Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 29,2000 00:00

Ծանոթ սկզբունքով «1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների։ Գնդակոծվել է Երեւան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետեւանքով վիրավորվել է 3 մարդ։ Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից, որի հետեւանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գեղազնիկ Միքայելյանը եւ ԳԽ ժողովրդական պատգամավոր Վիտյա Այվազյանը, որոնք հետո մահացել են»։ Ահա այսպիսի նախաբանով էր սկսվում 1990թ. օգոստոսի 29-ին ԳԽ-ում ընդունված որոշումը՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարետային ժամ մտցնելու, ՀԱԲ-ը լուծարելու եւ ՀԱԲ-ականներին զինաթափելու մասին։ Արդեն 88-89 թթ. Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության անվտանգության ապահովման եւ Հայաստանի սահմանների պաշտպանության նպատակով Հայաստանում տարերայնորեն զինված ջոկատներ էին ձեւավորվել։ Եվ եթե կային մարդիկ, որոնք ճիշտ ժամանակին ռազմաճակատի խրամատներում էին, ապա ոմանք Երեւանում միմյանց միջեւ ազդեցության գոտիներ էին բաժանում՝ «էս թաղն ու էս բենզակալոնկան իմն է» սկզբունքով՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա է։ «Հանուն ազգի» նրանք շենքեր եւ տրանսպորտային միջոցներ էին «ազգայնացնում», ռեկետը ծաղկում էր ապրում, թաղային կռիվների հանգուցալուծումը մարդկանց առեւանգումն ու արձակված կրակոցներն էին լինում։ ԼՂԻՄ-ի հայ ազգաբնակչության անվտանգության երաշխավորը ոչ թե ռուսական բանակը, այլ հայկական ինքնապաշտպանական ջոկատներն էին եւ անհնարին էր թույլ տալ, որ Հայաստանում ԽՍՀՄ զորքերը ուժի կիրառմամբ զինաթափեին կամավորական ջոկատները։ Արդեն օգոստոսի 6-ից ԳԽ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ հայաստանյան իշխանություններն ի վիճակի են կարճ ժամանակի ընթացքում սեփական ուժերով լուծելու հանրապետության ներքին կյանքին վերաբերող եւ նրա քաղաքական-հասարակական վիճակի կայունացմանն ուղղված բոլոր խնդիրները, պայմանով, որ բացառված լինի արտաքին միջամտությունը։ Միաժամանակ հանդիպումներ եւ բանակցություններ են ընթանում ՀՀ իշխանությունների եւ ՀԱԲ-ի ղեկավարների միջեւ։ Վերջիններիս առաջարկվում է ձեռնպահ մնալ ապօրինի գործողություններից եւ հավատարմության երդում տալ հանրապետության գերագույն իշխանություններին։ ՀԱԲ-ն ընդդիմանում էր։ Վերջինիս հետ բանակցությունները, թերեւս, շարունակվեին, եթե չլիներ 90թ. օգոստոսի 29-ը։ Իհարկե, դեռ այն ժամանակ քաղաքական շրջանակներում ոմանք պնդում էին, թե Գ.Միքայելյանի եւ Վ.Այվազյանի ժամանումը ՀԱԲ-ի շտաբ կազմակերպված է եղել ԿԳԲ-ականների կողմից, որպեսզի փոխհրաձգություն սկսվի եւ ապակայուն վիճակի անվան տակ խորհրդային իշխանությունները իրավունք ունենան «կարգուկանոն» հաստատել Հայաստանում։ Վ.Այվազյանի մտերիմ ընկերներից ոմանք մինչ օրս էլ պատրաստ չեն պատասխանել այն հարցին, թե արդյոք կատարվածը սադրա՞նք էր։ Տակավին անհայտ է նաեւ եւս մեկ հանգամանք՝ կոնկրետ Վ.Այվազյանին գնդակը պատահաբա՞ր էր դիպել, թե՞ նրան կանխամտածված էին սպանել։ Վերջինիս մտերիմները հույս ունեն, որ այս հարցի պատասխանը դեռ կտրվի։ Իսկ առայժմ Գ.Միքայելյանի եւ Վ.Այվազյանի մտերիմներն ու զինակիցներն ամեն տարի այցելում են նրանց շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել