Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 16,2000 00:00

Ո՞Վ ԷՐ ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԵՐԵՑ 98-ի իշխանափոխությունը, որի հետ, ի դեպ, երբեմնի մեր ընդդիմադիր կուսակցությունները մեծ հույսեր էին կապում, չտվեց այն արդյունքը, որ վերջիններս ակնկալում էին։ Ռոբերտ Քոչարյանն անցած երկու եւ կես տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ դրական տեղաշարժ արձանագրել ո՛չ տնտեսության ոլորտում, ո՛չ հասարակության կենսամակարդակի բարձրացման, առավել եւս, ո՛չ էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման իմաստով։ Մեկ հարցում միայն Ռ.Քոչարյանին հաջողվեց առաջ անցնել առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանից. նրան հաջողվեց ճահճացնել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ռ.Քոչարյանի միակ խոստումը, որ կատարվեց, այն էր՝ երկիրն այնպես կառավարել, որ Հայաստանում իր իշխանությունն ընդդիմություն չունենա այնպես, ինչպես չուներ Ղարաբաղում։ Հասարակությունն այլեւս հույսեր չի կապում ոչ քաղաքական ուժերի, ոչ էլ առավել եւս Քոչարյանի հետ։ Փոխարենը վերջինս դարձյալ իր դժգոհությունն ուղղում է, այսպես կոչված, «նախկին հանցավոր ռեժիմի» դեմ՝ «Դուք եք Հայաստան բերել Ռոբերտ Քոչարյանին»։ Այս մի մեղադրանքը նախկինները համատարած, բայց խիստ չափազանցված են համարում։ «Նման մեղադրանքները եզակի չեն, բայց «ով՝ ում բերեցը» կենցաղային մակարդակի հարցադրում է։ Դա քաղաքական պրոցեսների արդյունք էր»,- պարզաբանեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը։ Այնուամենայնիվ, ո՞վ 1997 թվականին Ռոբերտ Քոչարյանին Հայաստան հրավիրեց, եւ ո՞վ նրան դարձրեց նախագահ։ Նախկին պետական պաշտոնյաներից ոմանք պնդում են, թե 97-ին ԼՂՀ նախագահ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու գաղափարը Վազգեն Սարգսյանինն էր։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցները համաձայն չէին այս առաջարկին։ Բայց այս ընտրությունը, վերջիններիս կարծիքով, պայմանավորված էր երկու հանգամանքով. նախ՝ զսպել ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ դառնալու ագրեսիվ հավակնությունները, ապա՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման ժամանակ՝ ունենալ Ղարաբաղի աջակցությունը։ Նախկին իշխանությունների մեկ այլ ձեւակերպմամբ, այս բացատրությունները միայն Ռ.Քոչարյանին Հայաստան բերելու հիմնական պատճառը քողարկելու համար են։ Էականն այն էր, որ դեռ այն ժամանակ Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի «ջուրը մի առվով չէր գնում»։ Ռ.Քոչարյանը մեկուսացված էր Ղարաբաղում եւ դրության իրական տերը Ղարաբաղում հենց Սամվել Բաբայանն էր։ Ավելին, վտանգ կար, որ պետական գործերից մեկուսացած Ռ.Քոչարյանը, որ պարապությունից սկսել էր անգլերեն սովորել, կարող էր հայտնվել Սերժ Սարգսյանի վիճակում։ Բանն այն է, որ Սամվել Բաբայանը նրան էլ ժամանակին «վտարել» էր Ղարաբաղից, եւ Ս.Սարգսյանը ստիպված մեկնել էր Մոսկվա՝ բանակի համար հագուստ ձեռքբերելու համեստ առաքելությամբ։ Ոմանք պնդում են, թե այս առաքելությունը Ս.Սարգսյանն իրականացրել է կասկածելի վարկ ունեցող իր շրջապատի միջոցով։ Ինչեւէ, լարվածությունը Ղարաբաղի իշխանությունների վերնախավում սրվում էր եւ պայթունավտանգ իրավիճակը կանխելու եւ Ռ.Քոչարյանին «փրկելու» համար, Վ.Սարգսյանն առաջարկել էր վերջինիս հրավիրել Հայաստան՝ իբրեւ վարչապետ։ Սակայն երբեւէ Վ.Սարգսյանին մոտ կանգնած այլ աղբյուրներ չհերքելով հիշյալ տեսակետը վկայում են, թե Քոչարյանին Հայաստան բերելու ավելի հիմնավոր պատճառ էլ կար։ Ե՛վ Լ.Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Վ.Սարգսյանը կարծում էին, թե Քոչարյանը ՀՀ վարչապետ նշանակվելով ավելի պարզ կպատկերացնի Հայաստանի տնտեսական ծանր իրավիճակն, ու Ղարաբաղում այլեւս չեն դժգոհի, թե Հայաստանը Ղարաբաղի համար ավելին կարող է անել, քան անում է։ Նույն աղբյուրները վստահեցրին նաեւ, թե Քոչարյանին Հայաստան բերելու գաղափարը Վ.Սարգսյանին հուշել է հենց Սամվել Բաբայանը, որը ձգտում էր ամեն գնով ազատվել Քոչարյանից։ Իհարկե, Ս.Բաբայանը բացի այս կարծում էր, որ Քոչարյանը Հայաստան գալով իր մարիոնետը կլինի եւ կապահովի իր ազդեցությունը Հայաստանի տնտեսական ոլորտում։ Իհարկե, ինչպես ԱԺ նախկին խոսնակ Բաբկեն Արարաքցյանն ասաց՝ «Այս ընտրությունը շատերի, նաեւ «Հանրապետություն» խմբակցության համար անսպասելի էր։ Ավելի քան անակնկալ էր նրա նշանակումը վարչապետի պաշտոնում։ «Հանրապետություն» խմբակցությունը զգուշավորությամբ ընդունեց այս նշանակումը»։ Այսուհանդերձ, նախկին իշխանությունները Քոչարյանին ընդունել էին իբրեւ յուրային։ «97-ին Լ.Տեր-Պետրոսյանն ու Ռ.Քոչարյանը իշխանության մեկ միասնական թիմ էին ներկայացնում։ Սակայն արդեն ամռանից ի վեր ՀՀՇ-ում հասկացել էին, որ Լ.Տեր-Պետրոսյանի եւ Ռ.Քոչարյանի քաղաքական ուղեգծերը ոչ միայն անհամապատասխան, այլեւ անհամատեղելի են»,- նշեց Ա.Սահակյանը։ Հարցն, անշուշտ, առաջին հերթին վերաբերում էր Ղարաբաղի հակամարտության լուծման հայեցակարգերին, ինչպես նաեւ կառավարման նրա ավտորիտար գործելակերպին։ 97 թվականին խորհրդարանում տեղի ունեցած զարգացումները շրջադարձային էին։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցությունը դժգոհության բազմաթիվ առիթներ ուներ։ «Նախ՝ վարչապետ նշանակվելով, Ռ.Քոչարյանը չներկայացրեց կառավարության գործունեության ծրագիր, ապա՝ շրջանցելով խորհրդարանը միանգամից մի քանի ապօրինի որոշումներ ընդունեց, որով որոշ ձեռնարկությունների ազատեց ակցիզային հարկից, ավելացված արժեքի հարկից»,- նշեց Ա.Սահակյանը։ ԱԺ-ում արդեն բարձրաձայն խոսվում էր Ռ.Քոչարյանին անվստահություն հայտնելու մասին, որի կատալիզատորը եղավ 98 թվականի պետբյուջեի քննարկումը։ Մինչ այդ էլ, իհարկե, ՀՀՇ-ի վերնախավում հասկացել էին, որ Քոչարյանն իրենց թիկունքից է հարվածելու։ Դրա նախանշանները եղան Զանգեզուրում։ Այստեղ Ս.Բաբայանի, Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի էմիսարները Տեր-Պետրոսյանի պաշտոնանկության պատրաստությունն էին տեսնում։ Նրանք տեղի իշխանությունների աջակցությամբ հանրահավաքներ էին կազմակերպում, որոնք ուղղված էին ՀՀ նախագահի դեմ։ Թե ինչ նախորդեց Լ.Տեր-Պետրոսյանի հրաժարականին, թերեւս, բոլորն են հիշում, ուստի պատմությունը վերարտադրելու կարիք չկա։ Իսկ այն հարցին, թե ո՞վ Քոչարյանին Հայաստանի նախագահ կարգեց՝ նախկինները պնդում են՝ «հայտնի ուժերը»՝ 5 գործոնների առկայության շնորհիվ. 1. Կառավարության առանցքը կազմող ուժային նախարարներ Վ.Սարգսյան, Ս.Սարգսյան, 2. ԼՂՀ իշխանություններ՝ նախագահ Ա.Ղուկասյան, ԱԺ նախագահ Օ.Եսայան, պաշտպանության նախարար Ս.Բաբայան, 3. Լ.Տեր-Պետրոսյանի ընդդիմություն՝ ՀՅԴ, ՍԻՄ, ԱԻՄ, ՀԴԿ, ԳիԱրՔՄի, ԱԺՄ եւ այլն։ 4. ԱԺ փոփոխված մեծամասնություն՝ «Երկրապահ», 5. Ժողովուրդ, որին համոզել էին, թե Լ.Տեր-Պետրոսյանի հեռացման մեջ է հանրապետության փրկությունը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել