Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 16,2000 00:00

ԽԱՐԽՈՒԼ ՄԱԿՈՒՅԿՈՎ ՀԱՆՁՆՎԻՐ ԾՈՎԻՆ, ՔԱՆ ԹԵ ՀԱՎԱՏԱ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ Արդեն հիշատակել էինք, որ պետեկամուտների նախարարությունն այժմ անտեսում է այն պայմանավորվածությունները, որ գործարարների հետ ձեռք էր բերել Արմեն Դարբինյանի կառավարությունը։ Ըստ այդմ, որոշակի գումար մուծելու դեպքում նրանց չպիտի հոգնեցնեին ստուգումներով։ «Ես չե՛մ հավատում, որ Արմեն Դարբինյանը նման մի բան ասած կլինի, որովհետեւ դա աբսուրդ է,- այդ պայմանավորվածությունների վերաբերյալ մեր հիշեցմանն ի պատասխան ասաց պետական եկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը։- Իսկ եթե ասել է… ես չեմ պատկերացնում ուրեմն, որ մենք երկիր ենք։ Ուրեմն մենք քաղաքատիպ ավան ենք՝ առանց օրենքների։ Ի վերջո, այստեղ թելադրողը ոչ թե անձերը պետք է լինեն՝ վարչապետ կամ պետեկամուտների նախարար, այլ թելադրողը պետք է լինի օրենքը։ Իսկ եթե անձերն են թելադրում՝ դա աններելի սխալ է։ Համաձայն չե՞ք ինձ հետ»։ Իհարկե համաձայն էինք եւ վարչապետ Արմեն Դարբինյանի այդ նորարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն ու մամուլն անընդհատ աղմկում էին, թե ինչպե՞ս կարելի է պայմանավորվածությունների հիման վրա հարկեր մուծել, բա էլ ո՞ւր մնացին եւ ինչի՞ համար են հարկային օրենքները։ Բայց, ինչպես միշտ, ո՛չ ընդդիմությանը, ո՛չ մամուլին բանի տեղ դնող չեղավ։ Մանավանդ որ արհեստավարժ վարչապետն էլ նախագահ Քոչարյանից քարտ-բլանշ էր ստացել։ Սակայն եթե կառավարության ղեկավարը գործարարներին նման լուծում էր առաջարկում, վերջիններս մեղավո՞ր են, որ ընդունել էին այդ պայմանները եւ հիմա պիտի անցած ամբողջ շրջանի համար լրացուցիչ հարկային պարտավորություններ մարեն՝ տույժերն ու տուգանքներն էլ վրադիր։ «Ես նորից եմ ասում՝ ես չե՛մ հավատում։ Իրոք չե՛մ հավատում,- ասաց Գագիկ Պողոսյանը եւ մեզնից խնդրեց վարչապետի այդ խոսքերի տեսագրությունը։- Բերեք նայեմ, ինձ էլ է դա հետաքրքրում»։ Տեսագրությունը, իհարկե, չճարեցինք։ Չնայած 1999-ի փետրվարի 13-ին վարչապետ Արմեն Դարբինյանի խորհրդակցությունը, որին մասնակցում էին 80-ից ավելի խոշոր ձեռնարկատերեր, պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ, արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, գլխավոր դատախազը եւ կենտրոնական բանկի նախագահը՝ նույն օրը եւեթ բավական հանգամանալից լուսաբանվեց ազգային հեռուստատեսությամբ։ Սակայն մեր ձեռքի տակ է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրությունը, որ հրապարակվել էր փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում»։ Ըստ այդմ՝ «Վարչապետի առաջարկությունը հանգում էր հետեւյալին. հարկատուներն իրենց ցանկությամբ ներկայացնում են 1999 թ. զարգացման ծրագիրը։ Հարկային տեսչության հետ կնքում են «Հարկային պարտավորությունների կանխատեսման պայմանագիր», ուր ամրագրվում է տվյալ տարվա հարկային պարտավորությունների փոխադարձաբար համաձայնեցված գումարը։ Եթե հարկատուն տարվա ընթացքում բարեխղճորեն մուծում է իր հետ համաձայնեցված գումարները, ապա պետությունը չի կիրառում իր լծակները։ Ավելին, վարչապետը, հանդիպմանը ներկա ՆԳ եւ ԱԱ նախարարը, գլխավոր դատախազը երաշխավորում են, որ տարվա ընթացքում որեւէ ստուգող մարմին բյուջեի հետ հարաբերությունների մասով ստուգումներ չի անցկացնի տվյալ կազմակերպությունում»։ Այս ամենն Արմեն Դարբինյանը լավագույն լուծում էր անվանել առկա պայմաններում։ Այժմ մեջբերենք մեկ օրինակ, թե ինչպես արձագանքեց այս նորամուծությանն ընդդիմությունը։ Փետրվարի 16-ին ԱԺ-ում պատգամավոր Վահագն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ վարչապետի այս նախաձեռնությունը գնահատեց որպես արհամարհանք՝ Սահմանադրության եւ գործող օրենքների պահանջների նկատմամբ։ Ավելին՝ պրն Խաչատրյանը համարում էր, որ իրականացվել է տնտեսական դավադրություն՝ «հայտարարելով՝ օրենքները մի կողմ, մենք տնտեսվարող սուբյեկտների հետ սկսում ենք աշխատել համաձայնագրերով»։ Պատգամավորն իզուր հույս էր հայտնել, որ այս առնչությամբ իրենց խոսքը կասեն գլխավոր դատախազը եւ արդարադատության նախարարը։ Մեջբերենք եւս մեկ օրինակ՝ այս անգամ մամուլի արձագանքներից։ Փետրվարի 20-ի իր խմբագրականում «Առավոտը» գնահատել էր, որ Արմեն Դարբինյանը «տանիք» հասկացությունն այսպիսով բարձրացրեց պետական մակարդակի եւ կանխատեսել. «Կասկած չկա, որ «ազնիվ հակումներ» ունեցող բոլոր ձեռներեցները պարզապես կվազեն պետական տանիքի տակ՝ առանց վախենալու, որ կխաբեն»։ Այս փորձը եւս մի ապացույց է, որ վախենալ պետք է եւ հարկավոր չէ վստահել իշխանավորների հավաստիացումներին ու երաշխիքներին։ Հիմա պետեկամուտների նախարարը կարող է պատկերացնել կամ չպատկերացնել, հավատալ կամ չհավատալ, բայց, մեր կարծիքով, եթե իշխանություններն ընդունում են այս պատմության մեջ իրենց պատասխանատվության ու մեղքի բաժինը՝ կառավարությունից խաբված գործարարներին այժմ պիտի ազատեն գոնե պակաս վճարված հարկերի համար տույժերից ու տուգանքներից։ Իսկ ավելի ճիշտ կլինի՝ եթե այդ գումարները պահանջեն Արմեն Դարբինյանից։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել