Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 27,2000 00:00

ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԻ ՓՈՒՇԸ Վերջերս լուրջ հավակնություններով աչքի է ընկնում ԱԺ պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը, գերազանցելով «երկու օրում երեք հարցազրույց» ռեկորդը։ Ողջունելի է պարոն Եղիազարյանի ձգտումը՝ պատասխան գտնել հայ հասարակությանը հուզող բոլոր հարցերին՝ Սովետական Միության փլուզման պատճառներից մինչեւ հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպիչների բացահայտումը։ Անշուշտ, այն բարձունքը, որին Գ. Եղիազարյանը ինքն իրեն բարձրացնում է, այն պատասխանատվությունը, որն ինքն իր վրա է վերցնում՝ ցնցելով ժողովրդի գիտակցությունը աննախադեպ բացահայտումներով, ստիպում է ավելի քան նրբանկատ լինել այդ անձի նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ հարգելով ամեն մի անձի ազատ ինքնարտահայտման եւ ինքնազմայլման իրավունքը, չէի անդրադառնա սույն պարոնի առատ դատողություններին։ Բայց ստիպված եմ. սեփական աչքի մեջ գերանը անտեսողներին պետք է նվիրել այդ գերանի մեծ չափսի լուսանկարը… Սակայն հերթականությամբ։ 1. Ըստ Գ. Եղիազարյանի, ԽՍՀՄ փլուզման պատճառներից մեկը ամերիկյան գաղտնի ծառայությունների ցանկությունն էր՝ վաճառել այս հսկա շուկայում թուրքական թունավոր լվացքի փոշին։ Այդ նպատակով կազմակերպվեցին Սումգայիթի ջարդերը, որպեսզի ոչնչացվի այդ քաղաքի հզոր քիմիական արդյունաբերությունը։ Գ. Եղիազարյանը պնդում է նաեւ, որ Արեւմուտքը Հայաստան էր ներկրում մեծ քանակի ժամկետանց եւ երկար եփվող լոբի, որպեսզի արագ սպառվեն մեր երկրի փայտի պաշարները։ Ասում են, որ առաջին հայացքից բարդագույն հարցերի պատասխանները միշտ անսպասելի պարզունակ են։ Կարեւորը այստեղ գյուտի հեղինակի ներքին համոզվածությունն է։ Այսպես, անապատների քոչվոր որսորդ-բեդվինները համոզված են, որ Աստված պարգեւել է այծեղջերուներին սպիտակ պոչ՝ միայն նրա համար, որպեսզի հրացանով նշանը մթնշաղին հեշտ բռնվի։ Ներելի է, որովհետեւ բեդվինները դպրոց չեն հաճախել, կենսաբանություն չեն անցել։ Սակայն սարսափում եմ, երբ հիշում եմ, որ ժամկետանց լոբու մասնագետը 1994- 1995թթ. զբաղեցնում էր Ազգային անվտանգության պետական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Սարսափում եմ այն մտքից, որ այդ մարդու հույժ գաղտնի զեկուցագրերը կարող էին հայտնվել երկրի ղեկավարների սեղաններին եւ որոշ գործողությունների կամ որոշումների հիմք դառնալ: 2. Որեւէ անհանգստություն չի պատճառում նաեւ պատգամավորի մոտ հանկարծ արթնացած ջերմագույն սերը առ երկրի իշխանություններ, նրբագույն քծնանքը առ երկրի նախագահ։ Նախ, ամեն մի ղեկավար կարիք ունի ոչ միայն քննադատության, այլ նաեւ գովասանքի խոսքերի, ղեկավարի հանդեպ pro եւ contra-ի ճիշտ հարաբերակցությունը ստեղծում է այն մթնոլորտը, որը թույլ է տալիս իշխանություններին ճիշտ գնահատել հասարակական կարծիքը եւ հետեւություններ անել։ Եվ, ուրեմն, անպայման պետք է լինեն մարդիկ, որոնք քծնում են անվերջ եւ միայն գործող իշխանավորներին։ Կարծում եմ, այդպիսին է Գուրգեն Եղիազարյանը։ Ուղղափառ կոմունիստ էր, կասկածի տակ չէր դնում երկրի համակարգը եւ դեռ այն ժամանակ արժանացավ Ապարանի միլպետի պաշտոնին։ 90-ին պատռեց կուստոմսը, շնորհիվ քծնանքի՝ առ Վազգեն Մանուկյան, տեղափոխվեց Երեւանի Սպանդարյանի շրջանի միլպետի պաշտոնի։ Իր նախկին գործընկերների վկայությամբ, ՆԳՆ կոլեգիաներում աննախադեպ ակտիվությամբ ջախջախիչ քննադատության էր ենթարկում սովետական ժամանակաշրջանը (եւ նույն Կարեն Դեմիրճյանին, որի գլխավորած կուսակցությունը անցավ անցյալ տարվա ընտրությունների նախաշեմին)։ Բնականաբար, 1991-ին «քցեց» Վ. Մանուկյանին եւ անցավ ՀՀՇ դրոշի տակ։ Ղեկավարում է ՆԳՆ 7-րդ վարչությունը (արտաքին հետախուզում)։ Ոստիկանության սպաների վկայությամբ, այդ վարչության պատմության մեջ առաջին անգամ հենց Գ. Եղիազարյանն էր, որ ձախողեց վարչության աշխատակիցների օպերացիան, այսինքն՝ նախօրոք իր մտերմագույն ընկերոջը զգուշացրեց կատարվելիք գործողությունների մասին եւ, փաստորեն, բացահայտեց վարչության աշխատակիցներին (խոսքը ժամանակին աղմուկ հանած «51 մլն» գործի մասին է, որի չբացահայտման պատճառը հենց Գուրգենն էր)։ Երեւի այդ եւ այլ «լավությունների» շնորհիվ է, որ սույն ազնվագույն պարոնը, մի քանի տարի գործ չունենալով, բնակվում էր շքեղ ամառանոցում եւ վայելում անձնական վարորդով անձնական «Ջիպը»։ Բացի քծնելու մեծ ունակություններից, Գ. Եղիազարյանը ուներ նաեւ այլ մեծ առավելություն՝ նա Դ. Շահնազարյանի մոտ ազգականն է եւ վերջինիս ԱԱՊՎ պետ նշանակվելուց հետո, բազմեց պետի առաջին տեղակալի աթոռին։ Այն ժամանակ լիովին կիսելով իշխանությունների քաղաքական գիծը, լծվեց «Դրոյի» գործի բացահայտմանը։ Անձամբ էր ղեկավարում գործողությունները, անձամբ Օդեսա մեկնեց եւ վերադարձավ Արմենակ Մնջոյանի հետ (պահպանվել է նույնիսկ «Լրաբերի» ռեպորտաժը օդանավակայանից եւ Գ. Եղիազարյանի խոսքը)։ 95-ին Դ. Շահնազարյանին այդ պաշտոնում փոխարինած Ս. Սարգսյանը Գ. Եղիազարյանին հեռացրեց համակարգից։ Երկար կուռք փնտրելուց հետո նախկին միլիցիոները կանգ առավ Կարեն Դեմիրճյանի վրա։ ՀԺԿ-ի ցուցակներով դարձավ պատգամավոր։ Բայց այսօր Դեմիրճյանն էլ չկա։ Իսկ պաշտամունքը պետք է անպայման շուռ գա այլ կուռքի վրա։ Ինչը եւ տեսնում ենք։ Կրկնում եմ, զարմանալի ոչինչ չկա… 3. Տխուր եզրակացությունների ես հանգում, երբ կարդում ես Եղիազարյանի ցինիկ արտահայտությունները մի մարդու նկատմամբ, որն այսօր ոչ պաշտպանվելու, ոչ պատասխանելու հնարավորություն ունի։ Ժամանակին, ինչպես բոլոր ստորադասները, փոխգնդապետ Գ. Եղիազարյանը Վ. Սիրադեղյանին «պարոն նախարար»-ով էր դիմում, երբ Վանոն արժանացնում էր այս փոխգնդապետին ընդունելության, պայծառացած դուրս էր գալիս կաբինետից… Բայց այսօր կուռքերը փոխվել են։ Չեմ բացառում, որ փոխգնդապետը նախարարից դժգոհելու առիթ ունի (ծառայությունը ծառայություն է, իսկ Վանոն հակասական կերպար է)։ Բայց նույն լուտանքը ժամկետանց լոբու մասնագետը կարող էր թափել Վանոյի վրա երկու տարի առաջ կամ մեկ տարի առաջ, երբ միասին ԱԺ-ի մի դահլիճում էին նստում։ Բայց չէ, սպասեց, որ Վանոյի նույնիսկ շողքը անհետանա Հայաստանից։ 4. Ինձ վիրավորեցին եւ զայրացրին սույն պարոնի արտահայտությունները այն կուսակցության հասցեին, որին պատիվ (կամ դժբախտություն՝ ճաշակին ընկեր չկա) ունեմ անդամակցելու։ «ՀՀՇ-ական սրիկաների կուռ խումբ», «մարդասպանների բանդա» եւ այլն։ Սրիկա եւ մարդասպան չէի, չեմ, չեմ լինի, ինչպես նաեւ իմ հարյուրավոր ընկերները, որոնց մեծ մասը անգործ, անփող, լքված, արհամարհված հասարակության լայն շերտերի կողմից, շարունակում են հավատալ 88-ի Շարժման ազնիվ գաղափարներին։ Բայց չէ՞ որ «Գուրգեն Եղիազարյան» տեսակն էր, որ ձեւանալով անկախ պետականության եւ ազատության կողմնակիցը, որեւէ պարտավորություն չունենալով ժողովրդի եւ պետության նկատմամբ, հանգիստ հարստանում էր պետության եւ ժողովրդի հաշվին՝ ՀՀՇ-ի անվան տակ։ Ուրեմն, կխնդրեի պարոն Եղիազարյանին այլեւս մոռանալ ՀՀՇ բառը։ Թող այդ կուսակցությանը հայհոյեն Գեղամյանն ու Արկադի Վարդանյանը, գործազուրկ բանվորը ու անջուր գյուղացին, բայց ոչ ՀՀՇ-ի կերակրատաշտակից իր փայը փախցրած լաքեյը։ 5. Գ. Եղիազարյանին լավ ճանաչող մարդիկ ասում են, որ այս ակտիվության պատճառը ոչ ինքնահաստատումն է, ոչ էլ՝ սկզբունքները։ Պատճառը ավելի քան պարզ է։ Գուրգենը գործ է ուզում։ Հրապարակային քծնանք առ իշխանություն, Վանոյի եւ ՀՀՇ-ի հասցեին որոշ գործիչների եւ հասարակության ոչ փոքր շերտի քիմքը շոյող հայհոյանքները, գերագույն դատավորի կեցվածքը 27-ի սպանդի մասին խոսելիս՝ այս ամենը պաշտոն ուզելու ազդակներ են։ Բայց ապարդյուն են այս խորամանկությունները։ Ոչ բոլորն են տառապում ամնեզիայով (հիշողության կորստով)։ Ռ. Քոչարյանը պաշտոն զբաղեցնելու «դաբրո» չի տա, որովհետեւ Գուրգենը Դ. Շահնազարյանի ազգականն է։ Սերժ Սարգսյանն էլ «դաբրո» չի տա հենց նույն պատճառով։ Դաշնակցությունը «դաբրո» չի տա, որովհետեւ ՀՅԴ գործունեության կասեցման եւ «Դրոյի» բացահայտման գործում Գուրգենը ամենաակտիվ մասնակիցն էր։ ՀԺԿ-ի «դաբրոն», բացի վնասից, այսօր ոչինչ չի տա։ Ու կստացվի այնպես, որ Գուրգեն Եղիազարյանի ճիգերը լոկ սիզիֆյան աշխատանք էր։ Քարն իր տեղը կմնա, սարն՝ իր տեղը, գերանն էլ՝ նույն աչքի մեջ։ Թող հետո էլ նա փորձի բացատրել, որ այս մեծ չափսի լուսանկարում պատկերված գերանը ընդամենը օպտիկական խաբկանք է։ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀՀՇ անդամ 1998 թ. սեպտեմբերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել