով», գործադիր տնօրեն նշանակվեց Արմեն Սմբատյանը, որի օրոք հառուստաընկերությունը լավագույն դեպքում անդեմ, վատագույն դեպքում, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խոսափողն էր։ Ներիշխանական վայրիվերումների ընթացքում, երբ սրվեցին մի կողմից Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի, մյուս կողմից՝ Վ.Սարգսյանի հարաբերությունները, «Մշակույթը» փոխարինվեց «Պրոմեթեւսով», ընկերության ղեկավարի պաշտոնը դարձյալ ստանձնեց Սեյրան Շահսուվարյանը։ Այս ընթացքում հեռուստաընկերությունը փորձեց հակակշռել Ազգային հեռուստատեսության հակաբանակային եւ հակաերկրապահական քարոզչությանը։ Այսօր «Պրոմեթեւսի» գործադիր տնօրենը Սամվել Մայրապետյանն է, որ միաժամանակ եւ՛ հեռուստաընկերության բաժնետերերի խորհրդի նախագահն է եւ «Պարադիս» գովազդային գործակալության բաժնետերերից մեկը։ Այսօր դատելով հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումներից, այն Ռ.Քոչարյան- Ս.Սարգսյան դուետի խոսափողն է։ Այս համատեքստում ավելորդ չէ հիշեցնել, որ պարոն Մայրապետյանը մեկն էր այն հեռուստալրագրողներից, որ խրախուսում է Ռ.Քոչարյանի բոլոր քայլերն ու վերջինիս հետ հանդիպման ժամանակ տեսակետ էր հայտնել, թե նախագահը պետք է, ի վերջո, կարողանա սանձել ընդդիմությանը, «կարգուկանոն հաստատել» եւ այլն։ Հարկ է նշել, որ հիշյալ բոլոր դեպքերում այս հեռուստաընկերությունը մշտապես ֆինանսավորել է գործարար Սենիկ Գեւորգյանը։ Տրանսպորտի եւ կապի ներկայիս նախարար Էդուարդ Մադաթյանի խորհրդական Էդիկ Թադեւոսյանը Ս.Գեւորգյանի ներկայացուցիչն է Հայաստանում եւ հետեւում է նաեւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերության գործերին։ «OPT» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունների մետրային տիրույթի կապուղիների փոփոխությունը, փաստորեն, բացի քաղաքական նպատակներից նաեւ անձնական շահագրգռություն ունի։ Նախ այսօր «Պրոմեթեւսի» հաղորդումները հեռարձակվում է Հայաստանի ամբողջ տարածքում եւ զբաղեցնում է հեռուստադիտողների 75 տոկոսին, իսկ «OPT»-ն՝ Հայաստանի հեռավոր մարզերում եւ գյուղերում գրեթե չեն դիտում։ Այն կարող է զբաղեցնել ընդամենը հեռուստալսարանի 61 տոկոսը։ Հանուն արդարության պետք է ասել, որ հիշյալ փոխատեղումների քաղաքական շահագրգռություններից զատ, չի կարելի չհամաձայնել նաեւ ՀՀՑ ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ռ.Հարությունյանի բերած փաստարկների հետ։ Ըստ վերջինիս, նախարարի այս կարգադրությամբ Հայաստանի ազգաբնակչությունը հնարավորություն ունի դիտելու երկու հայալեզու հեռուստածրագիր եւ, բացի այդ, պակաս կարեւոր չէ նաեւ ֆինանսական կողմը։ Այսուհանդերձ, չի կարելի բացառել, որ ներիշխանական եւս մեկ հակամարտության դեպքում այս հեռուստաընկերությունը դարձյալ կռվախնձոր չի լինի։ Առայժմ արձանագրենք, որ հեռուստացանցի մետրային տիրույթում գործում են երկու իշխանամետ հայալեզու ծրագրեր՝ ազգային հեռուստատեսությունը եւ «Պրոմեթեւսը»։ Եվս մեկ մետրային տիրույթի կապուղի կարող է շահագործել նա, ով կհամաձայնի շուրջ 300 հազար դոլարի ներդրում անել։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել