Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵՆՔԸ ԴԵՌ ԿՐԱԿՈՒՄ Է ՕԼԵԳ ՊԱՆՖԻԼՈՎԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ «ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐ

Հոկտեմբեր 31,2000 00:00

31october 2000 ԽՃԱՆԿԱՐ ԶԵՆՔԸ ԴԵՌ ԿՐԱԿՈՒՄ Է Ինչպես հայտնում է HTB հեռուստաընկերությունը՝ Հայաստանի ՆԳՆ աշխատակիցները իրականացրել են հատուկ հանցագործի չեզոքացման օպերացիա։ Ռեցիդիվիստ Կամո Գոլոսյանը համագյուղացու սպանության կասկածանքով գտնվում է հետախուզման մեջ։ Երեքշաբաթյա անարդյունք փնտրտուքից հետո ոստիկաններին վերջապես հայտնի դարձավ, որ զինված հանցագործը թաքնվում է Կորնիձոր գյուղում։ Գյուղը շրջապատված է եղել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։ Լուսադեմին պարզվել է, որ հանցագործը պատանդ է վերցրել ծեր կնոջ եւ մանկահասակ երեխաների։ Ի պատասխան ոստիկանների հանձնվելու պահանջների՝ հետեւում էր Գոլոսյանի ավտոմատի կրակահերթը։ Միայն լուսադեմին, երբ հանցագործը վիրավորվել էր, կնոջն ու երեխաներին հաջողվեց թողնել շրջապատված տունը։ Հանցագործը դեռ մի քանի ժամ շարունակում էր դիմադրել, մինչեւ նշանառուի կրակոցը վերջ դրեց նրա կյանքին։ Օպերացիայի ղեկավարման պրոֆեսիոնալիզմի շնորհիվ գյուղի բնակիչներից եւ օպերներից ոչ ոք չտուժեց։ Հանցագործի դիակի կողքին հայտնաբերվեց AK-74 տեսակի ավտոմատ, 7 փամփշտակալ եւ մոտ 60 փամփուշտ։ Գոլոսյանը Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների մասնակից է եղել, սակայն պատերազմից հետո զենքը չի հանձնել։ ՕԼԵԳ ՊԱՆՖԻԼՈՎԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Մոսկվայի էքստրեմալ լրագրողական կենտրոնի տնօրեն Օլեգ Պանֆիլովը (ՌԴ ժուռնալիստների միության անդամ, 17 գրքի հեղինակ) երկու օր առաջ լինելով Ստեփանակերտում, հանդիպել է նաեւ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանի հետ։ Դուրս գալով դատավորի աշխատասենյակից, նա զարմացած էր, թե «ինչպես կարող է գոյություն չունեցող պետության քրեական օրենսգրքերով առաջնորդվել եւ դատավարություն անել»։ Հիշեցնենք, որ մարտի 22-ի ահաբեկչության դատաքննության ժամանակ կողմերը առաջնորդվում են ՀԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ քր. եւ քրդատ օրենսգրքերով։ Սեփ. լր. «ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ» Զինդատախազը վերջապես պարզաբանեց, թե ինչու գարնանը հրաժարական ներկայացրեց նախագահին. «Ամեն ինչ խիստ կենտրոնացվել էր իմ անձի եւ նախաքննական մարմնի շուրջ եւ ես փորձեցի այդ միջոցով լիցքաթափել մթնոլորտը, որ քաղաքական զարգացումները չկապեին Ջհանգիրյանի հերթական ասուլիսների հետ։ Խնդիրը սա էր, որ թույլ տային մենք հանգիստ, գոնե հանդուրժողական մթնոլորտում այս գործի նախաքննությունը շարունակենք եւ ավարտենք»։ Ա. Ի ՆԱԽԿԻՆ ԿՈՂՄՆԱԿԻՑԸ «Առավոտում» հրապարակվել էր մի լուր, թե Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելու առաջարկն ու համոզելու առաքելությունը զինդատախազինն են եղել։ Այս առնչությամբ Գագիկ Ջհանգիրյանն ասաց. «Այդ գաղափարին ես էլ եմ կողմ եղել։ Ամեն ինչ արել եմ մեր համախոհներին այդ հարցում համոզելու համար։ Նշանակման գաղափարը գոնե ինձ համար հիմնավորել եմ հետեւյալ երկու հանգամանքով. նախ, որ Արամ Սարգսյանին այդ պաշտոնին նշանակելը երկիրը հեռու կպահի ցնցումներից (չեմ ուզում այսօր ասել՝ նույնիսկ քաղաքացիական պատերազմից)։ Եվ երկրորդը. քաղաքական տեսակետից, եթե Արամ Սարգսյանի նշանակման հանգամանքը ճիշտ օգտագործվեր՝ կպահպանվեր «Միասնություն» դաշինքը։ Չեմ ժխտում, որ իմ այս դատողությունների ճշմարտացիությունը փորձել եմ համոզել նաեւ Արամ Սարգսյանին»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել