Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 27,2000 00:00

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Գուրգեն Եղիազարյանի այս խոսքը ԱԺ նախագահի հոժարակամ հրաժարականի առաջին արձագանքներից մեկն էր։ Եթե արժանապատվորեն հեռանալն արվեստ է՝ Արմեն Խաչատրյանի երեկվա պահվածքն ապացույց էր, որ նա չի տիրապետում այդ արվեստին։ Ո՞վ էր ճնշել ԱԺ նախագահին Արդեն գաղտնիք չէ՝ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը հաստատեց «Առավոտի» տեղեկությունները, որ մինչեւ ԱԺ նիստի սկսվելն իրենք Արմեն Խաչատրյանին էին ներկայացրել նրա պաշտոնանկության նախաձեռնությանը միացած պատգամավորների ստորագրությունները։ Ըստ Գալուստ Սահակյանի՝ 67-ն էին ստորագրել։ Դեմքը փրկելու կամ գուցե իր առջեւ արդեն իսկ փակված դուռը շրխկացնելու փորձի էր նման Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, որ արվեց վաղ առավոտյան։ Խնդիրը ոչ միայն այն էր, որ նա հոժարակամ հրաժարական ներկայացրեց, ինչի հնարավորությունն իսկ մերժում էր հազիվ 12 ժամ առաջ, այլ՝ թե ինչպես նա դա արեց։ Հրաժարականն այսպես պատճառաբանեց. «Մեր խորհրդարանում ձեւավորվում է քաղաքական ուժերի նոր դասավորություն. տարբեր խմբակցություններ համագործակցության միտումով ստեղծում են քաղաքական նոր քարտեզ։ Ինքս այդ մեծամասնության ներկայացուցիչը չեմ»։ Մինչդեռ նախորդ օրը հայտարարել էր, թե խմբակցությունների համագործակցության հետեւանքով փոխված «քաղաքական աշխարհագրությունը» ԱԺ նախագահի հրաժարականի պատճառ չէ։ Նախորդ օրը որեւէ հիմնավոր պատճառ չէր տեսնում իր հրաժարականի համար. 12 ժամ անց սկսել խոսել կառավարություն-ԱԺ համագործակցված եւ արդյունավետ աշխատանքի անհրաժեշտության մասին, որն անհնար է խորհրդարանի ներկա ճնշող, անառողջ մթնոլորտում, ուր գերիշխողը «հակադիր բեւեռային մոտեցումներն են»։ Բայց ձեւակերպումները մի կողմ՝ ՀԺԿ քարտուղարը հարկ չէր համարել անգամ ակնարկել կուսակիցներին իր մտադրությունների փոփոխման մասին։ Եվ նրանք կատարյալ անակնկալի եկան ու խուճապի մատնվեցին։ Ի՜նչ ենթադրություններ ասես, որ չհնչեցին, թե ինչու հանկարծ մտքափոխվեց Արմեն Խաչատրյանը, որին իրենք նախորդ գիշերն առոք-փառոք տուն էին ճանապարհել հաստատ մտադրությամբ, թե հաջորդ օրն իր համար կռիվ են տալու։ Նրան սկսեցին հրապարակավ կշտամբել, որ իր քայլը չի համաձայնեցրել ՀԺԿ-ի քաղաքական խորհրդի եւ վարչության հետ։ Ստրասբուրգում դեսպան նշանակվելու «քաղցրաբլիթից» մինչեւ ահաբեկչության «մտրակի» վերաբերյալ ենթադրություններին զուգահեռ՝ ԱԺ նախագահին պաշտպանելու ելած կոմունիստներն ու ՀԺԿ-ականները անընդհատ խնդրում էին նրան անկեղծորեն ասել, թե ով է իրեն ստիպել, ճնշել («Էդ ի՜նչ ճնշման մասին է խոսքը. ատրճանա՞կ են դրել քունքին»,- իր ելույթում հեգնեց Ֆիլարետ Բերիկյանը)։ Եվ չնայած ՀԺԿ-ական պատգամավորներն արդեն իսկ հրապարակել էին, որ Անդրանիկ Մարգարյանն էր նրան առաջարկել հրաժարական տալ՝ Արմեն Խաչատրյանը մինչեւ վերջ էլ չտվեց վարչապետի անունը։ Նախ հպարտությամբ հայտարարում էր. «Ոչ ոք չի կարող ինձ վրա ճնշում գործադրել»։ Ամփոփիչ ելույթից էլ պարզ դարձավ, որ նրան ճնշում էր գերազանցապես մամուլը։ Հարված թիկունքից ԱԺ նախագահի հրաժարականի վերաբերյալ շուրջ 30 ելույթներից ամենակտրուկ, սուր եւ դաժան որակումները… ՀԺԿ պատգամավորներինն էին։ Իհարկե, ինչպես նրանք, այնպես էլ կոմունիստները նաեւ կատարվածը «պետական հեղաշրջման փորձ» էին որակում, կամ «հոկտեմբերի 27-ի շարունակություն», բայց օրեցօր արժեզրկվող այդ ձեւակերպումներից ավելի հատու էին հնչում Արմեն Խաչատրյանի հասցեին մեղադրանքները։ «ԱԺ նախագահն այսօր վախկո՛տ գտնվեց»,- ասաց Մանուկ Գասպարյանը։ Գուրգեն Եղիազարյանն իր գնահատականների հիմք դարձնելով այն, որ ԱԺ նախագահին «մի թեթեւ կաշառք» է առաջարկվել՝ ասաց, որ այն «ավելի թանկ էր ու հարազատ, քան թե մենք բոլորս, որ նրա հետ միասին պլաններ էինք մշակում, թե իրեն ինչպես պաշտպանենք։ Մի մարդու, որ ընդհանրապես չի ուզում պաշտպանվել՝ ոչ մեկի՛ց»։ Ռոբերտ Ենգոյանն Արմեն Խաչատրյանին մեղադրեց, թե անհրաժեշտ մակարդակով չի աշխատել։ Եվ ափսոսաց, որ ՀԺԿ-ն այդ հարցն ինքը արծարծեց։ Արամայիս Բարսեղյանը կուսակցության անունից դատապարտեց ԱԺ նախագահի այս քայլը։ Վանյա Հովհաննիսյանն այն «ահավոր սխալ» անվանեց։ … ՀԺԿ-ականները խոստանում էին, թե երկու շաբաթ անց իրենք կպարտադրեն, որ Արմեն Խաչատրյանը հեռանա, բայց չէին ցանկանում, որ նա հեռանա ՀՀԿ-ի պարտադրանքով։ «է՜հ, Տեր Աստված» Առավոտյան արված իր հայտարարությունից հազիվ մեկ ժամ անց էր Արմեն Խաչատրյանը փոխել իր ձեւակերպումների շեշտադրությունները։ Արդեն իր քայլը ոչ թե հրաժարական էր անվանում, այլ ԱԺ-ին ներկայացված «վստահության խնդիր»։ Բայց այն, ինչ սկսվեց հետո, երբ ԱԺ նախագահի հրաժարականի մասին հարցը փակ քվեարկությամբ հավաքեց 63 «կողմ», 31 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ՝ զավեշտի վերածեց այս ամենը։ Սակայն չենք ցանկանում վերաշարադրել իրավաբանական տարտամ բանավեճերը։ Կարեւորն այլ է՝ մի՞թե վերացել էին հրաժարականի պատճառները։ «Երբեք այս աթոռն ինձ համար ավելի գերակայելի չէ, քան ԱԺ-ի նորմալ մթնոլորտը»,- եթե սոսկ կեցվածք ու դատարկ ֆրազ չէր Արմեն Խաչատրյանի այս բազմակի հավաստիացումը՝ պիտի պնդեր իր հրաժարականը։ Մանավանդ որ քվեարկության արդյունքներն ապացուցեցին՝ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը նրա կողմնակիցը չէ։ Ընդ որում, իր համառելն ավելի լարեց մթնոլորտը։ Եթե մինչ այդ հանրապետականները նրան անգամ շնորհակալություն էին հայտնում գործունեության համար, այժմ անգամ վիրավորանքներ հնչեցին։ «Ի՞նչ արժե մի ամիս կյանք ձգելը»,- իր պաշտոնանկության նախաձեռնությունը ՍԴ-ով անցկացնելու առնչությամբ մինչ քվեարկությունն ասում էր ԱԺ նախագահը։ Գուցե այժմ իրոք Արմեն Խաչատրյանը մեկ ամիս էլ մնա այդ աթոռում՝ եթե նրա պաշտոնանկությունը նախաձեռնողները գնան ՍԴ-ից եզրակացություն ստանալու ճանապարհով։ Բայց թույլ տանք մի կանխատեսում անել, որ ամեն ինչ շատ ավելի կարճ կտեւի եւ շրջանառության մեջ կդրվեն հավաքված ստորագրությունները։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել