Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 26,2000 00:00

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է «Սոցիալիստական Հայաստան» միավորումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանի հարավ-արեւմտյան հատվածում՝ պատմական Ջավախք տարածաշրջանում, հազարամյակներ շարունակ ապրող հայության նկատմամբ Վրաստանի իշխանությունները տանում են էթնիկական զտման քաղաքականություն։ Այն արտահայտվում է ջավախքահայության սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում։ Ճնշումներ են իրականացվում տեղական կառավարման մարմիններում հայազգի ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ ճնշումները հաճախ վերածվում են ֆիզիկական բռնությունների։ Վրացական իշխանությունների լուռ հանդուրժողական դիրքը նպաստում է իրավիճակի լարվածության աճին եւ սպառնում է ոչ միայն տեղական բնույթի, այլեւ տարածաշրջանային անկայունությամբ։ Բնական է, որ Ջավախքի՝ որպես լեռնային եւ թույլ զարգացած տարածաշրջանի, տնտեսական, սոցիալական եւ մշակութային խնդիրների լուծումը առավել բարդ է, քան Վրաստանի այլ տարածաշրջաններինը։ Հետեւաբար, խտրականությունը, որը ցուցաբերվում է իշխանությունների կողմից Ջավախքի առանց այդ էլ ծանր պայմաններում գտնվող ժողովրդի նկատմամբ, հնարավոր է բացատրել միայն տիրող վարչակարգի որդեգրած ազգային քաղաքականությամբ։ Արդեն 10 տարի Ջավախքը փաստորեն հոսանքազրկված է։ Վրաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր պակասության պայմաններում ջավախքահայությունը այն ստանում է մի քանի անգամ ավելի քիչ, քան երկրի այլ տարածաշրջաններ։ Սոցիալական եւ կրթական ոլորտը քայքայված է։ Բացառապես հայերով բնակեցված Ջավախքում վրացերեն լեզվի ուսուցիչների աշխատավարձը եռակի գերազանցում է հայոց լեզվի ուսուցիչների աշխատավարձերին։ Խստաշունչ լեռնային բնակլիմայական պայմաններ ունեցող եւ տնտեսապես հետամնաց Ջավախքը չի կարող հոգալ իր բնակչության պարենային եւ կենցաղային պահանջները առանց հարեւան տարածաշրջանների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության։ Վրաստանի կառավարությունը քայքայում է Ջավախքի ցանկացած հաղորդակցությունը Հայաստանի հետ։ Ջավախքի եւ Հայաստանի սահմանում, մի քանի հարյուր մետր ճանապարհային հատվածում դրված են մի քանի ուղեկալներ եւ մաքսակետեր, որոնցում անխտիր ցանկացած ուղղությամբ սահմանը հատող քաղաքացիներից շորթվում են կաշառքներ։ Այդ պայմաններում բացառվում է Ջավախքի նվազագույն պարենային եւ տնտեսական բնականոն մատակարարումը։ Արդյունքում՝ բնակչությունը մատնվում է ծայրահեղ զրկանքների։ Կաշառքների շորթումն ուղեկցվում է ստորացումներով, որոնք խախտում են ոչ միայն մարդու իրավունքների տարրական նորմերը, այլեւ ոտնահարում են կովկասյան ժողովուրդների բոլոր պատկերացումները պարկեշտության վերաբերյալ, այդ թվում նաեւ այնպիսի նուրբ հարցում, ինչպիսին է հարգանքը կանանց եւ ծերերի նկատմամբ։ Իշխանությունների թողտվությամբ աճող քսենոֆոբիան տարածվում է նաեւ Վրաստանի այլ տարածքներում գտնվող այլ ազգերի ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրանց պատմամշակութային հուշարձանների ու սրբավայրերի վրա։ Հայտարարությունը ուղարկվել էր ԵԱՀԿ, Եվրոհանձնաժողով եւ Վրաստանի դեսպանատուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել