Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոր սերնդի զարգացումը կասեցնող պատճառներից ամենամեծը հոգեւոր զարգացման խնդիրն է։ Երեխաները պետք է հա

Ապրիլ 13,2001 00:00

Գրքեր կարդալու ժամանակը Նոր սերնդի զարգացումը կասեցնող պատճառներից ամենամեծը հոգեւոր զարգացման խնդիրն է։ Երեխաները պետք է հաճախեն թատրոն, պատկերասրահ, լսեն դասական երաժշտություն եւ, երեւի թե, մի քիչ էլ գիրք կարդան։ Քանի որ նոր սերունդը ձեւավորվում է դպրոցում, ապա հոգեւոր ծարավը հագեցնելու անմիջական աղբյուր է հանդիսանում դպրոցի գրադարանը, որը խորհրդային շրջանում ապրած մարդկանց մեջ բարի հուշեր է արթնացնում։ Մեր իրականության մեջ դպրոցական գրադարանն այնքան էլ կարեւոր դեր չի խաղում։ Այն հիմնականում ծառայում է դասագրքեր ստանալուն եւ հանձնելուն, իսկ գեղարվեստական գրականության հերթը հասնում է միայն այն ժամանակ, երբ ուսուցիչը հանձնարարում է կարդալ այս կամ այն հեղինակի ստեղծագործությունը։ Գրադարանից չօգտվելուն նպաստում է նաեւ այն, որ գրքերը շատ մաշված ու հին են, նոր գրքեր չեն ստանում եւ, ինչպես ասաց աշակերտներից մեկը, «ինձ հետաքրքրում է ժամանակակից գրականությունը, բայց դպրոցը չունի գրադարանը թարմացնելու հնարավորություն։ Շատ լավ է, որ դասականներին կարդում ենք, բայց չէ՞ որ մենք շարժվում ենք առաջ եւ ժամանակի հետ գրականությունը նոր ձեւեր է ստանում»։ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 կրթահամալիրի գրադարանավարուհի Լյուդմիլա Պողոսյանը հայտնեց. «Ճիշտ է, հիմա աշակերտներն այդքան էլ չեն օգտվում գրադարանից, քանի որ ինֆորմացիա ստանում են հեռուստատեսությունից, բայց 20-30 աշակերտ, այնուամենայնիվ, հաճախում է։ Մեզ մոտ գրքերը լավ վիճակում են, անգամ ունենք 30-ական թվականներին հրատարակված գրքեր, որոնք լավ պահպանված են։ Գրադարանը համալրվում է բարերարների, աշակերտների եւ ծնողների նվիրատվությամբ։ Գրքեր ենք ստացել Օրենջ Քաունթի ամերիկահայ արհեստավարժների ընկերության կողմից»։ Թիվ 189 միջնակարգ դպրոցի գրադարանավարուհի Ռուզաննա Հարությունյանն ասաց. «Նոր լույս տեսած գրքեր չունենք, բայց մնացած գրքերը երեխաները խնամքով են օգտագործում։ Ամեն օր 10-15 աշակերտ է օգտվում գրադարանից։ Կարդում են ծրագրային գրականություն։ Վերջերս մի տարեց կին 100 գիրք նվիրեց դպրոցին»։ Իսկ թիվ 184 միջնակարգ դպրոցի գրադարանի վարիչ Արաքսյա Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջերս ձեռք բերված Վազգեն Սարգսյանի «Ոգու փորձությունը» բարձր դասարանի աշակերտների մեջ հետաքրքրություն է առաջացրել. «Առավել ակտիվ են ցածր դասարանի աշակերտները, որոնք հեքիաթներ եւ մանկական Աստվածաշունչ են ընթերցում»։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել