Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00 Share

ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԻՆ ՀԱՎԱՏԱ՞Մ, ԹԵ՞… Մամուլի ազգային ակումբի հյուրը Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանն էր։ Քաղաքապետի այս հանդիպումը տեղեկատվությամբ առանձնապես աչքի չէր ընկնում։ Նույն՝ հին ասվածների ու մեկնաբանությունների կրկնությունն էր։ Աշոտ Մանուչարյանի հայտարարությունների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բուն հեղինակների, պատվիրատուների մասին վարկածը Ա. Բազեյանը, որպես ամենալրջագույն վարկած, չի կարող ընդունել։ Նշեց, որ կարելի է դիտարկել որպես վարկած, բայց «դա ընդունել որպես միակ եւ ամենաճիշտ վարկածը այդ հանցագործության կազմակերպման՝ ես չեմ կարող դա ընդունել հետեւյալ պատճառներով։ Կան 5 հոգի անմիջական ձերբակալված հանցագործներ. նրանք, ի վերջո, պետք է խոսե՞ն, թե՞ ոչ։ Հանուն ինչի են նրանք պաշտպանելու այն օտարերկրյա գործակալների կամ մեծությունների շահերը, եթե համոզված լինեն, որ նրանք խստագույնս պատիժ են կրելու դատարանում»։ Փոքր-ինչ միամիտ հնչեց նաեւ այն, որ հրապարակային դատաքննությունը թույլ կտա հանցագործությունը բացահայտել։ Ա. Բազեյանը հերքեց, որ իր «մասնակցությամբ որեւէ քննարկում որեւէ ատյանում չի եղել Մեղրիի փոխանակման տարբերակի շուրջ։ Գուցե այդպիսի քննարկումներ եղել են, բայց իմ մասնակցությամբ չեն եղել»։ ՀՀ նախագահի հետ հանդիպման հնարավորությունից օգտվելով Ա. Բազեյանը փորձել է պարզաբանել նախագահի դիրքորոշումն այդ հարցի հետ կապված։ «Նախագահն ասել է, որ այո՛, եռանախագահողների կողմից եղել է այդպիսի առաջարկ, որը քննարկվել է եւ մերժվել մեր կողմից։ Ես հիմա երկրի նախագահի խոսքին հավատա՞մ, թե՞ լուրերին»,- հարցով պատասխանեց Ա. Բազեյանը։ Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի՝ Մեղրիի փոխանակման տարբերակի մասին հայտարարությունների մասին խոսելիս՝ պրն Բազեյանը հակասեց ինքն իրեն. «Ես Արամ Սարգսյանին ազնիվ մարդ եմ համարում, հարգում եմ նրան, եւ, եթե նա ասում է, որ այդ հարցի շուրջ եղել են քննարկումներ, ես չեմ կարող չենթադրել, որ այո՛, եղել են այդպիսի քննարկումներ… Արամ Սարգսյանն, այո՛, մեզ հետ խոսել է. նաեւ հանրապետական կուսակցության խորհրդի անդամների, նաեւ ինձ հետ, որ նման հարցի շուրջ քննարկումներ են ծավալվում»։ Պրն Բազեյանը սա ասաց եւ ավելացրեց. «Ի սկզբանե մերժվել է այդ տարբերակը»։ Բայց ասաց՝ ուշադրություն չի դարձրել մինչեւ հոկտեմբերի 27-ն է՞ քննարկվել Մեղրիի փոխանակման տարբերակը, թե՞ հետո։ Ա. Բազեյանը կրկնեց, որ Անվտանգության խորհրդի որեւէ նիստում, իր մասնակցությամբ չի քննարկվել Մեղրիի հարցը։ Քաղաքապետը այս հանդիպման ընթացքում երկու ինֆորմացիա տվեց. մեկ՝ որ նոյեմբերի 17-ին, ժամը 12։00-ին Դավիթաշենի կամուրջի փորձարկումն է լինելու, եւ երկրորդ՝ որ երկու օր առաջ քաղաքապետարանում, ուշ երեկոյան, ժամը 11-12։20-ը իր աշխատասենյակում զրուցել է Աշոտ Մանուչարյանի հետ։ Այդ զրույցի բովանդակությունը պատրաստ է ասել ե՛ւ հասարակությանը, ե՛ւ նախագահին, ե՛ւ Գ. Ջհանգիրյանին։ Ա. Մանուչարյանի ասածները Ա. Բազեյանը որակեց իբրեւ «Ա. Մանուչարյանի տրամաբանական վերլուծության արդյունք, եզրակացություն»։ Ա. Բազեյանն ասաց. «Ա. Մանուչարյանի եզրակացություններից մեկն էլ այն էր, որ ինչո՞ւ ՀՀ նախագահը ժամանակին հայտարարեց, որ այս 5 հոգին են հանցագործությունն իրականացնողները եւ որեւէ մի թաղային տեսուչ կարող է այդ հանցագործությունը բացահայտել։ Չպետք է այդպիսի հայտարարություն արվեր, որը գուցեեւ քննչական խմբին ուղղորդելու փորձ էր։ Իր (Մանուչարյանի- Ս. Ս.) տրամաբանությունն եմ ասում եւ եզրակացությունները։ … Ես հարց տվեցի՝ իսկ ինչո՞ւ այս ամենը չեք փորձում նախաքննությունն իրականացնող մարմնին թելադրել, Ջհանգիրյանին, որպեսզի որպես վարկած նրանք վերցնեն, փորձեն այդ ուղղությամբ գնալ։ Պրն Մանուչարյանի մոտեցումն այն էր, որ, ցավոք, Ջհանգիրյանն այս ընթացքում փորձեց օգտագործելով հոկտեմբերի 27-ի դեպքը եւ այդ դեպքի հետ կապված իր իրավասությունները՝ ինչ-որ մի բան պոկել ՀՀ նախագահից՝ պաշտոն, ասենք թե…»։ Ա. Բազեյանը միշտ շեշտում էր, որ ինքը չի ասել, այլ Մանուչարյանը, որը նույնն է, թե չի կիսում այդ կարծիքը։ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններին Ա. Բազեյանը բացասական է վերաբերվում. «Որովհետեւ արտահերթ ընտրություններ տեղի են ունենում միայն վատ վիճակում գտնվող երկրներում… Ինչ ունենք՝ դա էլ ունենք, վատ է, լավ է՝ մեր Ազգային ժողովն է։ Մեր հասարակությունն այսօր անորոշության մեջ է, պատրաստ չէ գնալ ընտրությունների եւ գնում է անհայտ մարդկանց հետեւից՝ Արկադի Վարդանյանի փորձը դա ցույց տվեց…»։ Ըստ պրն Բազեյանի, փաստորեն, մեր երկիրը լավ վիճակում է եւ ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունների մասին ճիշտ չէ մտածել։ Եթե Ա. Բազեյանի սույն կարծիքին ավելացնենք վերոնշյալ հարցը՝ «ես հիմա երկրի նախագահի խոսքին հավատա՞մ, թե՞ լուրերին», կստացվի, որ Ալբերտ Բազեյանը կամ երկընտրանքի մեջ է հավատալու հարցում, կամ արդեն հավատում է Ռ. Քոչարյանին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930