Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը միայն երեկ է իր ենթականերին հանձնարարել, որ բուհերից պահանջեն ոսկե մեդա

Փետրվար 06,2001 00:00

ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՆ ԿԱՍԿԱԾՈՂ ԿԱ՞ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը միայն երեկ է իր ենթականերին հանձնարարել, որ բուհերից պահանջեն ոսկե մեդալակրի արտոնությամբ ուսանող դարձածների կիսամյակային քննությունների արդյունքները։ Բայց սա ամենեւին չէր խանգարում, որպեսզի Ազգային հեռուստատեսությանը շաբաթ օրը տված հարցազրույցում, ի պատասխան լրագրողի հարցի, հայտարարեր, թե իր հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ արդյունքները եւ առաջիկա մի քանի օրում դրանք կամփոփեն ու կհրապարակեն։ ԿԳ նախարարը շատ ավելի վաղ է բուհերի ռեկտորներին հանձնարարել, որ այդ արդյունքները ներկայացնեն։ Սակայն ռեկտորները անարձագանք են թողել այս հանձնարարականը։ Եվ Էդուարդ Ղազարյանին էլ հավանաբար միայն լրագրողի հարցը ստիպեց հիշել, որ նման մտադրություն են ունեցել։ Ու թեեւ նա արդյունքներին դեռ ծանոթ չէ՝ հրապարակավ հայտարարեց, թե համոզված է, որ ոսկե մեդալակիրները փայլուն են հանձնել բուհերի կիսամյակային քննությունները։ Ավելին, արդարադատության նախարարության գրանցմանը ներկայացված՝ բուհերի 2001թ. ընդունելության կանոններում, որը նախարարի ստորագրությամբ վավերացվել է մոտ երկու շաբաթ առաջ, մեդալակիրներին տրվող արտոնությունը պահպանվել է։ Արդարադատության նախարարությունը մինչ օրս չի գրանցել ընդունելության կանոնները՝ որոշ կետերի առնչությամբ տարաձայնություններ ունենալով։ Սակայն դրանք ոսկե մեդալի արտոնությանը չեն առնչվում։ Այսինքն, ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը պարզապես դեմագոգիա է անում, երբ հավաստիացնում է, թե ոսկե մեդալակիր ուսանողների հանձնած ընթացիկ քննությունների արդյունքների ամփոփումը կորոշի՝ արդարացրե՞ց իրեն մեդալակիրներին տրված արտոնությունը եւ արժե՞ այն այս տարի էլ կիրառել։ Չունենալով տվյալներ՝ նախարարը որոշումն արդեն կայացրել է։ Էդուարդ Ղազարյանի համոզվածությունը, թե մեդալակիրները փայլուն արդյունքներ են ցուցաբերել, ակամա փոխանցվում է մեզ, երբ հիշում ենք, թե ի՞նչ աստղաբույլ է սովորում հենց միայն ԵՊՀ-ի իրավաբանության ֆակուլտետում։ Այն իրենց ընտրությամբ պատվել են ՀՀ նախագահի, ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ֆիննախ Վարդան Խաչատրյանի եւ շատ այլ հայտնի դեմքերի զավակները։ Նաեւ դատախազների ու դատավորների որդիներ եւ զարմիկներ, ինչպես նաեւ գործարարների երեխաներ։ Ի դեպ, թվարկածների մի մասն է միայն ոսկե մեդալի արտոնությամբ ընդունվել։ Ոմանց դա չի հաջողվել ապահովել (ասենք՝ Հովիկ Աբրահամյանին), ոմանք էլ խուսափել են ավելորդ աղմուկից եւ մեդալակիրներին բաժին հասնող ուշադրությունից։ Թեպետ ստույգ տվյալները դեռ «Առավոտն» էլ չունի, բայց մեր տեղեկություններով այդ ուսանողները որքան հաջող ընդունվել են, այնպես հաջող էլ հանձնում են կիսամյակային քննությունները։ Փոխարենը խիստ լարված է ԿԳՆ-ի մթնոլորտը. նախարարության աշխատողները արդեն մի երկու ամիս սրտատրոփ սպասում են կառուցվածքային փոփոխությունների հետեւանքներին։ Չեն դիմացել գիտության վարչության պետի նյարդերը, որը հրաժարական է ներկայացրել։ ԿԳ նախարարը մտադիր է նրան փոխարինել իր մտերիմ մարդով՝ անցած ընդունելության քննություններին իրեն շատ լավ դրսեւորած հանձնաժողովի նախագահներից մեկով։ Ընդհանրապես, նկատելի է Էդուարդ Ղազարյանի ձգտումը՝ բոլոր վարչություններում իր մարդկանց տեղավորել։ Իսկ դուրս մնացածներին ուղարկում է տեսչություն՝ արհեստականորեն ուռճացնելով այս կառույցը։ Նախարարը կարողացավ փոխնախարարի պաշտոնում վերականգնել իր ընկերոջը՝ Ռոբերտ Զարգարյանին։ Իսկ մյուս փոխնախարարին՝ Վարդան Գրիգորյանին, հակառակն է սպառնում. նոր կառուցվածքով միավորված սփյուռքի եւ արտաքին հարաբերությունների վարչությունների պետի պաշտո՛նը կարող է դառնալ փոխնախարարինը, եթե ԿԳ նախարարը զգա, որ նրա դիրքերը ամուր չեն։ Իր դիրքերը նախարարը կարողացել է քիչ թե շատ ամրապնդել. թեեւ Էդուարդ Ղազարյանը ՀՀ վարչապետի սրտով չէ՝ ՀՀ նախագահը (ԵՊՀ ռեկտորի շնորհիվ) եւ Սերժ Սարգսյանը (նախարարի մյուս մտերիմ ընկերոջ՝ Վանիկ Զաքարյանի շնորհիվ) բարյացակամ են նրա նկատմամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել