Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2000 00:00

«ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ՓՈՒԼ» Կա՞, թե՞ չկա «Միասնություն» դաշինքը։ Ի՞նչ հարաբերությունների մեջ են դաշինքի մաս կազմող Ժողովրդական եւ Հանրապետական կուսակցությունները։ Խորհրդարանի աշնանային հերթական նստաշրջանից առաջ ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, իվերջո՝ խորհրդարանի ղեկավարության փոփոխության հարց կդրվի՞, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որ աշնան մրգի պես հասունացել ու կախվել են։ Պատասխաննե՞րը… Հայաստանի քաղաքական կյանքում հնարավո՞ր են ընդհանրապես կոնկրետ պատասխաններ, կտրուկ բաժանություններ, խելքը գլխին հիասթափություններ։ Անցած շաբաթը խիստ լարված էր «Միասնություն» դաշինքի անդամների համար։ Բանակցությունների թեման թեպետ հույժ գաղտնի էր պահվում, բայց չասեին էլ, պարզ էր. ուրիշ ինչի՞ մասին պետք է խոսվեր։ Նախ՝ ՀԺԿ-ն պատրաստվո՞ւմ է պատասխանատվությունը կիսել Անդրանիկ Մարգարյանի կառավարության հետ։ Եթե այո՝ ուրեմն, որոշ ժամանակ անց, հարց չի լինի։ ՀԺԿ-ի ունեցած նախարարական պորտֆելները կթողնվեն, դեռ մի բան էլ նորերը կտրվեն։ Հաշվի առնելով ՀԺԿ որոշ անդամների տնտեսական զբաղվածությունը եւ պաշտոններին սովոր լինելը, կարելի է ենթադրել, որ ՀԺԿ-ի մի թեւը կողմ է սրան։ Մանավանդ, վարվող բանակցությունների մասին խոսելիս, նաեւ, պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք Հանրապետական կուսակցությունը ավելի շահեկան դիրքերում չէ, ՀԺԿ քաղաքական խորհրդի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը չթաքցրեց, որ. «… Առաջիկայում դաշինքի պահպանման եւ ամրապնդման հետ կապված, կարծում եմ, հնարավորություններ եւ լծակներ կտրվեն նաեւ Ժողովրդական կուսակցությանը, որպեսզի կիսվի, պաշտպանվի կառավարության գործունեությունը»։ Սա կարծես թե նշանակում է՝ ՀԺԿ-ն պատրաստվում է կիսել կառավարության պատասխանատվությունը։ Փոխարենը՝ ՀՀԿ-ն խոստանում է իր դաշնակցին, որ առաջիկայում ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու մասին ոչ մի ծպտուն չի հանի։ Մեր զրույցի ժամանակ, երբ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանին հիշեցրի ստատուս-քվոյի մասին, վերջինս ասաց, թե ստատուս-քվոյի մասին պետք է հիշել պատասխանատվությունը կիսելու-չկիսելու պահին եւ ոչ թե պաշտոնների առումով։ Իսկ հնարավո՞ր է ԱԺ ղեկավարության փոփոխություն, եւ արդյո՞ք գործող օրենսդրական դաշտը հնարավորություն տալիս է նման փոփոխության։ Տիգրան Թորոսյանը շեշտում է, որ ԱԺ կանոնակարգը քայլ առ քայլ բացատրում է ԱԺ ղեկավարությանը անվստահություն հայտնելու մեխանիզմը։ Պատրաստվո՞ւմ է «Միասնություն» խմբակցության հանրապետական թեւը քայլ առ քայլ գնալ ԱԺ ղեկավարությանը անվստահություն հայտնելու ճանապարհով, եւ իրո՞ք ՀՀԿ փոխնախագահը հավակնում է դառնալ ԱԺ նախագահ։ Տիգրան Թորոսյանի ասելով. «Ինքս չեմ հավակնում, բայց համապատասխան իրավիճակներում, եթե ԱԺ-ի ինչ-որ մի պաշտոն թափուր լինի, բնականաբար, մենք, որպես ԱԺ-ում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, այդ հարցը կքննարկենք եւ կորոշենք, թե ում ենք առաջադրելու այդ պաշտոնին»։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը չի թաքցնում, որ ՀԺԿ-ն կողմ է դաշինքի պահպանմանը, իսկ հանրապետական կուսակցությունն ասում է, թե իրենք համբերատար սպասել են, եւ դաշինքը ցրելու մասին հայտարարություն չեն արել, ոչ վարչապետի նշանակումից, ոչ կառավարության ձեւավորումից եւ ոչ էլ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո։ Իրենց ասելով՝ եթե ուզեին դաշինքը ցրել՝ դեռ այն ժամանակներում կանեին այդ բանը, երբ ՀԺԿ-ն ՀՀԿ-ի կողքին չէր կանգնում։ Վերադառնանք ՀԺԿ-ՀՀԿ բանակցություններին։ Իրականում այս երկար-բարակ բանակցությունները այնքան էլ արդյունավետ չեն եղել այն իմաստով, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ ՀՀԿ ղեկավար Անդրանիկ Մարգարյանի տետ ա տետ հանդիպման արդյունքում արդեն պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԱԺ ղեկավարությանը (ավելի ճիշտ՝ Արմեն Խաչատրյանին) չկպչել՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը։ Արդեն սեպտեմբերի 10-ին առայժմ դաշնակից կուսակցությունների ղեկավարները պայմանավորվեցին այդ «չկպչելու» գործընթացը եւս 2 շաբաթ ձգել։ Ըստ էության, թերեւս ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ կհրահանգի նախագահ Քոչարյանը։ Դաշնակից կուսակցությունների անդամներից երկուսը, որ չուզեցին իրենց անունը հրապարակել, չժխտեցին, որ նախագահի խոսքը վերջնական կլինի եւ ԱԺ ղեկավարությանը անվստահություն հայտնել-չհայտնելու հարցը կախված է նախագահի հոնքի շարժումից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930