Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2000 00:00

Ինքն իրեն հո չի՞ ստուգի Օրերս նշել էինք, որ ՀՀ պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 1-ից հրաման է արձակել ներքին կարգով արգելել Օպերատիվ հետախուզական վարչությանը՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ անցկացնել առանց հիմնավոր տեղեկությունների եւ նախարարի հատուկ հանձնարարականի։ Պետք չէ եւս մեկ անգամ մանրամասնել վերոնշյալի ենթատեքստերը։ Իսկ մի քանի օր առաջ պրն նախարարը կրկին թվարկում էր իր եւ հարկային տեսուչների հաջողությունները, 1999 թ. օգոստոսի տվյալներով ստուգումների եւ բացահայտումների արդյունքները… Մեզ հետաքրքրեց՝ արդյոք ՀՀ պետեկամուտների նախարարն իր կամ իր հարազատների օբյեկտներում է՞լ է նույն ջանասիրությամբ ստուգումներ կատարում։ Օրինակ՝ որքան հայտնի է, «SAS» մարկետը (սննդամթերքի ճոխ խանութ է) նախարարի աներձագինն ու փեսայինն է (ասել է թե՝ իրենն է)։ Երեկ օրը ցերեկով մարկետ այցելեցի՝ գնումների։ Նշեմ, որ գնումներ այս խանութում կատարվում են նաեւ դոլարով՝ հաշվում են այդ օրվա դրամի հաշվարկային մոտավոր փոխարժեքով։ Երեկ, օրինակ, 1 դոլարը հաշվեցին 535 դրամի կուրսով։ Մի քանի փոքրիկ բաժիններ կան այդ ոչ մեծ խանութում։ Մոտ 10 դոլարի քաղցրավենիք գնեցինք եւ, հաշվիչ երկու դրամարկղերը դրած՝ կտրոն չտվեցին։ «SAS» մարկետում գործում է նաեւ «Գնումներ հեռախոսազանգով» ծառայությունը, որի միջոցով խոստանում են, ընդամենը 300 դրամ վճարելու դեպքում՝ սննդամթերքի ցանկացած քանակ 15-25 րոպեի ընթացքում հասցնել տուն՝ անկախ պատվերի քանակից եւ գտնվելու վայրից։ Իհարկե, շատ օգտակար ծառայություն է, բայց վստահ չենք, թե տուն հասցնելու դեպքում կտրոն կտան։ Մեզ, իհարկե, գնումների համար շատ բարեկիրթ ձայնով «շնորհակալություն» հայտնեցին, սակայն կտրոնի մասին խոսք չկար։ Ու նկատեցինք, որ այդ պահին ոչ մի գնորդի էլ կտրոն չտրվեց։ Չի մուտքագրվում գումարը եւ, բնականաբար, որպես շահույթ կներկայացվի մի ծիծաղելի թիվ։ Պրն նախարարի աչքից այս եւ մի քանի այլ օբյեկտներ հաստատ կվրիպեն, բնականաբար, «խիստ» ստուգումների ու բացահայտումների սպասելն անիմաստ է։ Մինչդեռ քիչ է մնում նույնիսկ արեւածաղիկ վաճառողին էլ պատժեն հարկերից խուսափելու եւ հաշվիչ դրամարկղ չպահելու, շահույթը չամրագրելու, բյուջեին խաբելու համար։ Այսպես է պետեկամուտների նախարարի սիրտը ցավում բյուջեի համար… Եվ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն էլ, եթե հիշում եք, շվեյցարական ժամացույցներ նվիրեց պետեկամուտների նախարարության մի քանի աշխատակիցների՝ ի նշան լավ աշխատանքի, հարկերը լավ հավաքելու համար եւ այլն։ Կարծում եմ, ՀՀ վարչապետը մի քանի շվեյցարական ժամացույց էլ «Առավոտին» պետք է նվիրի՝ այսօրինակ օրինախախտում բացահայտելու համար։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել