Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 27,2000 00:00

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՈԽԱԶԸ Ի՞նչ էր անում Ռոբերտ Քոչարյանը, երբ Սամվել Բաբայանը հարստանում էր Չնայած Սամվել Բաբայանը դատվում է Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, արցախցիների մեջ տպավորություն է ստեղծվել, թե այս դատավարությունը նպատակ ունի նրան պատժել անցած մի քանի տարիների ընթացքում անօրինական ճանապարհով կուտակած հարստության, ժողովրդին կողոպտելու, դղյակներ կառուցելու, ավտոմեքենաներ ունենալու, պետական դիրքի չարաշահման եւ այլնի համար։ Բայց արդյոք ժողովուրդը մի օր կհարցնի՞, թե ովքե՞ր եւ ինչո՞ւ են ժամանակին պարտակել Սամվել Բաբայանի ապօրինություններն ու պետական դիրքի չարաշահման փաստերը, ովքե՞ր են այն մարդիկ, որոնց իշխանության օրոք Բաբայանն անձեռնմխելի եւ անպատժելի է եղել։ Ի վերջո, որտե՞ղ են եղել ԼՂՀ իշխանությունները, մասնավորապես՝ ՊՊԿ նախագահ, ապա ԼՂՀ նախագահ Ռ.Քոչարյանը։ Ի վերջո, Ս.Բաբայանի կապիտալիստ դառնալու գործընթացը սկսվել է դեռ 90-ականների սկզբին։ Պատահական չէ, որ երբ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին հարցրին, թե ինչո՞ւ Ս.Բաբայանը շքեղ առանձնատուն է կառուցում, երբ հասարակ մարդիկ օթեւան եւ ապրուստի միջոց չունեն, նա հանգիստ պատասխանել էր, թե Ս.Բաբայանն օրինակ է ծառայում, որ մյուսներն էլ ոչ թե հեռանան Ղարաբաղից, այլ տուն կառուցեն։ Ժամանակին Ս.Բաբայանն ու Ռ.Քոչարյանը միասնական թիմ են եղել ոչ միայն ռազմական, քաղաքականության, տնտեսության ոլորտում, նաեւ պետական ֆինանսական միջոցները ծախսելու հարցում էլ տարաձայնություններ, թերեւս, չեն ունեցել։ 1994թ. հունվարի 29-ին ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ.Քոչարյանի թիվ 368 որոշմամբ, հակառակ գործող օրենքների, բալանսից բալանս ԼՂՀ պաշտպանության բանակին անհատույց տրվել են 176 միավոր ավտոտրանսպորտային միջոցներ, որոնք պատկանում էին ոչ միայն պետական, այլեւ տարբեր կոոպերատիվ եւ մասնավոր ձեռնարկությունների։ Սրանց մեծ մասն այսպես էլ չէր արտացոլվել բանակի բալանսում կամ դուրս էր գրվել պատերազմում տված կորուստի անվան տակ։ Նույն 94-ին, օգոստոսի 10-ին Ստեփանակերտում գտնվող կիսակառույց ֆիզկուլտ-առողջարարական համալիրը ԼՂՀ պաշտպանության բանակի բալանս է փոխանցվել անվարձահատույց։ Ընդ որում, այս կիսակառույցի շինարարությունը հանձնարարվել է «Արցախկենցաղսպասարկում» ձեռնարկությանը, որը թեեւ ոչ մասնագետներ, ոչ կադրեր եւ ոչ էլ շինարարական բազա ուներ։ Սակայն դրա գլխավոր տնօրենը Ս.Բաբայանի աներն էր՝ Գուրգեն Ներսիսյանը։ Հենց հաջորդ օրը, ԼՂՀ վարչապետի թիվ 349 որոշմամբ, 6 հազար դոլար էր հատկացվել այս համալիրի շինարարական աշխատանքների համար։ Եվս 10 հազար դոլար նույն նպատակով հատկացվել էր վարչապետի մեկ այլ՝ թիվ 511 որոշմամբ, բայց արդեն դեկտեմբերի 6-ին։ Թե որտեղ էր ծախսվել հիշյալ 16 հազար դոլարը, հայտնի չէր։ Մեկ տարի անց, այս համալիրը նույն կիսակառույց տեսքով վերադարձվել էր այն ձեռնարկությանը, որի ձեռքից խլվել էր։ Այն հնարավոր էր եղել շահագործման հանձնել միայն այն բանից հետո, երբ ԼՂՀ իշխանությունները 95թ. թիվ 160 եւ 96թ. թիվ 19 կարգադրություններով համալիրի շինարարության համար հատկացրել էին եւս 3 մլն դրամ եւ 33 հազար 255 ԱՄՆ դոլար։ 1994-96թթ. Ղարաբաղում հատուկ ծրագրերի, անհետաձգելի կարիքների, ներկայացուցչական ծախսերի եւ այլնի համար ֆինանսական ահռելի միջոցների զգալի մասը հասցեագրվում էր հենց ԼՂՀ պաշտպանության բանակին։ Այս տարիներին միայն ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ.Քոչարյանի թվով 16 կարգադրությունների համաձայն բյուջեից կատարված հատկացումներին զուգահեռ բանակին էր հատկացվել 3 մլն 534 հազար 723 ԱՄՆ դոլար եւ 532 մլն դրամ։ Վերջիններս հիմնականում ձեւակերպված են եղել «հատուկ ծրագրեր» եւ «անհետաձգելի կարիքներ» անվան տակ։ Թե կոնկրետ ի՞նչ ծրագրերի եւ հատկացված գումարից որքա՞նն է ծախսվել դրանց իրագործման համար՝ այսօր դժվար է ասել։ 1996թ., երբ ԼՂՀ առաջնորդը Ռ.Քոչարյանն էր, այն ժամանակվա վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի 27.02 թիվ 59 կարգադրությամբ՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությանը գույք ձեռքբերելու համար հատկացվել էր, պատկերացրեք, 50 հազար դոլար։ Սրանք պետական միջոցների անխնա օգտագործման փաստերի մի չնչին մասն են միայն։ Ասել, թե այս բոլորին ԼՂՀ այն ժամանակվա իշխանություններն անտեղյակ են եղել՝ միամտություն է։ Իհարկե, քաջատեղյակ աղբյուրները վստահեցնում են, թե վերը հիշատակված փաստերը չէին, որ Ս.Բաբայանին դարձրել էին Ղարաբաղի ամենահարուստ անձանցից մեկը։ Այս իմաստով անհամեմատ ավելի մեծ նշանակություն է ունեցել 94-ին «Արաքս-94» ՍՊԸ-ի գործունեությունը, որի մասին բազմիցս գրվել է եւ դեռ կգրվի։ Ըստ որոշ տեղեկությունների, այս ընկերությունը ստեղծվել էր պատերազմի ժամանակ Ղարաբաղում կուտակված մետաղն արտահանելու եւ Ղարաբաղի պետական բյուջեն համալրելու նպատակով։ Սակայն այս ձեռնարկությունը, որի շրջանառությունը միայն 1996-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կազմել է 3.4 մլն դոլար, ըստ էության, իր նպատակին չէր ծառայել։ Միաժամանակ այն սկսել էր ներմուծել խմիչք ու ծխախոտ, որն արդյունքում հայտնվել էր Հայաստանի շուկաներում։ Ս.Բաբայանն ու Ռ.Քոչարյանն այդ ձեռնարկությունը ծառայեցրել էին այլ նպատակով։ Մինչդեռ Ղարաբաղի բյուջեն դրա հաշվին, ըստ էության, չի համալրվել։ Մի խոսքով, միանշանակ է, որ բոլորը պետք է պատժվեն իրենց հանցագործությունների համար։ Սակայն ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է դատի՝ հարցադրումը մնում է բաց։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել