Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2000 00:00

«Հաճելի նորություն» ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե կոմկուսը որոշել է (եւ կատարում է) որպես ընդդիմություն մտնել իշխանության կառույցների մեջ, ներսից օգնել ժողովրդին։ Պարզապես ընդդիմություն լինել հանուն ընդդիմության՝ կոմկուսը չի ընդունում։ Այսօր մոտ 24 մեծ ու միջին կոմունիստ պաշտոնյա է աշխատում գործադիր իշխանության տարբեր օղակներում։ Վլադիմիր Դարբինյանը հույս ունի, որ եթե սոցապ նախարարության մոր եւ մանկան վարչությունը կոմունիստ է գլխավորում, իսկ առողջապահության եւ սոցապ նախարարներին նաեւ կոմկուսն է երաշխավորել, ուրեմն այդ ոլորտներում սայլը տեղից կշարժվի։ Էլ չենք խոսում տարածքային կառավարման նախարարության մասին. «Եթե մարզպետ կոմունիստ ունենք, գյուղապետ կոմունիստ ունենք, նախարար կոմունիստ ունենք, էն էլ տարածքային կառավարման նախարար, ապա կկարողանանք այնպես անել, որ մեր ժողովրդի կամքի հետ հաշվի նստեն»։ Ակնհայտորեն ոչ մի լավ բան չի ավելացել ո՛չ տարածքային կառավարման, ո՛չ սոցիալական ապահովության, ո՛չ առողջապահության եւ ո՛չ էլ մշակույթի ոլորտներում։ Այս բոլոր տեղերում կոմունիստներ կան։ Վլ. Դարբինյանի այն միտքը, թե Արարատ Մկրտչյանին եւ Ռազմիկ Մարտիրոսյանին կոմկուսն է երաշխավորել, մեզ անչափ հետաքրքրեց։ Իսկ իրենք, վերոհիշյալ նախարարները գիտե՞ն, որ իրենց կոմկուսն է երաշխավորել։ Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը այսպես պատասխանեց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ։ Եթե հիշում եք, նախորդ կառավարության ձեւավորման ժամանակ կուսակցությունները որոշակի առաջարկություններ արեցին եւ իմ թեկնածությունը ե՛ւ կոմկուսն է առաջադրել, ե՛ւ հանրապետական կուսակցությունը։ Այսինքն, որպես մասնագետի՝ կարծիք են հայտնել մի շարք կուսակցություններ»։ Իսկ քանի՞ կոմունիստ մեծ կամ միջին պաշտոնյա է աշխատում առողջապահության նախարարությունում. «Ոչ մի, հիմնականում առողջապահության նախարարության ապարատում աշխատակիցներն ապակուսակցական են»։ Սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին հարցն այսպես ուղղեցինք. «Ճի՞շտ է, որ կոմկուսն է ձեզ երաշխավորել նախարարի պաշտոնում, գուցե դուք ե՞ւս քողարկված կոմունիստ եք»։ Պրն Մարտիրոսյանը պատասխանեց. «Հաճելի նորություն էր ինձ համար»։ Իսկ սոցապ նախարարությունում քանի՞ կոմունիստ աշխատակից կա. «Մեր նախարարությունը կարելի է համարել ամենաբազմակուսակցական նախարարություններից մեկը, այստեղ կան ե՛ւ կոմունիստներ, ե՛ւ դաշնակցականներ, ե՛ւ «Օրինաց երկրից», ե՛ւ այլ կուսակցություններից։ Սա հատուկ քաղաքականություն է, որպեսզի բոլոր կուսակցությունները կարողանան ուղղակի տեղեկացված լինել սոցիալական խնդիրներին։ Նախարարությունում երկու կոմունիստ աշխատակից ունենք։ Նախ եւ առաջ հաշվի է առնվել նրանց մասնագիտական կարողությունները»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել